ԲԵՌ ԵՆՔ ԹԷ՝ ԲԵՌՆԱԿԻՐ...
Դրանք բեռ են, որովհետեւ ձրիակէր դարձած այս առնէտները, իրենց «տէր»երի՝
«ուրիշների հաշւին գրւող լայնախոհութեան» շնորհիւ, բեռ դառնալուց բացի, ուրիշ
բան չեն կարող դառնալ...։ Դրանք՝ իրենց ծառայութեան դիմաց՝ արիւն են ծծում ու
առյաւէտ դառնում են բեռ։ Թէ՝ այս է նրանց ճակատագիրը, կամ բախտն է այսպէս
տնօրինել, ինքն առանձին հարց է։Իսկ այս առնէտ բեռների դիմաց, կան բեռնակիրներ,
որոնց արիւնը ծծւում է բեռ դարձած այս անհոգ մանրէների կողմից։
Խորասուզւելու շատ կարիք չկայ, իմանալու համար, թէ՝ երջանկութիւնը ո՞ւմ է վիճակւում, կամ ո՞ւմ բախտն է դառնում դժբախտութիւնը։ Բազմաթիւ տեսակէտներ կան այս հանելուկի համար՝ որպէս պատասխան։ Բայց ամենակարեւորն այն է՝ թէ արդեօք հաւատում ենք ճակատագրին թէ ո՛չ։
Շատերը ճակատագրին են վերագրում մարդու կեանքի ու ապագայի կազմաւորումը։ Այսպիսիք տրամաբանումեն, որ մարդն իր ապագան կերտելու համար, իրենից կամք չի դրսեւորում, եւ այն ինչ կատարւում է՝ պարզապէս ճակատագրի տելադրանքն է։
Ես այս չեմ ընդունում, որովհետեւ նախ չգիտեմ թէ ո՞վ է այդ ճակատագրի տնօրինողը, եւ ապա՝ եթէ կա՛յ այդպիսի մի ուժ, ապա դա չափազանց դաժան ու անարդար է։ Ես համոզւած եմ, որ այդ աներեւակայելի ուժը, որին ոմանք սխալմամբ Աստւած են անւանում (Աստւած չի կարող անարդար լինի), մեր հիւանդ մտքերի դրսեւորումներն են։ Ի հարկէ՝ եթէ չլինեն այնպիսի հոգով հիւանդ ու մտքով տկար «մարդիկ», որոնք հէնց մեր աշխարհում, մեր շրջապատում, քաղաքում՝ հիմնւելով իրենց ապօրինի հանգամանքների ու չարտօնւած «իրաւունքներ»ի՝ նստել են Աստծոյ տեղը եւ «ճակատագիր են տնօրինում»....
Իմ դիտանկիւնից, սա աւելի խելամիտ է, որովհետեւ մեր այս հիւանդ համայնքում, գրէթէ ամէն օր ենք հանդիպում նման դաժան տնօրինումների։ Բաւական է՝ չար ու ստոր ծառայութեան լուծը գցես ուսերիտ..., ճիշտ այնպէս՝ ինչպէս եզերին են լծում... Բախտդ արդէն բացւած է։
Ոմանք ասում են, մարդու կեանքը տնօրինւում է բախտի բերմամբ, կամ պատահմամբ։ Թէեւ շատ էլ չեմ ուզում հաւատալ այս տեսակէտին, սակայն մեր հասարակութեան մէջ դա էլ խելամիտ է թւում, քանի որ ինչպէս ասացի բախտ ու ճակատագիր տնօրինողները, ոչ թէ՝ եօթերորդ երկնքում, կամ ամպերի մէջ են, այլ երբեմն (չասենք շատ յաճախ) մեր կողքին նստած՝ «ընկեր»ը, «բարեկամ»ը, կամ «գործակից»ն է, որ ինքը լծւած ուրիշ՝ լծւած եզան կառքին, «տիրոջ» շարադրած «պատւիրաններ»ը (մեղայ Աստծոյ...) թելադրելու համար՝ ճիպոտ է առնում ձեռքն ու հալածում է..., դաժանօրէն հալածում է նոյնիսկ բոլոր նրանց, որոնք արդէն հալածւել են «բախտի բերմամբ, կամ պատահմամբ»...
Եւ այսպիսի հալածողները՝ որոնք ընդհանրապէս չունենալով դատելու եւ զատորոշելու կարողութիւն, (չասելու համար կատարեալ յիմարներ...), դառնում են բացարձակ ծառայ, գործակալ, ճիպոտով բանտապահ, դժխեմ, սատանայ, ու... իրենք էլ չգիտեն թէ ինչո՞ւ, բայց կատարում են այն ինչ որ «տէրն» է պատւիրել....ամենայն դաժանութեամբ...։
Բայց ես ուրիշ տեսակէտ էլ ունեմ։ Աշխարհի հասարակակարգերում, կան երկու հիմնական բեւեռներ, գործօններ. Բեռ եւ բեռնակիր։ Այստեղ թէ՛ բեռերն ու թէ՛ բեռնակիրները՝ Աստծոյ ստեղծած արարածներն են։ Մի խումբը մարդիկ, ու մի խումբն էլ մարդուկներ։
Ահա այստեղ է բնորոշւում, թէ՝ ինչն է ճակատագի՞րն ու ինչ է բախտը՞, կամ մարդուկներն ինչպէ՞ս են «տնօրինում» մարդկանց ապագան։ Բեռը ինքը՝ միշտ էլ բեռ է մնում մարդկանց ու հասարակութեան ուսերին։ Դա չի կարող բեռ չդառնայ, քանի որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում բեռ չդառնալու եւ սովորական էակ դառնալու համար։ Դրանք մանրէներ են, որոնց գոյութիւնը կախւած է ուրիշների արիւնը ծծելուն (իմա՝ գետին գլորելուն...)։
Դրանք բեռ են, որովհետեւ ձրիակէր դարձած այս առնէտները, իրենց «տէր»երի՝ «ուրիշների հաշւին գրւող լայնախոհութեան» շնորհիւ, բեռ դառնալուց բացի, ուրիշ բան չեն կարող դառնալ...։ Դրանք՝ իրենց ծառայութեան դիմաց՝ արիւն են ծծում ու առյաւէտ դառնում են բեռ։ Թէ՝ այս է նրանց ճակատագիրը, կամ բախտն է այսպէս տնօրինել, ինքն առանձին հարց է։ Իսկ այս առնէտ բեռների դիմաց, կան բեռնակիրներ, որոնց արիւնը ծծւում է բեռ դարձած այս անհոգ մանրէների կողմից։
Կարիք չկայ օրինակների, քանի որ արդէն մեր համայնքն ունենալով որպէս ցուցանիշ, արդէն պարզ է դառնում, թէ ո՛վ է բեռ ու որն՛ է բեռնակիր։ Կամ ովքեր են բեռ ու ովքեր՝ բեռնակիր։
Այստեղ, օրէնք է դարձել այն ստրկատիրական ֆորմուլան, որ մինչեւ անքան ժամանակ, որ բեռ ես կրում՝ դեռ կը բառնան քեզ, այնքան կը բառնան, որ թիկունքիտ վերքերն էլ բողոք կաղաղակեն, իսկ դու «յանուն պարտականութեան» կը խեղդես այդ խեղճ վերքերի ճչոցներն ու դեռ կը շարունակես բեռ կրել..., կրել ու կրել ու կրել....մինչեւ այնքան ժամանակ, երբ թիկունքիտ կեռութիւնից՝ դունչտ կը քսւի գետնի վրայ ու արիւն կը թորայ վիրաւոր խղճիցտ...շուրթերիտ հետ մնասին... Բայց միթէ չենք սովորել այն որ ասում է՝ «Մշակ բանւոր ռէնչպեր ախպեր, արիք միանանք, բողոք դառնանք...» ....
Ու բեռները՝ առնէտները, որոնց լուծը քաղցր չի հնչում թիկունքիտ վրայ, հա քշում են ու հա քշում, հա քշում, հա քշում,.... մինչեւ ճչա՜ս... ու ախ քաշե՜ս.... Եւ որպէս պատիժ՝ այդ ախիտ համար, դեռ բեռ են դնում արնօտ թիկունքիտ, ու արեան վրայ՝ դեռ քացախ լցնում... Ու երբ նորից բողոքես՝ որպէս նոր պատիժ՝ դեռ աղ են լցնում քացախախառն՝ թիկունքիտ արնօտ....
Մեր համայնքում, մեր քաղաքում, մեր աշխարհում, տարբեր են ամէն ինչերը, նոյնիսկ ա՜խ քաշելը։ Այստեղ պիտի այնպէս ա՜խ քաշես, որ ականջտ էլ չլսի դրան..., ու եթէ լսեց՝ ականջտ, դեռ ՝ կը պատժւես, կը պատժւես, կը պատժւես՝ մինչեւ ասես՝ ցաւ չես քաշում ու ինչքա՜ն «քաղցր» է այդ լուծը...վրաս...
Ես չեմ խօսում մարդկանց հանգամանքների մասին, եւ դրանց յարաբերութիւնը՝ բեռ ու բեռնակիրների հետ, բայց կարող եմ հաստատ խոստովանել, որ գահերին թիկնածները՝ միշտ էլ բեռ են եղել, ու դեռ կը մնա՛ն բեռ, եթէ՝ ճիչտ՝ չդառնայ բողոք, չփոթորկի, չալեկոծի նրանց անդորրը, եւ նոր կարգերի մասին մանիֆեստ չարձակի....
+++
Ես ինչքան յիշում եմ, բեռ եմ կրել, բեռեր՝ որոնց տանելու համար հաճոյք եմ ապրել, ու վիրաւոր թիկունքիս բեռերն ա՛յն ժամանակ դարձան աւելի ծանր ու անտանելի, երբ՝ ՕՏԱՐ բեռ կրելու դիմաց՝ միայն ճչացի... եւ ասացի՝
Լեզուս էք կտրում, ա՜խ էլ չքաշե՞մ...
Եւ այդ օրւանից դարձայ «օտարական», բոյկոտւած բեռնակիր... եւ իմացայ որ առանց խորասուզւելու կարող եմ հանգիստ խղճով յայտարարել՝ որ ո՛չ ճակատագիրը ու ո՛չ էլ բախտն է տնօրինում մարդու ապագան, այլ այն կարեւոր գործօնը թէ՝ ինչքան բեռ ես ինչքան բեռնակիր, կամ քեզանից կամք դրսեւորում ես թէ ոչ, եւ... հաճոյքով կը տանես լուծը՝ եզան փոխարէն....
Թող ես թքնեմ քո ճակատին՝ Ո՛վ մարդկային արդարութիւն...
Ձերդ՝ Վարդան Դաւթեան
2010-11-19
2 Պատգամ:
Սիրելի ընկ. Վարդան
Գուցէ ես ամենից շատը գիտեմ, թէ ինչ անարարութիւններ կատարւեց Ձեր նկատմամբ եւ դուք համբերատարութեամբ այն բոլորը անպատասխան թողեցիք։ Իսկ հիմա ինչն է պատճառը, որ այսպէս կրակօտ ճառ էք ասում,(որ իհարկէ ճիշտ էք անում)։ Ինչու այն օրերին, որ պիտի բողոքէիք հենց ձեր համար լուռ մնացիք։ Ես հասկանում եմ ձեր պոռթկումի պատճառը եւ այդ գտնում եմ արդարացի, եւ միայն ուզում եմ հաւատաք, որ մենակ չէք եւ շատերն են կանգնած ձեր կողքին։ Այս հրապարակաւ ասում եմ, ոմրամէնն էլ իմանան։ Մենք ընկերական շրջանակներում դժբախտաբար չենք համարձակւում խօսել ձեր մասին, միթէ ինչ էք արել, որ ոչ ձեզ հեռացնում են շարքերից, ու ոչ էլ մեզ են թոյլ տալիս ձեր մասին խօսենք։ Դեռ բայկոտի էլ ենթարկել են։ Յաջողութիւն ձեզ։
Ձախորդ օրերը ձմռան նման կ'ուգան ու կ'երթան,
Վհատելու չէ, վերջ կ'ունենան, կ'ուգան ու կ'երթան:
Դառն ցաւերը մարդու վերա չեն մնայ երկար,
Որպէս յաճախորդ շարուե-շարան կ'ուգան ու կ'երթան:
Փորձանք, հալածանք նեղութիւն ազգերի գլխից,
Ինչպէս ճանապարհի կարաւան կ'ուգան ու կ'երթան,
Աշխարհը բուրաստան է յատուկ, մարդիկը ծաղիկ,
Որքան մանուշակ, վարդ, բալասան կ'ուգան ու կ'երթան:
Ոչ ուժեղը թող պարծենայ, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան, կ'ուգան ու կ'երթան,
Արեւը առանց վախենալու ցայտում է լոյսը,
Ամպերը դէպի աղօթարան կ'ուգան ու կ'երթան:
Երկիրը ուսեալ զաւակին է փայփայում մօր պէս,
Անկիրթ ցեղերը թափառական, կ'ուգան ու կ'երթան,
Աշխարհը հիւրանոց է, Ջիւան, մարդիկ հիւր են,
Այսպէս է կանոնը բնական, կ'ուգան ու կ'երթան
Post a Comment