Առանց Ղարաբաղի կարգավիճակի
ոչ մի «ճանապարհային քարտէզ»
չենք ստորագրի Աստանայում


Նոյեմբեր 02, 2010 13:03
«Մենք մեր դիրքերը չենք զիջելու եւ առանց Ղարաբաղի կարգավիճակի ոչ մի Ճանապարհային քարտէզ չենք ստորագրի»,- այսօր` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակէտ յայտնեց Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ Գալուստ Սահակեանը, մեկնաբանելով Աստանայում դեկտեմբերի 1-2-ին ԵԱՀԿ գագաթաժողովում Ղարաբաղի խնդրի վերաբերեալ ճանապարհային քարտէզ ստորագրելու հաւանականութեանը: «ճանապարհային քարտէզն» ընդամէնը փափուկ բառ է, իսկ մեզ համար նախեւառաջ Ղարաբաղի կարգավիճակն է կարեւոր»,- ընդգծեց նա, յաւելելց. «ՀՀԿ-ն կհամաձայնի անգամ արահետային քարտէզին, եթէ Ղարաբաղի կարգավիճակն այնտեղ լինի»:
Յիշեցնենք, որ նման հաւանականութեան մասին խօսել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից յետոյ:
Լրագրողները հետաքրքրւեցին նաեւ, թէ ինչո՞ւ են ԱԺ-ում փակել YouTube կայքը, ինչին ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ YouTube-ին հակազդելու իրական երաշխիքներ կան: Մենք պիտի կարողանանք իրականութիւնն ու զրպարտանքը տարբերակել իրարից: Դրանք քարոզչական մեքենաներ են, որ փորձում են թուլացնել Հայաստանը»: Նա նաեւ նշեց, որ ինքը տեղեակ չէ, թէ ինչու են ԱԺ-ում փակել այդ կայքը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: