«ՀՅԴ-ն ամէն ինչ կանի, որպէսզի
ընտրութիւնները համարժէք լինեն
ժողովրդի ցանկութիւններին»
1 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
«Tert.am»
«Մենք լաւ հասկանում ենք, որ լինելով ընդդիմութեան մէջ՝ այս արատաւոր ընտրական համակարգի պայմաններում ընտրութիւններին մասնակցելը չափազանց բարդ գործ է լինելու: Բայց, մենք նաեւ ամէն ինչ անում ենք, որպէսզի արատաւոր դրսեւորումները հնարաւորինս պակասեն, որպէսզի ընտրական գործընթացները գոնէ ինչ-որ կերպ համարժէք լինեն ժողովրդի ցանկութիւններին ու պատկերացումներին»,- օրերս լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:
Ըստ նրա՝ Դաշնակցութիւնը միամիտ չէ եւ գտնում է, որ խորհրդարանական ընտրութիւններում հնարաւոր չէ բացառել այն երեւոյթները, որոնց իրենք ականատես են եղել նախորդ ընտրութիւնների ժամանակ: «Միշտ էլ ընտրութիւններից առաջ, եթէ գումարում ես բոլորի ակնկալած ձայները, շուրջ 100 տոկոսի է մօտենում: Ես լսել եմ նաեւ, որ կոալիցիան ասում է՝ մենք ունենք 80 տոկոս, մնացածը ընդդիմութիւնը թող իրար մէջ բաժանի: Սա նախ արհամարհանք է ժողովրդի հանդէպ:
Դա նշանակում է, որ արդէն նախապէս որոշել են, թէ ով ինչքան ձայն է ստանալու եւ ժողովրդին, որպէս ընտրութիւններին մասնակցութիւն ունեցող գործօն, բացառում են»,- ասաց Արմէն Ռուստամեանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ի հիմնական նպատակը երկրում իշխանափոխութեան հասնելն է եւ նոր որակով իշխանութիւններ ձեւաւորելը: Սակայն, ըստ նրա, դա պէտք է կատարւի նորմալ, քաղաքակիրթ երկրներին վայել ընտրական գործընթացների միջոցով:
«Մեր յոյսն այն է, որ այն, ինչ չյաջողւի խորհրդարանական ընտրութիւններում, կը յաջողւի ստանալ նախագահական ընտրութիւններում»,- նշեց նա:Ա. Ռուստամեանի կարծիքով՝ Հայաստանում ընտրական գործընթացները այնքան արատաւորւած են, որ քւէատուփում առկայ քւէաթերթիկների քանակը բացարձակապէս կապ չունի տւեալ քաղաքական ուժի ունեցած իրական վարկանիշի հետ: Արմէն Ռուստամեանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարգաւորւում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:
Նա աւելացրեց, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատկերացնում, որ հարցը նախեւառաջ պէտք է լուծել Լեռնային Ղարաբաղի ճանաչման միջոցով, այլեւ աւելի է կոշտացնում իր դիրքորոշումները: Դաշնակցական գործիչը շեշտեց, որ մինչեւ այս դիրքորոշումները որոշակի փոփոխութեան չենթարկւեն, դժւար է որեւէ առաջընթաց ակնկալել: Ըստ նրա՝ բանակցային հոլովոյթը մտել է մի հրապարակային հանգրւան, որ բաւական փոխում է վերջնիս տրամաբանութիւնը:
Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար «Ժառանգութիւն» կուսակցութեան ներկայացրած փաստաթղթին՝ Ա. Ռուստամեանը նշեց, որ չպէտք է հարցը քւէարկութեան հանգրւանին հասցնել, որովհետեւ այդ խնդրից կարող է օգտւել ադրբեջանական կողմը: Նա յայտնեց, որ առաջարկը չի անցնի, քանի որ մեծամասնութիւնը դէմ է: Նա աւելացրեց, որ այս հարցում չպէտք է տարանջատում լինի ընդդիմութեան եւ իշխանութեան տեսակէտների մէջ, քանի որ երկրից դուրս մենք ներկայանում ենք միասնական դէմքով:
Ա. Ռուստամեանը նշեց, որ բանակցային հոլովոյթից դուրս գալը եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Հայաստանի վերջին զէնքը կարող է համարւել:

«ԱԼԻՔ»

0 Պատգամ: