Ումի՞ց է թաքնւում Օdnoklassniki.ru

եւ քանի օգտւող ունի Հայաստանում



Նոյեմբեր 29, 2010 21:15
Սոցիալական ցանցերը Հայաստանում, ինչպէս նաեւ ողջ աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն այդ ցանցերի կազմակերպիչների մասին տեղեկատւութիւն ստանալը, պարզւում է, այնքան էլ հեշտ չէ։
Մի քանի տարի առաջ Հայասատանում թիւ մէկ սոցիալական կայքը Օdnoklassniki.ru-ն էր։ Սակայն վերջին տւեալներով՝ այն զիջում է Facebook-ին։ Այսպէս՝ Facebook-ից օգտւողների թիւը ներկայում գերացանցում է 100 հազարը։ Facebook-ը գերադասում են հիմնականում մտաւորականներն ու պետծառայողները։ Յատկանշական է, որ Facebook-ում վերջին շրջանում նկատւում են լուսանկարներ, որոնց վրայ կայ Օdnoklassniki.ru կայքի նշումը։
NEWS.am-ը փորձեց նաեւ պարզել, թէ որքան է Օdnoklassniki.ru-ից օգտւողների թիւը Հայաստանում։ Սակայն լրագրողական այս սովորական հարցումը վերաճեց թւաբանական անլուծելի խնդրի։ Մեզ յաջողւեց ճշտել, որ Օdnoklassniki.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչը Հայաստանում IT master ընկերութիւնն է, որը հիմնականում զբաղւում է համակարգչային տեխնիկայի, ցանցային եւ ծրագրային ապահովման բիզնեսով։ Սակայն ընկերութեան կայքէջում նշում չկայ այն մասին, որ հանդիսանում են Օdnoklassniki.ru-ի պաշտօնական ներկայացուցիչը։
Երբ զանգեցինք ընկերութիւն՝ չհերքեցին, որ ներկայացնում են Օdnoklassniki.ru-ն։ Բազմաթիւ փորձերից յետոյ ընկերութեան անունից յանձն առաւ հարցերին պատասխանել ոմն երիտասարդ, որն այդպէս էլ չցանկացաւ ներկայանալ։ Նշենք, որ ընկերութեան տնօրէնը Սուրէն Երիցեանն է, որն այդպէս էլ 5 րոպէ չգտաւ հաղորդակցւելու համար:
Ընկերութեան «չբացայայտւած» աշխատակիցը տեղեկացրեց, որ Հայաստանում Օdnoklassniki.ru-ից օգտւում է 30-40 հազար մարդ։ «Սոցիալական ցանցում դրական փոփոխութիւնները նկատելի են եւ օգտւողների ոչ թէ նւազում, այլ աճ է նկատւում, քանի որ Օdnoklassniki.ru-ն աւելի բարելաււում է իր կառուցւածքը»,- ասաց սոյն աշխատակիցը։ Երբ խնդրեցինք ներկայանալ՝ նա յանկարծ հրաժարւեց իր ասածներից, իրեն ներկայացրեց որպէս «սովորական օգտւող»։ Նման անլուրջ վերաբերմունք հազարաւոր քաղաքացիների կողմից սիրւած սոցիալական կայքի ադմինիստրացիայից, անկեղծ ասած, չէինք սպասում:


Լուսինէ Մովսիսեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: