ԱՒԱԶԱՄՐՐԻԿԸ ՎԱՂՆ ԷԼ ԱՐՁԱԿԵՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԹԵՀՐԱՆԸ
Մէկ շաբաթ առաջւանից սկսած, Իրանում սաստիկ աւազամրրիկ է բարձրացել: Աւազամրրիկը որի ակունքը Սաուդական Արաբիայի ու Իրաքի անապատներն են, արդէն երէկ առաւօտից Թեհրան է հասել։ Նախապէս այդ խանգարեց հարաւային ու արեւմտեան նահանգների առօրեայ կեանքը։
Բնակիչները հարկադրւած են պաշտպանիչ դիմակներ կրել: Ճանապարհներին զրոյական տեսանելիութեան պատճառով՝ խցանումներ են առաջացել:
Աւազի ու փոշու ամպերը լուրջ վնաս են հասցրել բերքին: Երկրի իշխանութիւնները բնակիչներին խորհուրդ են տալիս իրենց տներից դուրս գալ միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում:
«Ֆարս» լրատու գործակալութեան համաձայն՝ Թեհրանի Օդի ապականման արտակարգ կոմիտէի հաստատումով՝ այսօրւանից մինչեւ 48 ժամ փակ են լինելու Թեհրանի նահանգի տարածքում գործող բոլոր ճարտարարւեստական կենտրոնները: Նաեւ այսօր փակ են Թեհրանի նահանգի բոլոր պետական եւ ուսումնական կենտրոնները:
Երկրի օդանաւորդական կազմակերպութեան խօսնակը յայտարարել է, որ երկրում աւազմարրիկի շարունակւելու պատճառով՝ շատ ներքին թռիչքներ երէկ առաւօտեան կամ բեկանւել, կամ էլ ուշացումով են իրականացել:
Պետական պատկան մարմինները յայտարարեցին, որ աւազամրրիկի պատճառով վաղը չորեքշաբթի եւս արձակ են լինելու մայրաքաղաք Թեհրանի բոլոր հիմնարկութիւնները։ Գործարանները չեն աշխատելու նաեւ հինգշաբթի օրը։
Փորձագէտների ասութեամբ օդի վիճակը հետզհետէ կը բարելաւի մինչեւ հինգշաբթի առաւօտեան։
Պատկան մարմինները մայրաքաղաքի տարբեր կենտրոններում տագնապի շտաբներ են կեանքի կոչել, որտեղ առողջապահական ցուցմունքներից բացի, ժողովրդին տրամադրւում են նաեւ պաշտպանիչ դիմակներ։

0 Պատգամ: