Հայկական խաչքարն ընդգրկւել է ԵՈՒՆԵՍԿՕ
հեղինակաւոր ներկայացուցչական ցանկում
2005թ. մարդկութեան բանաւոր եւ ոչ նիւթական մշակութային
գլուխգործոցներից մէկն էր հռչակւել ՀՀ կողմից ներկայացւած դուդուկի
երաժշտութիւնը
Նոյեմբեր 22, 2010թ. 12:48
Նոյեմբերի 17-ին Նայրոբիում ընթացող ԵՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման կոմիտէի հինգերորդ նիստի ընթացքում որոշում կայացւեց Հայկական խաչքարի արւեստը. Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործութիւնը (Armenian cross-stones art. Symbolism and Craftsmanship of Khachkars) ընդգրկել ԵՈՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան հեղինակաւոր ներկայացուցչական ցանկի մէջ:
Խաչքարի հոգեւոր-ծիսական գործառոյթների վերաբերեալ ամբողջական փաթեթը համատեղ պատրաստւել եւ ԵՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցւել ՀՀ մշակոյթի նախարարութեան եւ ԵՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային յանձնաժողովի կողմից` հասարակութեան լայն շրջանակների` խաչքարագործութեան արւեստին տիրապետող վարպետների, կրթական եւ գիտական համայնքի, ինչպէս նաեւ աշխարհասփիւռ Հայ համայնքի ներգրաււածութեամբ եւ աջակցութեամբ:
Ոչ նիւթական մշակութային ժառանգութիւնը` աւանդոյթների, սովորոյթների եւ մշակութային արտայայտութիւնների, ինչպէս նաեւ գիտելիքների եւ հմտութիւնների այն ամբողջութիւնն է, որը մարդկանց որոշակի խմբեր ճանաչում են որպէս իրենց ինքնագիտակցութեան եւ մշակութային ժառանգութեան մաս:
Հաշւի առնելով, որ խաչքարն ապրող աւանդոյթ է համայն հայութեան համար, դրա ընդգրկումը ԵՈՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում լայն շրջանակ կստեղծի դրա հետ կապւած գիտելիքների, ծէսերի, աւանդոյթների ու արհեստի պահպանման եւ յաջորդ սերնդներին փոխանցման համար:
Դա նաեւ կերաշխաւորի հայկական մշակութային արժէքների ճանաչումն ու դրանց հանդէպ յարգանքը, կնպաստի` որպէս ազգային փաքրամասնութիւն` սփիւռքահայ համայնքների արժանապատւութեան բարձրացմանը, համայնքների միջեւ փոխադարձ յարգանքի ձեւաւորմանն ու իրենց մարդու իրաւունքների պաշտպանութեանը, ինչպէս նաեւ կխրախուսի հանդուրժողականութիւնը, միջմշակութային երկխօսութիւնը եւ միջազգային համագործակցութիւնը:
2005թ. մարդկութեան բանաւոր եւ ոչ նիւթական մշակութային գլուխգործոցներից մէկն էր հռչակւել ՀՀ կողմից ներկայացւած դուդուկի երաժշտութիւնը:

ArmAr.am

0 Պատգամ: