Հայ-թրքական յարաբերութիւնների
կարգաւորման հարցն առաջնահերթ
չէ ԵՄ-ի համար
«Վաշինգտոնի հայկական լոբբին ամենակազմակերպւած և ուժեղ լոբբիներից
մէկն է և բաւականին բարձր հեղինակութիւն է վայելում»
Նոյեմբեր 21, 2010թ. 13:39
«Այն փաստը, որ հայկական լոբբին արգելափակել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտօնում Մաթիւ Բրայզայի թեկնածութիւնը, վկայում է այն մասին, որ հայկական լոբբին ուժեղացնում է ԱՄՆ-ում և մասնաւորապէս Վաշինգտոնում, իր դիրքերը»,- «ԱրմԻնֆոյին» այդպիսի կարծիք է յայտնել ԳԱԱ արևելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:
Ըստ նրա՝ Վաշինգտոնի հայկական լոբբին ամենակազմակերպւած և ուժեղ լոբբիներից մէկն է և բաւականին բարձր հեղինակութիւն է վայելում: «Կարծում եմ, որ հայկական լոբբիի գործողութիւնները բարձրացնում են ոչ միայն լոբբիի, այլ նաև ողջ աշխարհում հայկական գործօնի հեղինակութիւնը»,- նշել է թուրքագէտը։
Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւններին՝ Սաֆրաստեանը նշել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կուլիսներում ոչինչ տեղի չի ունենում։ «Չնայած Թուրքիայի իշխանութիւնները փորձում են տպաւորութիւն ստեղծել, թէ ինչ-որ բան տեղի է ունենում, ես հակւած եմ կարծելու, որ ոչինչ տեղի չի ունենում»,- նշել է Սաֆրաստեանը՝ յաւելելով, որ Թուրքիային անհրաժեշտ է նման խաբուսիկութիւն ստեղծել, որպէսզի երկրի շուրջ իրավիճակն աւելի բարենպաստ լինի:
Խօսելով Եւրայանձնաժողովի վերջերս հրատարակած զեկոյցի մասին՝ որում Թուրքիային արձանագրութիւնները վաւերացնելու, Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու և սահմանները բացելու կոչ է արւում, Սաֆրաստեանը նշել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցն առաջնահերթ չէ Եւրամիութեան համար. «Հայաստանը Թուրքիայի հարևաններից մէկն է, այդ պատճառով Թուրքիան պէտք է շարունակի Հայաստանի հետ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը»,- նշել է Սաֆրաստեանը՝ յաւելելով, որ չի կարծում, որ Եւրայանձնաժողովի կոչը Թուրքիայի նկատմամբ պահանջ է, քանի որ դա այն պարտաւորութիւնների շրջանակներում է, որոնք ստանձնել է Թուրքիան:
Թուրքագէտը նշել է, որ Թուրքիան և Եւրայանձնաժողովն շատ աւելի կարևոր խնդիրներ ունեն, քան Թուրքիայի և Հայաստանի յարաբերութիւններն են: Ըստ այդմ՝ ԵՄ-ն և Թուրքիան հիմնականում զբաղւած են Կիպրոսի հարցով, Թուրքիայի ներսում բարեփոխումների գործընթացով, քրդական հարցով։

ArmAr.am

0 Պատգամ: