Վրաց պատրիարքարանը վախենո՞ւմ

է Հայոց Կաթողիկոսի Ջաւախք


այցելութիւնից




Նոյեմբեր 25, 2010թ. 10:01
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի այցելութիւնը Վրաստան, ամենայն հաւանականութեամբ, այլեւս չի կայանայ: Եւ այդ հաւանականութեան մեծացման հիմնական պատճառը, այդուհանդերձ, կաթողիկոսի` Ջաւախք այցելելու ցանկութիւնն է:
Նոյեմբերի երկրորդ կէսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարելիք հովվապետական այցի առնչութեամբ Մայր աթոռից վերջերս տեղեկացրին, որ այցը հետաձգւում է: «Նկատի առնելով Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդիՙ արտասահմանում բուժումից յետոյ վերականգնողական շրջանի անհրաժեշտութիւնը եւ պատրիարքի ցանկութիւնը` ուղեկցելու Հայոց Կաթողիկոսին Թբիլիսի եւ Ջաւախք միջեկեղեցական եւ հովվապետական այցելութեան ողջ ընթացքում` Վրաց եկեղեցին դիմել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին` վերանայելու Հայոց Հայրապետի Վրաստան այցի թւականը», նշւած էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի մասին ներկայացնող հաղորդագրութեան մէջ:
Ըստ այդմ, Գերագոյն հոգեւոր խորհուրդը նոյեմբերի 13-14-ին Էջմիածնում, Կաթողիկոսի նախագահութեամբ, «ընդառաջ խնդրանքին հետաձգել է Վեհափառի Վրաստան այցը` նկատի ունենալով հետաձգման վերաբերեալ նաեւ Վիրահայոց թեմի եւ Ջաւախքի փոխառաջնորդութեան խնդրանքը»:
Ըստ էութեան, քանիցս Հայոց Կաթողիկոսի այցելութիւնը հետաձգելու տարբեր պատճառները գնալով պակաս հիմնաւոր են դառնում: Ի վերջոյ, եթէ վատառողջ է վրաց պատրիարքը, Հայոց Կաթողիկոսը կարող էր նաեւ մենակ այցելել Ջաւախք` առանց ուղեկցութեան:
Ինչեւէ, Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը, որ բուժումից յետոյ, ստացւել էր, որ չի կարող ուղեկցել հայոց կաթողիկոսին, պարզւում է, որ ամենայն հանգստութեամբ կարողանում է այցեր իրականացնել: Մասնաւորապէս երէկ պատրիարքը այցելել է Գուրիի շրջան, որտեղ մասնակցել է հասարակական գործիչ Էկվտիմե Տակաիշվիլու տուն-թանգարանի բացմանը: Բացի այդ, նա եղել է Աչիի կիրճում գտնւող Ս. Գէորգի եկեղեցում:
«Ազգը» տեղեկացրել է, որ դեռեւս յունիս ամսին էր նախատեսւում Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտօնական այցը Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդին, որից յետոյ Նորին Սրբութիւնը հովվապետական այցով պիտի լինէր Վիրահայոց թեմում` Թբիլիսիում եւ Ջաւախքում:
Ժամանակին մեր թերթը գրել էր, որ Ջաւախք հովվապետական այցի հաւանականութիւնն այնքան փոքր է, որ դրան կարելի է չհաւատալ: 1894-ից ի վեր Հայոց որեւէ կաթողիկոս չի այցելել Ջաւախք, երբ հայկական սփիւռքի շատ երկրներում են եղել մեր կաթողիկոսները:
Մինչդեռ Ջաւախքում վաղուց են սպասում Հայոց Կաթողիկոսի այցելութեանը, սպասում են ոչ միայն հաւատի, այլեւ ընդհանրապէս Հայ հոգեւոր առաջնորդի տեսնելու, օրհնութիւն ստանալու ակնկալիքով: Եւ սա այն դէպքում, երբ Ջաւախքում դժւարութեամբ են յաղթահարւում տասնեակ տարիներ առանց եկեղեցու ու հոգեւորականի ապրած ժամանակների սովորութիւնները, որոնց համաձայն ջաւախքցին հազւադէպ է մտնում եկեղեցի:


Ա.ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ,

Ազգ
ArmAr.am

0 Պատգամ: