Wikileaks-ը հրապարակեց գաղտնի փաստաթղթերը.

Ալիևը՝ Հայաստանի, Արցախի,

Մեդվեդևի և Պուտինի

մասին




02:20 • 29.11.10

Wikileaks-ը ժամեր առաջ հրապարակել է Միացեալ Նահանգների պետքարտուղարութեանը պատկանող 250 հազար գաղտնի փաստաթղթեր: Այդ նիւթերի հրապարակման պահին Wikileaks-ը ենթարկւել է հաքերային յարձակման, ինչի մասին կայքը տեղեկացրել է Twitter սոցիալական ցանցի միջոցով: Այդ պատճառով գաղտնի փաստաթղթերը հրապարակւել են բրիտանական Guardian, ամերիկեան New York Times, գերմանական Der Spiegel, իսպանական El Pais և ֆրանսիական Le Monde պարբերականների կայքերում:
ԱՄՆ-ի պետքարտուղարութեանը պատկանող և 2004 թւականից մինչև 2010թ. մարտն ընկած ժամանակահատւածին վերաբերող այդ գաղտնի փաստաթղթերը ինֆորմացիա են պարունակում նաև Թուրքիայի, Իսրայէլի, Իրանի, Ադրբեջանի, Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի և Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ: Այդ տեղեկութիւնները բրիտանական Guardian պարբերականից թուրքերենով իր կայքում տեղադրել է Hurriyet օրաթերթը, և այն որոշ կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրութեանը:
2007թ. օգոստոսի 31-ին թւագրւած մի փաստաթղթում նշւում է, որ նոյն թւականի օգոստոսի 17-ին հանդիպել են իսրայէլական Mossad գաղտնի ծառայութեան ղեկավար Մեիր Դագանը և Միացեալ Նահանգների փոխպետքարտուղար Բիլ Բըրնսը: Հանդիպման ընթացքում պաշտօնեաները քննարկել են Մերձաւոր Արևելքում տիրող իրավիճակը և յատկապէս կենտրոնացել են Իրանի խնդրի վրայ: Հանդիպման ընթացքում Բըրնսը և Դագանն անդրադարձել են նաև Թուրքիային: Mossad-ի ղեկավարը ԱՄՆ փոխպետքարտուղարին ասել է, որ Թուրքիայում աստիճանաբար թափ են հաւաքում իսլամիստները և տարակուսել, թէ իրեն աշխարհիկ կարգերի պահապանը համարող թուրքական բանակը մինչև երբ է պատրաստւում լուռ մնալ:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա Դագանը յայտարարել է, թէ Իրանում ուժի միջոցով ռեժիմի փոփոխութեան համար անհրաժեշտ է անել աւելին:
2010թ. փետրւարի 25-ին թւագրւած փաստաթղթում տեղ են գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Միացեալ Նահանգների փոխպետքարտուղար Բիլ Բըրնսի միջև կայացած հանդիպման մանրամասները: Փաստաթղթում նշւում է, որ Ալիևը Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի հասցէին շատ կոպիտ, փողոցային ժարգոնով է արտայայտւում: Նոյն կերպ Ադրբեջանի նախագահը խօսում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած բանակցային գործընթացի և Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման մասին:
Ալիևը Բըրնսին ասում է, թէ ապրիլի 24-ը որպէս դամոկլեան սուր ճոճւում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման և Հայ-թրքական մերձեցման գործի գլխին: Բացի այդ, Ալիևն առաջարկում է, որպէսզի Հայ-թրքական գործընթացը քննարկւի ապրիլից յետոյ` Ղարաբաղեան հիմնախնդրի հարցում առաջընթաց ապահովելու համար: Ադրբեջանի նախագահն ԱՄՆ պետքարտուղարին ասում է նաև, որ իրենք պատրաստ են աւելի ճկուն լինել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում, փոխարէնը Միացեալ Նահանգները պէտք է մեծացնի ճնշումը Հայաստանի վրայ:
Փաստաթղթում նշւում է նաև, որ Ալիևն ասել է, թէ ինքը զգում է, որ Մեդվեդևի և Պուտինի միջև հակասութիւններ կան, և ՌԴ նախագահի ու վարչապետի համար ադրբեջաներենով ասել է. «Երկու գլուխ մէկ կաթսայում չի եփւի»:
Հանդիպման ընթացքում Բըրնսը Միացյալ Նահանգների անունից կարծիք է յայտնում, թէ Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը քաղաքական հող է նախապատրաստելու Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում Երևանի` աւելի ճկուն գործելու համար
Հանդիպման ընթացքում Ալիևը Միացեալ Նահանգների փոխպետքարտուղարին պատմում է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Եըլդըզի` Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան նախագահին տւած խորհրդի մասին: Ըստ Ալիևի` Եըլդըզն ասել է. «Ինչո՞ւ էք փչացնում ձեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Մի՞թէ իրականում Nabucco-ի կարիքն ունենք»:Ինչ վերաբերում է ադրբեջանա-իրանական յարաբերութիւններին, ապա Ալիևը դրանք որակում է լարւած և անկայուն: Ալիևը յայտարարում է նաև, որ Իրանը շարունակում է քաղաքական սադրանքներն Ադրբեջանի դէմ:
Բըրնսի հետ հանդիպման ընթացքում Ալիևը խօսում է նաև Ռուսաստանի հետ կնքւած գազային համաձայնագրի մանրամասների մասին: Ըստ Ալիևը` ադրբեջանական կողմը գնացել է այդ քայլին, որպէսզի թոյլ չտայ Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն:


Tert.am


0 Պատգամ: