Սերժ Սարգսեան.–
Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին ԼՂ
կարգաւորման միջնորդական ջանքերի համար

«Հաճոյքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերութիւնը
վստահ շարունակւում է»

Մեդվեդեւ.– «Մենք նոյնպէս դա շատ ենք ցանկանում»
18:39 • 17.11.10
Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում միջնորդական ջանքերի համար և յոյսով է, որ դրանք առաջիկայում կաւարտւեն դրական արդիւնքով։ Այս մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Կրեմլում ասել է Սերժ Սարգսեանը։
«Ռուսաստանի միշտ կարևոր դեր է խաղացել Կովկասում։ յոյսով եմ, որ Ձեր ջանքերը կեզրափակւեն շուտով և դրական արդիւնքով»,- ասել է Սերժ Սարգսեանը։
Ի պատասխան Մեդվեդևն ասել է. «Մենք նոյնպէս դա շատ ենք ցանկանում»։
«Գործնականում գրեթէ ցանկացած միջազգային հաւաքի ընթացքում մենք հանդիպում ենք` քննարկելու ընթացիկ հարցերը: Երկկողմ շփումներում էլ Դուք էք այցելում, ես էի Ձեզ մօտ մեծ այցով: Սրանք հնարաւորութիւններ են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցերում ժամացոյցի սլաքներն ուղղելու, և իհարկէ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման մասին խօսելու համար: Սրանք հնարաւորութիւններ են ճշտելու այն կողմնորոշիչները, որոնցով կառաջնորդւենք ապագայում»,- ասել է Մեդվեդևը:
Սերժ Սարգսեանն իր հերթին նշել է, որ պարբերական հանդիպումները թոյլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկել բազմաշերտ գործակցութեանը վերաբերող հարցերը: «Հաճոյքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերութիւնը վստահ շարունակւում է: Ձեր վերջին պետական այցի ընթացքում ստորագրւած պայմանագրերը նոր ազդակ հաղորդեցին մեր յարաբերութիւններին: Մենք պայմանաւորւեցինք, որ կհանդիպենք ուշ աշնանը և կամփոփենք մեր ձեռք բերած պայմանաւորւածութիւնների իրականացման ընթացքը»,- ասել է Սերժ Սարգսեանը:
Նա վստահեցրել է, որ Հայաստանը ձգտում է Կովկասում խաղաղութեան և կայունութեան հաստատման, և հէնց դրանով են պայմանաւորւած Ղարաբաղեան հակամարտութեան խնդրի խաղաղ և երկարատև կարգաւորում փնտրելու նրա ջանքերը։
Խօսելով երկկողմ յարաբերութիւնների մասին՝ նախագահներն ասել են, որ դրանք արտօնեալ բնոյթ են կրում։
Մեդվեդևը նշել է, որ իր Հայ գործընկերոջ հետ յաճախակի հանդիպումները թոյլ են տալիս նախագահներին «ստուգել ժամերը» երկկողմ հարցերի, տարածաշրջանային խնդիրների առնչութեամբ, խօսել Ղարաբաղեան կարգաւորման մասին, նախանշել ապագայի կողմնորոշիչները։

Tert.am

0 Պատգամ: