«Հայաստանը պէտք է հապշտապ
յետ վերցնի ստորագրութիւնը»
20 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
«Մենք միշտ յայտարարել ենք եւ այժմ էլ յայտարարում ենք, որ հայ-թուրքական արձանագրութիւնների ամբողջական վնասազերծման համար անհրաժեշտ է, որ Հայաստանն իր ստորագրութիւնը յետ վերցնի»,- երէկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խօսելով հայ-թուրքական արձանագրութիւնների մասին, ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:
Նրա ասութեամբ՝ Հայաստանը պէտք է յետ վերցնի իր ստորագրութիւնը՝ հաշւի առնելով, որ Թուրքիան անկեղծ չէր բանակցութիւնների ժամանակ, քանի որ Թուրքիան արձանագրութիւնները պէտք է ստորագրէր առանց նախապայմանների, որն այդպէս էլ չարեց: Ըստ Կ. Մանոյեանի՝ Հայաստանն այս վիճակով աւելի շատ տուժողի կարգավիճակում է, քան՝ շահողի:
Նրա ասութեամբ՝ երբ հայկական կողմն այսօր յայտարարում է, թէ սպասում է Թուրքիայի կողմից արձանագրութիւնների վաւերացմանը, դա նշանակում է, որ ինքը չէ իր քաղաքականութիւնը որոշողը, այլ սպասում է Թուրքիայի քայլին»:
«Եթէ իշխանութիւններն այս բանակցութիւններն սկսել են Հայաստանի միջազգային վարկը բարձրացնելու համար, թող առաջին օրւանից յայտարարէին, որ դա է նպատակը, այլ ոչ թէ՝ հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորելը: Ես կասէի՝ սրանով աւելի շուտ իշխանութիւնների օրինականութեան հարցը կարգաւորւեց, այլ ոչ թէ Հայաստանի վարկը բարձրացւեց»,– ընդգծեց Կ. Մանոյեանը:
Նա նշեց, որ Հայաստանը պէտք է հապշտապ յետ վերցնի ստորագրութիւնը: «Դրանից յետոյ պատրաստի երեք պարբերութիւնից բաղկացած նոր արձանագրութեան նախագիծ, որտեղ յստակ կասւի, որ կողմերը որոշել են հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ, բացել ճանապարհները եւ եղած խնդիրները կարգաւորել միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան՝ խաղաղ բանակցութիւններով:
Նրա ասութեամբ՝ այսօրւայ վիճակով Հայաստանն իրեն դրել է ճնշման տակ՝ Թուրքիային հնարաւորութիւն տալով յայտարարելու, թէ ինքը ցանկանում է, որ ամբողջ տարածաշրջանում յարաբերութիւնները կարգաւորւեն:

«Panorama.am»

0 Պատգամ: