Wikileaks.-

Էրդողանը՝ թուրք կաշառակեր

պաշտօնեաների ցուցակում



14:41 • 29.11.10
Wikileaks-ի հրապարակած ԱՄՆ պետքարտուղարութեան գաղտնի փաստաթղթերում տեղ են գտել նաև թուրք բարձրաստիճան կաշառակեր պաշտօնեաների անունները։
Անկարայում Միացեալ Նահանգների նախկին դեսպան Էրիկ Էդելմանի կողմից 2004թ. դեկտեմբերի 30-ին պատրաստւած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորած «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան շարքերում առկայ ապօրինութիւնների մասին փաստաթղթում ասւում է.
«Ինչպէս մեզ տեղեկացրել են «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան ներկայացուցիչները, մի շարք նախարարական ընտանիքների անդամներ առնչութիւն ունեն շատ լուրջ ապօրինութիւնների հետ։ Օրինակ՝ Էրդողանը միանգամից 8 առանձին հաշւեհամարներ ունի շւէյցարական բանկերում։ Իսկ թրքական կառավարութեան ղեկավարի այն յայտարարութիւնը, թէ ինքն իբր իր ունեցւածքը կուտակել է տղայի հարսանիքի նւէրների հաշւին, իսկ իր չորս զաւակների ուսման վարձերը վճարում է մի թուրք գործարար, ուղղակի մակերեսային են»։
Բացի այդ, հրապարակւած փաստաթղթում նշւում է, որ կաշառակերութեան հետ ամենասերտ կապեր ունեցող թուրք այժմ արդէն նախկին նախարարներից են Աբդուլքադիր Աքսուն, որը զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտօնը, Քիւրշաթ Թիւզմենը, ով զբաղեցնում էր արտաքին առևտրի հարցերով պետնախարարի աթոռը, և «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան Ստամբուլի գրասենեակի նախկին ղեկավար Մեհմեդ Մուեզզինօղլուն։

Tert.am

0 Պատգամ: