Կրասնոդարում սպանդ իրականացրած
աւազակախմբի կազմում հայեր կան
13:15 • 27.11.10
Յայտնի է դարձել Կրասնոդարի երկրամասում վերջերս 12 մարդու սպանած աւազակախմբի ողջ կազմը։ Life News–ի տրամադրութեան տակ է յայտնւել երկրամասում կատարւած յանցագործութիւնների մէջ կասկածւող 30 մարդկանց անունները, որոնց թւում են 2 հայեր՝ Սարգսեան Արման Իշխանի (28 տարեկան) և Գէորգեան Գ.Գ։
2010թ. նոյեմբերի 5–ին, Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա աւանի Զելյօնայա փողոցում յայտնաբերւել էր 12 մարդու մարմին, այդ թւում՝ 4 երեխայի։
Նախնական տւեալներով՝ երեխաներից մէկը մահացել էր շմոլ գազի թունաւորումից, իսկ երկրորդին խեղդել էին։ Մնացած 10 հոգին մահացել էին բազմաթիւ կտրած–ծակած վերքերից, ոմանց վրայ եղել էին նաև այրւածքների հետքեր։ Յանցագործութեան հետքերը կոծկելու համար յանցագործներն այրել էին մարմինները։
Սպանւածների թւում են «Ասթոն» ընկերութեան ֆինանսական տնօրէն Վլադիմիր Միրոնենկոն, նրա երկու դուստրերը, կինը և կնոջ ծնողները։
Կուշևսկայա աւանի բնակիչներին կողոպտած ու սպանած խմբաւորման կազմում 30 մարդ է եղել։ Աւազակային խմբաւորման ղեկավարը Սերգէյ Ցեպկոն է. նրա գլխաւորած խմբաւորման անդամները կատարել են աւելի քան հարիւր յանցագործութիւն, այդ թւում՝ գողութիւններ, կողոպուտ, սպանութիւններ, բռնաբարութիւն, մահւան ելքով վթարներ, խուլիգանութիւն։
«Խմբաւորման ակտիւ անդամների մեծ մասն արդէն բազմիցս դատւած է եղել, նրանք շրջապատում յայտնի են համապատասխան մականուններով»,– Life News–ին մեկնաբանել են Կրասնոդարի երկրամասի ուժային գերատեսչութիւնից։Խմբաւորման անդամների դերերը բաշխւել են խիստ աստիճանակարգի համաձայն՝ կախւած իւրաքանչիւր յանցագործի փորձառութիւնից։
Յիշեցնենք, որ փաստի առթիւ քրէական գործ էր յարուցւել՝ ՌԴ ՔՕ 105–րդ յօդւածի 2–րդ մասով՝ երկու և աւելի անձանց սպանութիւն։ Հարցաքննութեան արդիւնքում հետաքննչական մարմինը պարզել է յանցագործութեան կազմակերպչի և նրա մերձաւոր օգնականի ինքնութիւնը։
Նոյեմբերի 14–ին Ռոստովում իր սեփական տանը ձերբակալւել է աւազակախմբի պարագլուխ Սերգէյ Ցապոկը, միաժամանակ՝ Կուշևսկայա աւանում ձերբակալւել է նաև նրա օգնական Սերգէյ Ցեպովեազը։ Նոյեմբերի 20–ին Ռոստովի օդակայանում ձերբակալւել են Եգիպտոսից նոր ժամանած Անդրէյ Բիկովը և Սերգէյ Կարպենկոն, իսկ նոյեմբերի 24–ին յայտնաբերել են աւազակախմբի ևս մէկ անդամի, որը կասկածւում է 45–ամեայ Իգոր Չորնիխի 4 երեխաների սպանութեան մէջ։
Բոլոր ձերբակալւածների համար որպէս խափանման միջոց ընտրւել է 2 ամսով կալանքը, յայտնել է Կուշչևսկի շրջանային դատարանի դատաւորի օգնական Օկսանա Բաշկիրցևան։

Tert.am

0 Պատգամ: