ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Բաց նամակ՝ Ընտրական

օրէնսդրութեան համաժողովին



Ընտրական օրէնսդրութեան համաժողովում ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ
խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը հանդէս է եկել բաց
նամակով


Տիկնայք եւ պարոնայք,
Ամէն անգամ, երբ Հայաստանում սկիզբ է առնում հերթական նախընտրական շրջանը, յատկապէս՝ խորհրդարանական ընտրութիւններից առաջ, մեր հասարակութիւնն արդէն բոլորին ձանձրացրած մի պատկերի ականատես է դառնում:
Իշխանութիւնները բուռն գործունէութիւն են ծաւալում ՀՀ Ընտրական օրէնսգրքի բարելաւման, կատարելագործման եւ եւրոպական չափանիշերին հասցնելու ուղղութեամբ: Եւ ամէն անգամ այդ գործունէութեան շուքն ու աղմուկը ստւերի տակ են թողնում հասարակութեան բնական հարցը. իսկ ի՞նչն էր խանգարում բարելաւել, կատարելագործել եւ եւրոպական չափանիշերին հասցնել Ընտրական օրէնսգիրքը նախորդ անգամ:
Կամ նախանցեալ ընտրութիւններից առաջ: Կամ աւելի վաղ՝ համապատասխան պարտաւորութիւնները ստանձնելուց անմիջապէս յետոյ: Չէ՞ որ իշխող ուժն այդ ողջ ժամանակահատւածում չի փոխւել: Բայց, այս հարցը նորից կը մնայ հռետորականների շարքում, իսկ հասարակութեանը կը ներկայացւի օրէնսգրքում մի քանի ձեւական փոփոխութիւն կատարելու համար մղւող դիւցազնական պայքարի տեսարան: Մինչդեռ, դիւցազնական պայքարի կարիք բոլորովին չկայ:
Եթէ իշխանութիւնները իսկապէս ցանկանում են Ընտրական օրէնսգրքի բարեփոխման ճանապարհով կատարելագործել ընտրութիւնների, այլ ոչ թէ ընտրակեղծիքների որակը, ապահովել ընտրութիւնների արդիւնքների արժանահաւատութիւնը, այլ ոչ թէ խախտումների հեղինակների անպատժելիութիւնը, ապա անհրաժեշտ է անել առնւազն մէկ բան:
Պէտք է մատչելի դարձնել քւէարկութիւններին մասնակցած ընտրողների անւանացանկերը, այսինքն՝ գաղտնազերծել ընտրողների կողմից ստորագրւած ցուցակները: Իհարկէ, ես հեռու եմ այն մտքից, որ սա միակ անհրաժեշտ փոփոխութիւնն է, բայց առանց դրա՝ մնացած բոլոր բարեփոխումները ոչ մի նշանակութիւն չեն ունենայ, ոչ մի շօշափելի արդիւնքի չեն բերի, արդարութիւն ու թափանցիկութիւն չեն ապահովի: Եւ ինչպէ՞ս ապահովել թափանցիկութիւնը, երբ հանրութիւնից ընտրութեան գաղտնութեան պատրւակով՝ թաքցւում է քւէարկողների, այսինքն՝ ժողովրդի կամարտայայտումն իրականացնողների կազմը:
Եթէ այն գաղտնազերծւէր, մեր գիւղերում բնակւող տարեց ընտրողներն ընտրութիւնների յաջորդ օրը զարմանքով կը տեսնէին, որ իրենց տեղամասերում քւէարկել են գաղտագողի հայրենիք վերադարձած իրենց զաւակներն ու ազգականները, ովքեր վաղուց արտերկրում են բնակւում, Երեւանի բնակիչները ընտրողների ցուցակներում բազմաթիւ անյայտ հարեւանների կը յայտնաբերէին, գիւմրեցիներն ու վանաձորցիները զարմանքով կը պարզէին, որ տասնամեակներ շարունակ դատարկ եւ կողպւած բնակարանները լեցուն են քւէարկասէր բնակիչներով, իսկ դրանց պատճէնահանւած ստորագրութիւնները կը յայտնւէին տարբեր տեղամասերում եւ այլն:
Մեր ազգային արժանապատւութիւնը ոտնահարող այս այլանդակութիւնները կը բացայայտւէին: Հէնց դա էլ կապահովէր ընտրութիւնների իրական թափանցիկութիւնը, որը կը բացայայտէր կեղծիքի եւ քւէարկողների ուռճացւած թւերի վրայ կառուցւած «վստահութեան քւէ»-ի սնանկութիւնը:Այս առաջարկն առաջին անգամ չի հնչում: Մեր կուսակցութեան կողմից այն բազմիցս ներկայացւել է, սակայն ՀՀ իշխանութիւնների կողմից ընտրութեան գաղտնութեան պատրւակով՝ միշտ մերժւել:
Կրկնում եմ՝ պատրւակով, քանի որ իրական պատճառն այլ է, եւ կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի: Եւ ոչ մի տեսական մօտեցում չի կարող ընտրութեան գաղտնութեամբ արդարացնել ընտրութիւնների արդիւնքների խեղաթիւրման քողարկումը:Առաւել եւս, երբ ընտրողների մասնակցութեան գաղտնութիւնը զուտ ձեւական բնոյթ է կրում:
Դատէք ինքներդ. երկրում կան շուրջ երկու հազար ընտրական տեղամասեր. իւրաքանչիւր տեղամասում ընտրութեան պահին գտնւում են յանձնաժողովի եօթ անդամներ, կուսակցութիւնների եւ մեծամասնական թեկնածուների երկու-երեք տասնեակ վստահւած անձինք, բազմաթիւ առաքելութիւններ ներկայացնող դիտորդներ եւ այլն: Դրան գումարէք ոստիկաններին, լրագրողներին, հէնց իրենց՝ ընտրողներին, եւ պարզ թւաբանական հաշւարկը ցոյց կը տայ, որ ընտրութեանը քաղաքացիների մասնակցելու փաստին այս կամ այն չափով տեղեկացւած են առնւազն քառորդ միլիոն հոգի:
Դեռ չեմ խօսում տեղամասերից հեռուստատեսային հաղորդումների մասին: Եւ սա նորմալ է: Այդպէս էլ պէտք է լինի, որովհետեւ պէտք է գաղտնի մնայ ոչ թէ ընտրութիւններին մասնակցելու փաստը (այն հնարաւոր էլ չէ թաքցնել), այլ ինքը քւէն՝ այն, թէ ինչպէս է քւէարկել քաղաքացին: Եթէ սա չլինէր ժողովրդավարական ընտրութիւնների իմաստն ու սկզբունքը, ապա բազմաթիւ դեմոկրատական երկրներում չէր գործի ընտրութիւններին քաղաքացիների պարտադիր մասնակցութեան նորմը, երբ այդ մասնակցութեան կամ դրանից խուսափելու փաստը յատուկ գրանցւում է եւ ոչ մի գաղտնիք իրենից չի ներկայացնում:

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ
,
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀՅԴ
ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
22 ՆՈՅ. 2010 Թ.
ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ
«ԱԼԻՔ»


0 Պատգամ: