Ինքնորոշման իրաւունքը գերակայ է
տարածքային ամբողջականութեան
սկզբունքին
Արցախցի խորհրդարանականը կարևորեց իրադարձութիւնների ճշմարտացի
արտացոլումը բանակցութիւնների ընթացքում, Ադրբեջանին իբրև ագրէսօր
ճանաչելը, որը անհրաժեշտութիւն է հարցի արդարացի լուծման համար
Նոյեմբեր 26, 2010թ. 19:26
Հոլանդիայի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ ու կազմակերպական ջանքերով նոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում անց է կացւել միջազգային գիտաժողով՝ նւիրւած ազգերի ինքնորոշման իրաւունքին:
Շարժառիթը Կոզովոյի վերաբերեալ ՄԱԿ-ի Հաագայի դատարանի վերջերս ընդունած որոշումն էր առ այն, որ Կոզովոյի անկախութեան հռչակումը չի հակասում միջազգային օրէնքներին: Այս առումով դա Եւրոպայում անցկացւած առաջին միջազգային գիտաժողովն էր, որը քննարկում էր Արցախի Հանրապետութեան հարցը:Գիտաժողովին հրաւիրւած էր Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ՝ Արմէն Սարգսեանը:
Որպէս հրաւիրեալներ մասնակցում էին նաև միջազգային իրաւունքի հոլանդացի մասնագէտներ, գիտութիւնների դոկտորներ՝ Լեյդենի համալսարանի «Գրոթիուսէ միջազգային իրաւունքի հետազոտական կենտրոնի դասախօս Է. Բրաբանդերեն, Ամստերդամի Ազատ համալսարանի իրաւագիտութեան ֆակուլտետի միջազգային իրաւունքի հետազոտութիւնների հետազոտող և հասարակական միջազգային իրաւունքի և քաղաքականութեան «Հոլանդական խմբի» համանախագահ Ա.Մ. դե Հոոնը, Հոլանդիայի «Պակս Քրիստիէ միջազգային կազմակերպութիւնից հետազոտող գիտնական Լ. Վան Դեր Միրը։
Միջոցառմանը ներկայ էին հոլանդացի ուսանողներ, քաղաքական գործիչներ և տարբեր ազգութիւնների ներկայացուցիչներ, այդ թւում՝ մեծ թւով հայեր, ինչպէս նաև ադրբեջանցիներ:Պարոն Բրաբանդերենն իր զեկուցման մէջ մանրակրկիտ վեր է լուծել Հաագայի միջազգային դատարանի որոշումը: Մասնաւորապէս, նշելով հանդերձ, որ այն պարտադիր բնոյթ չի կրում, նա յայտարարեց, որ այդ փաստաթուղթը, այնուամենայնիւ, շատ կարևոր նշանակութիւն ունի և միջազգային իրաւունքի կիրառման նոր մօտեցում է առաջարկում:
Այն հանգամանքը, ասաց հոլանդացի միջազգայնագետը, որ ըստ այդ որոշման Կոզովոյի անկախութեան հռչակումը չի հակասում միջազգային նորմին, նշանակում է, որ մէկ երկրի տարածքում ինքնորոշման իրաւունքը գերակայում է երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքի նկատմամբ: Ինքնորշումը մարդու և ազգերի ազատութեան դրսևորման ձև է, ընդգծեց նա, և որևէ սահմանափակման ձև խախտում է մարդու իրաւունքները: Իր հերթին տիկին Ա.Մ. Դէ Հոոնը, որն իբրև միջազգային դիտորդ ներկայ է գտնւել Արցախի Հանրապետութեան 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրութիւններին, հիմնականում խօսեց Լեռնային Ղարաբաղում իր ստացած տպաւորութիւնների մասին:
Նշելով, որ չափազանց տպաւորւած էր վերադարձել Արցախի Հանրապետութիւնից, նա կատարեց երկու կարևոր յայտարարութիւն.
1. Արցախի Հանրապետութեան 2010թ. մայիսեան խորհրդարանական ընտրութիւններն անց են կացւել միջազգային չափանիշներին համապատասխան և դիտորդների կողմից որևէ լուրջ խախտում չի արձանագրւել: Համեմատութեան կարգով նա ասաց նաև, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ կարողանում են կազմակերպել այնպիսի մակարդակի օրինական ընտրութիւններ, որոնց մասին մի շարք ճանաչւած անկախ պետութիւններ միայն երազել կարող են:
2. Արցախի Հանրապետութիւնն իր փաստացի անկախութեան տարիներին ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները ժողովրդավարական պետութիւն ունենալու համար: Նրա խօսքերով՝ փաստօրէն, Արցախի Հանրապետութիւնը, անկախ միջազգային ճանաչումից, ստեղծել է իր պետականութիւնը, որը գործում է անկախ և ժողովրդավար պետութեան չափանիշներով: Պարոն Վան Դեր Միրը խոսեց Կոզովոյում «Պակս Քրիստի» կազմակերպութեան իրականացրած բազմաբնոյթ նախաձեռնութիւնների մասին, ինչից, իհարկէ, ենթադրւում էր, որ այս կազմակերութիւնը նոյն նախաձեռնութիւններով կարող է հանդէս գալ նաև Արցախի Հանրապետութիւնում:
Զեկուցմամբ հանդէս է եկել նաև Արմէն Սարգսեանը՝ հանգամանօրէն ներկայացնելով արցախեան հիմնախնդրի լուծման իր տեսակէտը և այդ համատեքստում կարևորելով ինքնորոշման իրաւունքի կիրառման առաջնայնութիւնը: Զուգահեռներ անցկացնելով Կոզովոյի պարագայի հետ՝ նա նշեց, որ տարածքային ամբողջականութեան այսօրւայ միջազգային տեսակէտը վերաբերում է մի երկրի կողմից միւսի նկատմամբ կատարած ոտնձգութիւններին: Նոյն երկրի տարածքում ինքնորոշւող ժողովրդի իրաւունքը, բնականաբար, առաւել գերակայ է:
Եւ միջազգային փորձը ցոյց է տւել, որ դա բազմաթիւ հակամարտութիւնների միակ ճիշտ լուծումն է:Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Արցախցի խորհրդարանականն ընդգծեց ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու անհրաժեշտութիւնը։ Միևնոյն ժամանակ, նա կարևորեց իրադարձութիւնների ճշմարտացի արտացոլումը բանակցութիւնների ընթացքում: Ադրբեջանին իբրև ագրէսօր ճանաչելը, նշեց Արմէն Սարգսեանը, անհրաժեշտութիւն է հարցի արդարացի լուծման համար: Միաժանակ, ասաց նա, այն ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը, որ այսօր տիրում է տարածաշրջանում, տևական խաղախութեան պահպանման միակ ձևն է:
Տարածաշրջանում առկայ իրավիճակի ցանկացած փոփոխութիւն կարող է խախտել այդ հաւասարակշռութիւնը, ինչն ի վերջոյ կյանգեցնի նոր հակամարտոթիւնների:Ի դէպ, միջոցառմանը ներկայ ադրբեջանցիները փորձեցին մի շարք սադրիչ հարցերով լարել գիտաժողովի մթնոլորտը, սակայն Արցախից ժամանած խորհրդարանականի յստակ պատասխանները պարզութիւն մտցրին ամէն ինչում:
Օգտւելով ԼՂՀ ԱԺ պատգամաւորի այցի առիթից, ՀՅԴ «Արամ Մանուկեանե ենթակոմիտէութիւնը ՀՅԴ 120-ամեայ յոբելեանը նշելու միջոցառումների շրջանակում կազմակերպեց Ալմելոյի Հայ համայնքի հանդիպումը նրա հետ: ՀՄԸՄ-ին պատկանող սրահում տեղի ունեցած հանդիպմանը նա ելոյթ ունեցաւ բազմաթիւ հոլանդահայերի առջև: Հնչեցին մեծ թւով հարցեր, որոնք պարզաբանելով՝ նա յստակութիւն ու որոշակիութիւն մտցրեց արցախեան հարցի վերաբերեալ ներկաների պատկերացումներում:
Հոլանդիա կատարած այցը համընկաւ երկու հետաքրքիր միջոցառումների հետ: Այդ օրերին հոլանդահայութիւնը մասնակցում է «Հայաստանե Համահայկական Հիմնադրամի դրամահաւաքին և, առիթից օգտւելով, ԼՂՀ ԱԺ պատգամաւորը ներկայ գտնւեց հեռախօսային կենտրոնում, որտեղ և հանդիպում ունեցաւ հիմնադրամի տեղական մասնաճիւղի աշխատակիցների և նրա նախագահ Նուբար Սեպոյեանի հետ:
Բացի այդ, ՀՄԸՄ-ը կազմակերպել էր սկաուտական և մարզական հետաքրքիր միջոցառումների օր, որտեղ Արմէն Սարգսեանը ցանկալի հիւր էր և նրան տրւեց մրցանակների հանձնման պատիւը:
Մ. Աբրահամեան,
Հոլանդիայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ
ArmAr.am
ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment