ԹԷեւ թղթից չէր մեր շերեփը...

90 տարի առաջ ստորագրւեց Սեւրի հաշտութեան դաշնագիրը

Առաջին՝ 1914-18 թթ. աշխարհամարտից յետոյ, որին մասնակից էին դարձել 33 պետութիւններ՝ 1,5 միլիարդ ընդհանուր բնակչութեամբ (երկրագնդի բնակչութեան 87%-ը), պատերազմի արդիւնքներն ի մի բերելու նպատակով, բնականաբար, կնքւեցին մի շարք միջազգային պայմանագրեր:

Դրանցից մէկն էլ ստորագրւեց 1920 թ. օգոստոսի 10-ին, փարիզամերձ Սեւր փոքրիկ քաղաքում, ուր, թւում էր, պիտի վերջապէս իր լուծումը ստանար մի բաւականին չարչրկւած խնդիր, իրականութիւն դառնար թուրքական նախճիրից հազիւ կիսով չափ փրկւած մոլորակի հնագոյն ժողովուրդներից մէկի դարերով փայփայած երազանքը՝ անկախ ու միացեալ հայրենիքի վերածնունդը, սակայն ճակատագիրը նորից ու կրկին երես թեքեց հայերից, թէպէտ կարծես թէ այս անգամ թղթից չէր մեր շերեփը, քանզի Հայաստանն էլ յաղթողների շարքում էր՝ որպէս աշխարհի հզօրների դաշնակից…

Սեւրի դաշնագիրը ստորագրել են մի կողմից պատերազմում պարտւած Սուլթանական Թուրքիայի կառավարութիւնը, միւս կողմից՝ 13 դաշնակից պետութիւնները՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Յունաստան, Լեհաստան եւ այլն: Վերջիններիս մէջ էր նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը, որի անունից պայմանագիրը ոսկէ գրչածայրով ստորագրեց գրող, հասարակական-քաղաքական գործիչ, մինչ այդ Հայոց ազգային խորհրդի (1917), ապա ՀՀ խորհրդարանի (1919) նախագահ Աւետիս Ահարոնեանը:

Ըստ դաշնագրի, որը բաղկացած էր 13 մասից ու 433 յօդւածներից, Թուրքիան, փաստօրէն, անդամահատւում էր. եւրոպական մասում նրան էր թողնւում Կ. Պոլիսը՝ իր շրջակայքով, ասիական մասում՝ Արեւմտեան Անատոլիան: Նեղուցներն ապառազմականացւում էին՝ դրւելով միջազգային կառավարման ներքոյ, Թրակիան եւ Զմիւռնիան (Իզմիր) վերադարձւում էին Յունաստանին, Թուրքիան հրաժարւում էր Կիպրոսից, արաբական տիրոյթներից, Հեջազը (Սաուդական Արաբիա) անկախութիւն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) յանձնւում էին Անգլիան ու Ֆրանսիային՝ որպէս ենթամանդատային տարածքներ:

Թուրքիային թոյլատրւում էր ունենալ ընդամէնը 50 հազար զինւոր, այդ թւում՝ 35 հազար ոստիկանութիւն: «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ յօդւածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպէս «ազատ ու անկախ պետութիւն»: Դաշնագիրը ստորագրող երկրները համաձայնում էին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշմանը՝ չորս նահանգների տարածքում, որտեղ հայերը թուրքական կառավարութեան բազմադարեայ հայահալած ու ջարդարարական քաղաքականութիւնից յետոյ էլ, մինչեւ 1915 թ. եղեռնը, մեծամասնութիւն էին կազմում:

Հայաստանի արեւելեան սահմանները որոշւելու էին Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ուղղակի բանակցութիւնների միջոցով: Համաձայնութեան չգալու դէպքում՝ խնդիրը պէտք է լուծւէր տեղում՝ դաշնակից պետութիւնների կողմից ստեղծւած յատուկ յանձնաժողովի օգնութեամբ: Ի շարս այլ դրոյթների՝ մատնանշւում էր, որ Թուրքիայի փոքրամասնութիւնների պաշտպանութիւնը, կեանքը, ազատութիւնն ու հաւասարութիւնը օրէնքի առաջ պէտք է ապահովւէին կառավարութեան կողմից. «Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարւած վայրագութիւնների պատճառած չարիքն առաւելագոյն չափով քաւելու համար՝ Օսմանեան կառավարութիւնը պարտաւորւում է իր եւ օսմանեան իշխանութիւնների կողմից ցոյց տալ ամէն տեսակ աջակցութիւն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից յետոյ անհետացած, առեւանգւած, ներկալւած եւ ազատազրկւած ամէն տեղի եւ ամէն կրօնի մարդկանց որոնելու եւ ազատելու համար»:

«Պատիժներ» մասում թուրքական կառավարութիւնը ճանաչում էր դաշնակից տէրութիւնների իրաւունքը՝ ռազմական ատեանին յանձնելու պատերազմի օրէնքներն ու կանոնները խախտած մեղաւոր անձանց, համաձայնում էր նաեւ յանձնել այդ մարդկանց, ինչպէս եւ նրանց կատարած ոճրագործութիւնների վերաբերեալ տեղեկութիւններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարւած ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնւում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրութեան մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»:

Մինչեւ Սեւրեան հաշտութեան դաշնագրի ստորագրումը՝ ԱՄՆ-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի նշանակած յանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրութիւնը, տնտեսութիւնը, տրանսպորտը, ջրային աղբիւրները, առեւտրական ճանապարհները, ժողովրդագրական ու միւս խնդիրները, որոնք պէտք է հաշւի առւէին սահմանները որոշելիս: Յանձնաժողովն իր յանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ Վիլսոնն իր որոշումը եւրոպական պետութիւններին յանձնեց նոյեմբերի 22-ին, ըստ որի՝ Հայաստանը պէտք է ստանար Վանի եւ Բիթլիսի (Բաղեշ) նահանգների երկուերրորդը, Էրզրումի (Կարին) գրեթէ ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը:

Այդ որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանն սկսւում էր Իրանի սահմանամերձ Կոտուր բնակավայրից, անցնում Վանայ լճից եւ Բիթլիս ու Մուշ քաղաքներից հարաւ-արեւմուտք, ապա, Երզնկան շրջանցելով, ձգւում հիւսիս, մինչեւ Սեւ ծով՝ ներառելով Տրապիզոն նաւահանգիստը: Այդպիսով՝ Արեւմտեան Հայաստանի տարածքը պիտի կազմէր 90 հազար քառ. կմ.: Միաւորւելով արդէն գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութեան հետ՝ հայկական անկախ պետութիւնը կունենար շուրջ 160 հազար քառ. կմ. տարածութիւն՝ դէպի Սեւ ծով ելքով, որը մօտաւորապէս կազմում է հայոց բնօրրանի կէսը:

«Սեւրեան հաշտութեան պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական Հարցի լուծմանը եւ հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բաւարար տարածք: Սակայն, Սեւրեան հաշտութեան պայմանագիրը մնաց թղթի վրայ: Այն չվաւերացրեց նոյնիսկ սուլթանական կառավարութիւնը»,- խոր ափսոսանքով նշում է հայագէտ պրոֆ. Ռիչարդ Յովհաննիսեանը (ԱՄՆ): «Սեւրի դաշնագիրը չիրականացւեց, քանի որ Քեմալական Թուրքիան՝ յենւելով Խորհրդային Ռուսաստանի ռազմա-քաղաքական աջակցութեան վրայ եւ օգտւելով արեւմտեան տէրութիւնների թողտւութիւնից, յամառ պայքար ծաւալեց այդ պայմանագրի ձախողման համար»,- գրել է պրոֆ. Իւ. Բարսեղովը (Մոսկւա):

Այո, գաղտնիք չէ, որ Հայկական Հարցի տապալման, ինչպէս նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան կործանման գործում որոշիչ դեր է խաղացել թուրք-բոլշեւիկեան գործակցութիւնը՝ Վլադիմիր Ուլիանով-Լենինի եւ Մուստաֆա Քեմալ-Աթաթուրքի գլխաւորութեամբ, որոնց համար միջնորդ էր դարձել հարաւարեւելեան Կովկասի Ադրբեջան յաւակնոտ անունով նորաթուխ պետութիւնը:

«ArmAr.am»

0 Պատգամ: