Նիկոլա Սարկոզին վրէժ է լուծել
Պատրիկ Դևեջեանից` զրկելով
նրան նախարարի պաշտօնից
15:39 • 20.11.10
«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ինձանից վրէժ է լուծել քաղաքական դաշտում իր որդու` Ժանի ճանապարհին կանգնելու համար»: Այս մասին Le Monde պարբերականին տւած հարցազրոյցում յայտարարել է Պատրիկ Դևեջեանը, ով վերջերս ֆրանսիական նոր կառավարութեան ձևաւորման հետևանքով զրկւել է Ֆրանսիայի Տնտեսական վերելքի նախարարի պաաշտօնից, ինչպէս նաև իշխող կուսակցութեան՝ Օ-դը-Սեն դեպարտամենտի կառոյցի նախագահի պաշտօնից:
Դևեջեանի խօսքով` հոկտեմբերի 15-ին Նիկոլա Սարկոզին իրեն կանչել է նախագահական նստավայր և անտեղի մեղադրել Օ-դը-Սեն դեպարտամենտում ներկուսակցական ընտրութիւնների ժամանակ Ժանի դէմ դուրս գալու համար:
«Ինձ ասաց` «Քեզ անակնկալ է սպասւում»: Տեսանք, թէ ինչ անակնկալ էր սպասւում»,- ասել է Դևեջեանը՝ յաւելելով, որ Սարկոզին փորձելու է 2011թ. կայանալիք ընտրութիւնների ժամանակ խոչընդոտել իրեն վերընտրւելու Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխաւոր խորհրդի նախագահի պաշտօնում։
Նշենք, որ դեռևս 2009 թւականին Le Progres պարբերականը գրել էր, որ Պատրիկ Դևեջեանի և Նիկոլա Սարկոզիի միջև բարեկամական յարաբերութիւնները կարող են խզւել Ֆրանսիայի նախագահի որդու պատճառով: Այն բանից յետոյ, երբ Պատրիկ Դևեջեանը յայտարարել է, որ 2011թ. պատրաստւում է վերընտրւել իր ներկայիս պաշտօնում, Ֆրանսիայի իշխող «Ժողովրդական շարժում միաւորում» (UMP) կուսակցութեան անդամ, պատգամաւոր Իզաբել Բալկանին, ով մտերիմ է Ֆրանսիայի նախագահի ընտանիքի հետ, յայտարարել էր, թէ այդ պաշտօնում առաջադրւելու է Նիկոլա Սարկոզիի աւագ որդին` Ժան Սարկոզին:
Tert.am

0 Պատգամ: