Էրդողանը երգիչ Թարքանին է
մեղադրել Ստամբուլի պայթիւնի մէջ

Նոյեմբեր 01, 2010 02:09
Թրքական լրատւամիջոցները իրենց զարմանքն են յայտնել Թուրքիայի վարչապետի մեկնաբանութեան նկատմամբ, որտեղ Էրդողանը ուղիղ կերպով մեղադրում է պատմամշակութային յուշարձանների պահպանութեամբ մտահոգւած արւեստագէտներին՝ Ստամբուլի կենտրոնում իրականցրած պայթիւնի մէջ։
Թրքական Bianet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդինի նահանգում նոր բնակելի շէնքի բացմանը ելոյթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած պայթիւնին՝ դրանում մեղադրելով նաեւ Բաթմանի նահանգի պատմական Հասանքէյֆ շրջանը ջրամբարի տակ առնելու դէմ հանդէս եկողներին։
Fırat գործակալութիւնը եւս տարակուսանք է յայտնել Էրդողանի մեկնաբանութեան նկատմամբ, որտեղ Էրդողանը պատմական յուշարձանների ճակատագրով մտահոգ արւեստագէտներին համեմատել է Ստամբուլի պայթիւնը իրականացրածների հետ եւ նրանց նոյն հարթութեան վրայ դրել։ «Օրինակ՝ Թարքանը Հասանքէյֆի պահպանութեան համար պայքարողներից մէկն է։ Էրդողանի այս խօսքերը ցոյց են տալիս նրա իրական էութիւնը։ Հասանքէյֆի պատմական յուշարձանների պահպանութեան ու դրանք կառուցւող ջրամբարի ջրերով ծածկելու դէմ հանդէս եկող բազմաթիւ թուրք մտաւորականների դէմ մեղադրանքից չի հրաժարւում Էրդողանը»,-մեկնաբանում է Fırat գործակալութիւնը։
Նշենք, որ Հասանքէյֆը պատմական կառոյցներով վայր է Բաթմանի նահանգում, Տիգրիս գետի ափին։ Թրքական կառավարութիւնը նախատեսում է ջրամբար կառուցել, որի ջրերը կծածկեն 1000 տարւայ պատմութիւն ունեցող կառոյցները։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: