Թուրքիայում նորաստեղծ «Դերսիմցի Հայերի»
միութիւնը զբաղւելու է հայերէն ուսուցանելով եւ
հայկական արժէքների վերականգնմամբ
«50 տարի ուրիշների հաւատքով ապրելուց յետոյ ես
հանգստութեան մէջ եմ, որ իմ ինքնութեանը տէր
կանգնեցի»
Թուրքիայում նորաստեղծ «Դերսիմցի Հայերի» միութիւնը շատ կարճ ժամկէտում հաւաքել է 600 ընտանիք, որի անդամները ծնւել են Թունջելիում (Դերսիմ)։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ մօտ 8 ամիս առաջ սկսւած աշխատանքների արդիւնքում «Դերսիմցի Հայերի» միութիւնը նոյեմբերի առաջին տասնօրեակում պաշտօնապէս գրանցում է ստացել։ Նորաստեղծ միութեան նպատակն է՝ շարունակել հայերէնի պահպանմանն ուղղւած աշխատանքները, վերականգնել հոգեւոր եւ մշակութային արժէքները։ Նախնական շրջանում միութիւնը կզբաղւի հայերէն չիմացող հայերին իրենց մայրենի լեզուն ուսուցանելով եւ Թունջելիի շրջանում գտնւող հայկական գերեզմանների, եկեղեցիների վերականգնման աշխատանքների կազմակերպմամբ։
«Դերսիմցի Հայերի» միութեան ստեղծող Սելահաթին Գիւլթեքինը 8 ամիս առաջ դիմել էր դատարան եւ փոխել իր անունը եւ կրօնական պատկանելութիւնը։ Այսուհետ Գիւլթեքինի անունն է Միհրան Փրկիչ։ «Արդէն չեմ ցանկանում, որ դերսիմցի հայերը կրեն թուրքական եւ քրդական անուններ։ Մենք պէտք է ապրենք առանց թաքնւելու»,-նշել է Միհրանը։
Միհրանի յաջորդ քայլը եղել է իր որդու եւ բարեկամների հետ միասին մկրտւելը։ Միհրանը նշել է, թէ ինքը մօտ 2 ժամ ուրախութիւնից չի կարողացել կարդալ իրենց միութեան գրանցման պաշտօնական գրութիւնը։ «50 տարի ուրիշների հաւատքով ապրելուց յետոյ ես հանգստութեան մէջ եմ, որ իմ ինքնութեանը տէր կանգնեցի»,-շեշտել է Միհրանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment