Սերժ Սարգսեան.–


« Ադրբեջանի Ռազմական հռետորաբանութիւնը
Արցախի հարցում ստեղծում է ծայրայեղ լարւած
իրավիճակ»



Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական

համագործակցութեան հայ-թուրքմենական միջկառավարական յանձնաժողովի

արդիւնաւէտ գործունէութեան կարևորութիւնը ևս




Նոյեմբեր 25, 2010թ. 09:15
Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահները երէկ երկկողմ բանակցութիւնների արդիւնքները ներկայացրել են զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչներին:
Անդրադառնալով Նախագահ Բերդիմուհամեդովի հետ միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկմանը` ՀՀ Նախագահ Սարգսեանն ասել է, որ միջազգային օրակարգի կարևորագոյն հարցերի շուրջ Հայաստանի և Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանութիւնը միջազգային ասպարէզում փոխշահաւէտ համագործակցութեան լաւ հիմք է:
«Մենք, իհարկէ, նաև քննարկեցինք Հարաւային Կովկասի անվտանգութեան վերաբերեալ հարցեր: Ես Թուրքմենստանի Նախագահին ներկայացրեցի, թէ ինչպիսին ենք տեսնում Ղարաբաղեան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապէս հնչող ռազմական հռետորաբանութիւնը և սպառազինութեան աննախադէպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրահեղ լարւած իրավիճակ: Ես ցանկանում եմ ևս մէկ անգամ ընդգծել այս հարցի կապակցութեամբ Հայաստանի դիրքորոշումը. ճգնաժամերը և հակամարտութիւնները պէտք է լուծւեն բացառապէս խաղաղ ճանապարհով, միջազգային իրաւունքի սկզբունքների և նորմերի հիման վրայ, որոնք մի ամբողջութիւն են կազմում:
Միջազգային հանրութեան կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, պետութեան տարածքային ամբողջականութիւնը և ազգերի ինքնորոշման իրաւունքն ու իրաւահաւասարութիւնը: Միայն այսպիսի մօտեցումն է ապահովում արդար և երկարաժամկէտ լուծման հասնելու հնարաւորութիւնը»,-ընդգծել է Հայաստանի Նախագահը:
Նախագահ Սարգսեանն իր խօսքում նախ շնորհակալութիւն է յայտնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ջերմ ընդունելութեան համար, ապա ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ձևաւորւած յարաբերութիւններն ու դրանց յատուկ նշանակութիւն է տալիս: Նախագահի հաւաստմամբ, այդ ամէնի վկայութիւնն են և՛ պաշտօնական այցը, և՛ կառուցողական ու լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցութիւնները:
Սերժ Սարգսեանը խօսել է ստորագրւած փաստաթղթերի կարևորութեան մասին, նաև նշել, որ Թուրքմենստանի Նախագահի հետ քննարկել են Հայ-թուրքմենական յարաբերութիւնների արդիական հարցեր, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
Նախագահի խօսքով, բանակցութիւնների ժամանակ անդրադարձ է եղել առևտրատնտեսական յարաբերութիւններին ևս: Երկուստէք ընդգծւել է, որ չնայած վերջերս նկատւում է դրական տեղաշարժ, սակայն տնտեսական կապերի ամրապնդման ներուժը դեռևս լիարժէքօրէն չի օգտագործւում:
«Կարծում եմ, համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել մեր առևտրատնտեսական յարաբերութիւնների հետագայ ընդլայնումը, դրանց նոր խթան հաղորդել: Համագործակցութեան լուրջ ներուժ կայ էներգետիկայի, տրանսպորտի, գիւղատնտեսութեան, տեքստիլ արդիւնաբերութեան ոլորտներում: Վստահ եմ, որ մեր ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեվարող սուբյէկտների միջև ուղիղ կապերի հաստատման համար լաւ հնարաւորութիւն են գործարար-համաժողովները, որոնցից հերթականն այսօր իր աշխատանքն սկսեց Աշղաբադում»,-ասել է Սերժ Սարգսեանը, կարևորելով առևտրային յարաբերութիւնների զարգացման, երկու երկրների գործարար սուբյէկտների միջև անմիջական կապերի համար բարենպաստ պայմանների ստեղծման, արդիւնաբերութեան և ներդրումների ոլորտում համագործակցութեան վերաբերեալ երկկողմ պայմանաւորւածութիւնները:
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցութեան հայ-թուրքմենական միջկառավարական յանձնաժողովի արդիւնաւէտ գործունէութեան կարևորութիւնը ևս:
Նախագահ Սարգսեանը նշել է, որ մեծ նշանակութիւն է տրւել հումանիտար ոլորտում համագործակցութեան հարցերին` ստորագրւել են մշակոյթի, կրթութեան ոլորտներում համագործակցութեան մասին համաձայնագրեր, ինչպէս նաև` առաջիկայ տարիներին Երևանի պետական համալսարանի և Մահտումկուլիի անւան Թուրքմենստանի պետական համալսարանի միջև համագործակցութեան մասին ծրագիր: Թուրքմենստանում այժմ ընթանում են հայկական կինոյի օրերը: Ակտիւօրէն զարգանում են առողջապահութեան ոլորտում կապերը: Այս ամէնը, Սերժ Սարգսեանի խօսքով` շատ լաւ և դրական միտումներ են, որոնք անհրաժեշտ է զարգացնել:
ArmAr.am




0 Պատգամ: