«Հայերի մասին ցանկացած յիշողութիւն վկայում է պատմական
16:26 • 03.11.10
«Կանցնեն շատ քիչ տարիներ, անգամ ոչ տասնամեակ, և հայկական յուշարձանների վերջին փշրանքները, որ կան, այլևս չեն լինի»,– այսօրւայ ասուլիսի ժամանակ յայտարարեց հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող յուշարձանագէտ Սամւէլ Կարապետեանը՝ անդրադառնալով Թուրքիայում հայկական յուշարձանների և գերեզմանների ներկայիս վիճակին։Սամւէլ Կարապետեանը տեղեկացրեց, որ վերջերս ինքը եղել է Արևմտեան Հայաստանում, շրջել Վանի ափամերձ շրջաններում, եղել Շախուրավանքում և Դիւաբոյնի վանքում, որտեղ տիրող իրավիճակից պարզապէս վրդովւել է։ Ինչպէս պատմեց յուշարձանագետը, երբ իրենց խումբը նաւով մօտեցել է Դիւաբոյնին, վանքի մօտից դէպի սարն են խուճապահար վազել 5 տղամարդ։ Յուշարձանագէտը տեսել է, որ եկեղեցու մէջնամասն ամբողջ երկարութեամբ փորւած է, տարածքում լցւած են մուրճեր, այլ քանդող գործիքներ։ «Ակնյայտ էր, որ գանձագողութեան նպատակով են քանդել՝ յոյսով, որ ոսկի կգտնեն»,– ասաց Կարապետեանը։
Նոյն վայրագութեանը նրանք հանդիպել են Շախուրավանքում։ «Վանքին կից գերեզմանոցը տակնուվրայ էր արւած, ոսկորներ՝ թափւած ամէն տեղ։ Գերեզմանները փորում են՝ յոյսով, որ պիտի հայի թաքցրած վաստակով ապրեն։ Քանի հայերը կային, կենդանի հայերի քրտինքն էին վայելում, թալանով, ամէն օրւայ աւարով, հիմա էլ յոյս ունեն, որ մեր գերեզմաններից կամ չգիտեմ որտեղից դուրս եկած գանձերի հաշւին պիտի ապրեն»,– ներկայացրեց Սամւէլ Կարապետեանը։
Հայկական վանքերի և գերեզմանների քանդման գործընթացի հեղինակը, Կարապետեանի խօսքով, անմիջապէս թրքական պետութիւնը չէ, բայց վերջինս իր լռութեամբ «պետականօրէն խրախուսում է յուշարձանների նկատմամբ վայրագութիւնները»։ Կարապետեանի խօսքով՝ թուրքական հեռուստատեսութիւնն ամէն օր ցուցադրում են, թէ ինչպէս է մի թուրք հայկական գերեզմանը կամ վանքը քանդելիս ոսկի գտել, ինչը «հիւանդացնում է առանց այն էլ հիւանդ թուրք հասարակութեանը»։
«Թուրքիան մեր տան միջից մեր հետքը ջնջելու գործընթացը չի դադարեցրել»,– յայտարարեց Սամւէլ Կարապետեանը՝ յաւելելով, որ հայերի մասին ցանկացած յիշողութիւն վկայում է պատմական ճշմարտութեան մասին, ինչն անհանգստացնում է Թուրքիային։
Ի դէպ, յուշարձանագէտն իր այցի ընթացքում տեսածը նկարահանել է, իրավիճակի մասին զեկուցագիր է փոխանցել ՀՀ մշակոյթի նախարարին։ Նա ճիշտ է համարում իրավիճակի առնչութեամբ դատական գործի յարուցումը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment