30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
Հ. Յ. Դաշնակցութեան առաջին հրատարակութիւնը պէտք է համարել «Մանիֆեստ» թռուցիկը (1890 թ.): Նրան յաջորդեցին թիւ 1 եւ 2 «թռուցիկ թերթերը»: Նշւած թռուցիկները եւ նրանց յաջորդող «Դրօշակ»-ի առաջին երկու համարները հրատարակւեցին Թբիլիսիում՝ Մոսկւայի «Ազատութեան աւետաբեր»-ից ստացւած տառերով:
Այս թռուցիկ թերթերի հրատարակումից յետոյ՝ անհրաժեշտութիւն էր դարձել նաեւ «Դրօշակ»-ի առաջին համարի լոյսընծայումը:1891 թւականից սկսած՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը ունենում է իր պաշտօնաթերթը՝ «Դրօշակ»-ը, որի առաջին եւ երկրորդ համարները լոյս տեսան Թբիլիսում: Երրորդը լոյս տեսաւ Ռումինիայում՝ 1892 թ.:Այնուհետեւ խմբագրատունը տեղափոխւեց Ժնեւ եւ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները՝ հրատարակւեց Ժնեւում:
«Դրօշակ»-ը առաջին իսկ համարից սկսած՝ տպագրում է մի շարք խմբագրականներ եւ յօդւածներ՝ պարզելու համար ՀՅԴ-ի հիմնական սկզբունքները՝ նպատակը, կազմակերպական ձեւն ու գործելակերպը:
Այդ յօդւածների հեղինակներն էին՝ Քրիստափորը, Զաւարեանը եւ Ռոստոմը՝ բացի առաջին խմբագրականից: Հետագայում «Դրօշակ»-ն ունեցաւ նաեւ իր յեղափոխական-ընկերվարական հրատարակութիւնների մատենաշարը, որոնց մէջ տեղ գտան Ա. Վռամեանի, Գ. Խաժակի, Մ. Վարանդեանի, Ս. Վրացեանի, Ռ. Դարբինեանի եւ շատ նշանաւոր դաշնակցական ու համակիր մտաւորականների, քաղաքական, գաղափարական եւ ընկերվարական տեսութեան յօդւածներն ու մեկնաբանական նիւթեր:
Մէկ հարիւրամեակից աւելի է անցել այդ ժամանակաշրջանից, բայց Դաշնակցութեան ռահվիրաների յայտնած մտքերից ու պարզած տեսութիւններից շատերը թարմ ու կենսունակ են մինչ այսօր:
Նրանք վկայում են, թէ մտաւոր ինչ լուրջ պատրաստութիւն եւ որքան խոր ծանօթութիւն ունէին ժամանակակից հայ իրականութեան հետ:
0 Պատգամ:
Post a Comment