ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ


Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհների վերաբացման առեւտրա-տնտեսական հիմնախնդիրները

ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ ուսումնասիրութեան ամփոփագիր-23 յունիսի 2009 թ.
(Ամբողջութիւնը տեսնել Դաւիթ Լոքեանի հարցազրոյցի մէջ).


Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհների վերաբացման առեւտրա-տնտեսական հիմնախնդիրների առնչութեամբ ուսումնասիրութիւնների արդիւնքները ներկայացնում է ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Լոքեանը, որն ընթերցողների ուշադրութեանն ենք յանձնում մի քանի համարներով:
Յետխորհրդային շրջանում Հայաստան-Թուրքիա փոխյարաբերութիւնները սկսւեցին Հայաստանի անկախութիւնից անմիջապէս յետոյ Թուրքիայի կողմից Հայաստանի պետութեան ճանաչմամբ, սակայն Թուրքիան տարբեր պատճառներով մերժեց Հայաստանի հետ պաշտօնական դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել: Աւելին՝ 1993 թւականին Թուրքիան քաղաքական նկատառումներով փակեց Հայաստանի հետ իր սահմանները:
Հայ-թրքական սահմանի վերաբացումը յատկապէս վերջին մի քանի տարիների ընթացքում գտնւել է բազմաթիւ տնտեսագէտների ուշադրութեան կենտրոնում, ովքեր փորձել են գնահատել սահմանի վերաբացման ազդեցութիւնը՝ մի շարք տնտեսական ցուցանիշերի վրայ: Նման ուսումնասիրութիւն առաջին անգամ իրականացւել է Պոլիակովի կողմից 2000 թւականին1), որը կիրառել է ձգողականութեան մոդել:
Հետագայում Ֆրէյնկմանը, Պոլիակովն ու Ռեւենկօն2) կիրառել են առեւտրի բացութեան եւ ձգողականութեան մոդելները՝ հայկական առեւտրային հոսքերի եւ ՀՆԱ-ի (համախառն ներքին արդիւնք) վրայ Թուրքիայի հետ փակ սահմանի ազդեցութիւնը գնահատելու համար: Առեւտրի բացութեան մոդելի կիրառումից ստացւած արդիւնքները ցոյց են տալիս, որ փակ սահմանը զգալի ազդեցութիւն է ունեցել արտածումների եւ ՀՆԱ-ի վրայ:
Տնտեսական քաղաքականութեան եւ իրաւական հարցերով Հայ-եւրոպական խորհրդատւական կենտրոնը (AEPLAC) կիրառել է հաշւարկելի ընդհանուր հաւասարակշռութեան մոդելը՝3) սահմանի բացման ազդեցութիւնը ՀՆԱ-ի եւ առեւտրի հոսքերի վրայ գնահատելու համար: Ուսումնասիրութեան արդիւնքների համաձայն՝ սահմանի բացումը միջինժամկէտ հեռանկարում կը յանգեցնի արտածման 17.7%, ներածման 13.0% եւ իրական ՀՆԱ-ի 2.7% աճի:Հայ-թրքական սահմանի վերաբացման հետեւանքով առեւտրի հոսքերի ծաւալների աճի վերաբերեալ գնահատական է տրւել նաեւ Թորոսյանի, Գանգիձէի եւ Բէյլոքի4) կողմից, համաձայն որոնց՝ Թուրքիայից Հայաստան ներածումները կաճեն 50%-ով, իսկ Հայաստանից Թուրքիա արտածումները՝ 38%-ով:
2006 թւականին հայ-թրքական սահմանի վերաբացման խնդրին անդրադարձել է նաեւ Բաղրամեանը5), որն իր աշխատութիւնում կիրառում է նախորդ վերլուծութիւններից տարբերւող մօտեցում: Նա ենթադրում է, թէ հայկական ու վրացական եւ թրքական ու իրանական սպառողները համապատասխանաբար ունեն նման նախապատւութիւններ:
Այս ենթադրութիւնը հնարաւորութիւն է տալիս գնահատել, թէ ինչ կը ներածեն հայկական սպառողները Թուրքիայից եւ, նմանապէս, թրքական սպառողները ինչ կը ներածեն Հայաստանից: Ուսումնասիրութեան արդիւնքները ցոյց են տալիս, որ Հայաստանի ընդհանուր ներածումները կաւելանան 4%-ով, իսկ ընդհանուր արտածումները՝ 4-12%-ով:
Այս աշխատանքի նպատակն է բացայայտել ու որակել սահմանի վերաբացման առեւտրա-տնտեսական հիմնախնդիրները եւ սահմանել դրանց առնչութեամբ Հայաստանի դիրքորոշման նախընտրելի ուղիները: Դիտարկւում են երկու երկրների տնտեսութեան հիմնական հատւածներն ու դրանց համեմատութիւնը, ինչպէս նաեւ ներածումների, արտածումների ու արտադրութեան վրայ ազդող կարգաւորումն ու դրանց համեմատութիւնը, եւ տրւում են բացայայտւած հիմնախնդիրների շուրջ եզրակացութիւններ ու առաջարկութիւններ:
Տնտեսապէս յարաբերականօրէն աւելի մեծ ներուժ ունեցող երկրի հետ ապագայ գործընկերութիւնը շահաւէտ դարձնելու համար՝ անհրաժեշտ է՝ շուկայի մատչելիութեան առնչութեամբ առնւազն հաւասար պայմանների հաստատում, ներքին արտադրողների մրցունակութեան ու արդիւնաւէտութեան բարձրացում եւ բաւարար խրախուսում ու ներքին շուկայի պաշտպանութեանն ուղղւած օրէնսդրութեան արդիւնաւէտ կիրառում:
Ուսումնասիրութեան համար տեղեկատւական հիմք են հանդիսացել Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) քարտուղարութեան առեւտրի քաղաքականութեան վերաբերեալ հաշւետւութիւններն ու անդամների պարտաւորութիւնների փաստաթղթերը, Համաշխարհային բանկի WITS6) եւ WDI7) տւեալներից հաւաքագրւած տւեալները, Եւրոպական յանձնաժողովի աշխատանքային փաստաթղթերը, Հայաստանի եւ Թուրքիայի պետական կառավարման մարմինների հաշւետւութիւնները, «Economist intelligence unit» հետազօտական եւ խորհրդատւական ընկերութեան, Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան (ՏՀԶԿ) եւ Տնտեսական քաղաքականութեան եւ իրաւական հարցերով հայ-եւրոպական խորհրդատւական կենտրոնի (AEPLAC) վերլուծական աշխատանքները եւ այլն:


__________________________________________________1) E. Polyakov, Changing trade patterns after conflict resolution in South Caucasus, World Bank paper, 20002) L. Freinkman, E. Polyakov, C. Revenvo, Armenia’s trade performance in 1995-2002 and the effect of closed borders: A cross-country perspective, Armeinan journal of public, 1(29, March 2004 pp. 185-212.3) AEPLAC, հայ-թրքական սահմանների վերաբացման տնտեսական հետեւանքները՝ Հայաստանի համար, ենթադրութիւններ՝ արտաքին առեւտրի վերաբերեալ, 2005 թ.4) K. Torosyan, A. Gangidze, R. Beilock, A phased strategy for opening Armenia’s Western Border, 20065) M. Baghramyan, Estimatimg the change in trade flows Armenia and Turkey if the border is open: Case study on Georgia-Turkey and Armenia-Iran trade, 20066) World integrated trade solution (Համաշխարհային միասնական առեւտրային գործիք)7) World development indicators (Համաշխարհային զարգացման ցուցանիշեր)
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻՑ

0 Պատգամ: