Աղդամը վերջապէս վերանւանւեց`
«Ակնա»

«Ակնայում մշտապէս բնակւում են 360-ից աւելի բնակիչներ, որոնք հիմնականում զբաղւում են հողագործութեամբ և անասնապահութեամբ»

«Մենք վերա–ազատագրել ենք և վերաբնակեցնում ենք մեր բնակիչներին »

Նոյեմբեր 2, 2010թ. 10:00
Վաղուց ժամանակն է ձերբազատւել թրքական տհաճ անւանումներից ու մեր հայրենիքի բնակավայրերին վերադարձնել իրենց իրական, պատմական անւանումները:
Եւ այսպէս, ինչպէս տեղեկացնում է «Ազատութիւն» ռադիոկայանը, Արցախի Հանրապետութեան կառավարութեան որոշմամբ Աղդամը վերանւանւել է Ակնա և դարձել Ասկերան քաղաքի թաղամասերից մէկը:
Արցախի Հանրապետութեան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչութեան պետ Սերգէյ Նասիբեանն ռադիոկայանի թղթակցին տեղեկացրել է, որ այդ որոշման նպատակն է կարգաւորել Աղդամում ապրող բնակիչներին հողայատկացումների գործընթացը և այլ կենցաղային հարցեր: «Քանի որ այս բնակավայրին առայժմ կարգավիճակ տրւած չէ , այն որպէս Ակնա թաղամաս մտնում է Ասկերանի քաղաքային համայնքի մէջ», – ասել է Նասիբեանը:
Արցախի Հանրապետութեան կառավարութեան տւեալներով` Ակնայում մշտապէս բնակւում են 360-ից աւելի բնակիչներ, որոնք հիմնականում զբաղւում են հողագործութեամբ և անասնապահութեամբ:
Սերգէյ Նասիբեանն ասել է, որ միգուցէ հետագայում, երբ Ակնան բնակավայրի կարգավիճակ կստանայ, կիրականացւեն նաև ինչ-ինչ ծրագրեր, մինչդեռ այսօր դեռ նման ծրագրեր չկան:
«Հետագայում, երբ տրւի բնակավայրի կարգավիճակ, կը յայտարարենք, որ մեր բնակավայրերը մենք վերաբնակեցնում ենք, վերաազատագրել ենք և վերաբնակեցնում ենք մեր բնակիչներին », – նշել է Արցախի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչութեան պետը:

ArmAr.am

0 Պատգամ: