ԽՄԲԱԳՐԱԿԱՆ



«Թուրքը մնում է թուրք»,

Եւրոպան՝ առաւել եւս...



29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
1- Հայ-թուրքական յարաբերութիւնների այսպէս ասած սառեցւած գործընթացի շրջանակներում Թուրքիայի նախագահ Գիւլը սոյն թւականի նոյեմբերի սկզբին գրեթէ համահունչ արձագանգեց, երբ նոյն օրերին Շւէյցարիայից վերադարձին յայտարարում էր թէ՝ գործընթացը կարելի է բնութագրել որպէս «լուռ դիւանագիտութիւն....»:

2- Նոյեմբերի կէսերին եւ այս անգամ Թուրքմենստանից վերադարձին Գիւլը միանգամայն շրջադարձային յայտարարութիւն արեց՝ ասելով. «...Այդ խնդրի գծով կապի մէջ եմ Սերժ Սարգսեանի, Ալիեւի, Մեդւեդեւի եւ Պուտինի հետ...»:

Միջանկեալ նշենք, որ հէնց նոյ. 9-10-ին Անկարայում էր գտնւում ԱՄՆ-ի սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ջան Քերին, ով մամլոյ ասուլիսի ընթացքում փորձում էր «պատգամել» թուրք իշխանաւորներին թէ՝ «Այս տարի սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի աջակիցների թիւը բարձրանալու է...»՝ աւելացնելով ու ընդգծելով նաեւ, որ ԱՄՆ-ի համար գերկարեւոր նշանակութիւն ունի Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղակայումը՝ չմոռանալով յիշեցնել միաժամանակ «Իրանի ատոմային սպառնալիքը», դրան գումարելով նաեւ թուրք-իսրայէլական վերջին անախորժութիւնների աննպատակայարմարութիւնը...»:

3- Այժմ, նոյեմբերի վերջին Գիւլն արդէն առաջարկում է, որ Հայաստանի նախագահը կամք ու համարձակութիւն դրսեւորի, որպէսզի գործընթացը իր բարեյաջող աւարտով եզրայանգւի. չմոռանալով, սակայն, յայտնի նախապայմանը՝ հայկական ուժերի դուրսբերումը՝ «ադրբեջանական օկուպացւած տարածքներից»:

4- ՆԱՏՕ-ի տւեալ գագաթաժողովին, ի հեճուկս թուրքական լարախաղացութեան (Թուրքիան իբր խիստ պահանջում էր ՆԱՏՕ-ից, որ իր հակահրթիռային համակարգի սեփական երկրում տեղակայումը չպէտք է որեւէ երկրի (ասել է թէ՝ Իրան, Ռուսաստան) դէմ կիրառւելիք քայլ համարւի, որը, ի դէպ, զաւեշտալի էր բնութագրւում նոյնինքն Թուրքիայի ազգայնական կուսակցապետ Բահչելիի կողմից), այդուհանդերձ՝ ՆԱՏՕ-ականները հաստատում են նախագծւած հռչակագիրը, որում զետեղւած էր Հարաւկովկասեան երկրների լոկ «տարածքային ամբողջականութեան պահպանման» սկզբունքը եւ հակառակ նախորդ տարիների նոյնանման հռչակագրերի՝ զեղչւել էր «ազգերի ինքնորոշման իրաւունքի» սկզբունքը (չի բացառւում, որ Թուրքիա-ՆԱՏՕ սակարկութիւնների արդիւնքում՝ կատարւել է «առ եւ տուր»-ի գործարք՝ հակահրթիռային կայանների տեղակայում՝ ադրբեջանամէտ բանաձեւի դիմաց):

Այստեղից էլ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ՀՀ նախագահի չմասնակցելը... Իսկ միւս կողմից նոյն գագաթաժողովին մասնակից Ռուսաստանի նախագահ Մեդւեդեւի առաջարկը, որով ՆԱՏՕ-Ռուսաստան հրթիռակայանների օգտագործման խնդրում համատեղ գործակցութեան տարբերակն էր առաջ քաշում, միանշանակ մերժւեց ՆԱՏՕ-ի կողմից:

5- Այս իրադարձութիւնները, սակայն, իրենց յաջորդականութեամբ տեղի են ունենում մօտալուտ՝ դեկտ. 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի վեհաժողովի նախօրեակներին, որտեղ իբր պէտք է նախանշւեն Արցախեան հարցի կարգաւորման շուրջ կողմերի «նորացւած մօտեցումները», այլապէս՝ Գիւլի մատնանշած կամքը՝ ՀՀ նախագահի կողմից, չդրսեւորւելու դէպքում, շրջանը կրկին ականատեսը կը լինի նոր պատերազմի բռնկման... անշուշտ՝ մեղքը բարդելով Հայաստանի վրայ...:

Դա են ապացուցում նաեւ ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Չաւուշօղլուի Արցախեան հարցի մասին օրերս բարձրաձայնումներն ու նոյնինքն Գիւլի կողմից ԵԱՀԿ-ի գալիք վեհաժողովում նոր նախագահութեան (թուրք ներկայացուցիչ) առաջադրման մտադրութիւնը:

6- Ահաւասիկ, Գիւլի ասած «լուռ դիւանագիտութիւնը» վերածւել է աղաղակող յոխորտալիքների, որոնց առթիւ այլեւս «թուրքը մնում է թուրք» բնութագիրը անբաւարար կը լինէր: Աւելին՝ դրանով հայկական կողմի ինքնարդարանալու պատրանքով ու «համաշխարհային հանրային կարծիքի առջեւ Հայաստանի դրական իմիջի» խաբկանքով տարւելը մեղմ ասած՝ ի վնաս է լինելու հայոց պետական ու ազգային շահերին:

Ի վերջոյ, համարձակութիւնն ունենանք բարձրաձայնելու, որ «Եւրոպան էլ մնում է Եւրոպա...», ոչ միայն պատմական կտրւածքի փաստացի հայադաւութեամբ, այլեւ՝ այսօրեայ քաղաքական ու դիւանագիտական խաղերի թրքամէտութեամբ...

0 Պատգամ: