Թուրքիայում բերման են ենթարկել
Գիւմրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան
աշխատակիցներին
Նոյեմբեր 20, 2010 12:05
Թուրքիայի Կարս քաղաքում նախօրէին՝ նոյեմբերի 19-ին, ժամը 13-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան աշխատանքային խումբը բերման է ենթարկւել տեղի ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից:
Քաղաքի նախկին հայաբնակ թաղամասերից մէկում նկարահանումներ կատարելու ժամանակ «ԳԱԼԱ»-ի աշխատակիցներին են մօտեցել քաղաքացիական հագուստով մի քանի ծառայողներ եւ արգելել նկարահանումները: Այնուհետեւ, 5 հոգուց բաղկացած խմբին ուղեկցել են ազգային անվտանգութեան բաժանմունք՝ փաստաթղթային ստուգումներ իրականացնելու նպատակով:
Ծառայութեան աշխատակիցները տեղեկացրել են, որ հեռուստաընկերութեան աշխատանքային խումբը, առանց համապատասխան կառոյցների թոյլտւութեան, իրաւունք չունի նկարահանումներ կատարել Կարսում, եւ ընդհանրապէս, Թուրքիայի հանրապետութեան տարածքում: Հեռուստաընկերութեան աշխատակիցները հակադարձել են, որ թոյլտւութիւն ստանալ հնարաւոր չէր, քանի որ Բայրամ կոչւող իրենց տօնական օրերին պետական ատեաններում պատասխանատու որեւէ անձի գտնելը փաստացի անհնար էր:
«ԳԱԼԱ»-ի աշխատախմբի անդամները (խմբի ղեկավար Կ. Յարութիւնեան, խմբագիր Է.Մխիթարեան, օպերատոր Տ. Գասաբեան, թարգմանիչ Հ. Ֆիլեան, վարորդ Ռ.Մարտիրոսեան) հրաժարւել են իրաւապահներին յանձնել անձնագրերը եւ յայտնել են, որ ոտնահարւում է իրենց իրաւունքները: Ազգային անվտանգութեան աշխատակիցները մի քանի հեռախոսազրոյց են ունեցել իրենց վերադասի հետ, այնուհետեւ տեղեկացրել, որ տուգանք պէտք է վճարւի:
Նախ նշել են, որ մէկ անձի տուգանքի չափը 250 թուրքական լիրա է, այնուհետեւ, այսպէս ասած «լաւութեան կարգով» նոյն գումարի չափը սահամանել են ամբողջ խմբի համար: Աշխատախմբի դժգոհութիւններին նրանք պատասխանել են բարի ժպիտով, թէյի հիւրասիրութեամբ եւ «մեր օրէնքի պահանջն է. ոչ մի դիտաւորութիւն չկայ» խօսքերով: Սակայն մի քանի նոր հեռախօսազանգից յետոյ, նրանք Հայաստանից ժամանած խմբին տեղեկացրել են,որ տուգանք չի լինի եւ իրենք պարտք ու պահանջ չունեն:
Ի դէպ, ազգային անվտանգութեան թուրք աշխատակիցները 5 րոպէով փաստաթղթային ստուգումներ կատարելու պատրւակով մօտ 1.5 ժամ խմբին պահել են բաժանմունքում: Խմբի անդամների պնդումներից յետոյ, որ իրենք պահւում են անհիմն, թուրք իրաւապահները, ստուգելով «ԳԱԼԱ»-ի աշխատակիցների անձնագրային տւեալներն ու երկրի տարածք մուտք գործելու օրինականութիւնը, նրանց ազատ են արձակել՝ խնդրելով դադարեցնել հետագայ նկարահանումները:
Հարկ է նշել, որ թուրք իրաւապահների եւ «ԳԱԼԱ»-ի աշխատախմբի անցանկալի ընկերակցութիւնը տեւել է մօտ 90 րոպէ, որից յետոյ նկարահանող խումբը նրանց ուղեկցութեամբ հեռացել է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: