Ո՞վ է պայքարելու յաջորդ նախագահական
ընտրութիւններում
16:02 • 02.11.10
«Նոր ժամանակներ» կուսակցութեան առաջնորդ Արամ Կարապետեանն այսօրւայ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին, նշեց, որ իշխող ՀՀԿ–ն ամէն ինչ անելու է՝ բոլոր ռեսուրսներն իր ձեռքում պահելու համար։ «Դա օլիգոպոլիայի միջոցով իշխանութիւնը պահելու դասական ձևն է»,– նշեց Կարապետեանը։
Նա նշեց, որ ընտրութիւնների ժամանակ չի բացառւում միաւորումների ձևաւորումը, իսկ ինչ վերաբերում է «Նոր ժամանակներին», ապա կուսակցութիւնը մնալու է «արմատական ընդդիմութեան կողքին»։ Միաժամանակ ՆԺԿ առաջնորդը համոզմունք յայտնեց, որ մինչև Հայաստանում համակարգային փոփոխութիւն չլինի, ընտրութիւններով որևէ բան չի փոխւի երկրում։ «Այդ դէպքում ինչո՞ւ էք մնում քաղաքականութեան մէջ» հարցին, ՆԺԿ առաջնորդը պատասխանեց. «Որպէսզի օգտագործենք քաղաքական պահը՝ յեղափոխութիւն անելու համար»։
Արամ Կարապետեանը լրագրողներին ներկայացրեց իր ունեցած տեղեկութիւններն այն մասին, թէ ինչ են պատրաստւում անել իշխանութիւնները 2013թ նախագահական ընտրութիւնների ժամանակ։ Ըստ Կարապետեանի տեղեկութիւնների՝ գալիք նախագահական ընտրութիւնների ժամանակ իրեն և «Ժառանգութեան» առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանին չեն գրանցելու որպէս նախագահի թեկնածու։ Փոխարէնը, ըստ նրա, ընդդիմութիւնից ընտրւելու է մի գործիչ, որի հետ պայքարում էլ Սերժ Սարգսեանը յաղթելու է նախագահական ընտրարշաւում։
«Ես գիտեմ այդ մարդու անունը, բայց չեմ ասում դեռ, դա Լևոն Տէր-Պետրոսեանը չէ, դա Ռոբերտ Քոչարեանը չէ։ Ընտրւելու է նոր մարդ, նոր, այսինքն քաղաքական դաշտում հին, բայց համեմատաբար, որին որպէս ընդդիմութեան ներկայացուցիչ՝ ապագայում չակերտների մէջ յաղթելու է Սերժ Սարգսեանը»,–յայտարարեց Արամ Կարապետեանը՝ նշելով, որ այդ անձը Արթուր Բաղդասարեանն էլ չէ։

Tert.am

0 Պատգամ: