Կարմիր Խաչը հանդիպել է Ադրբեջանում

պահվւող Հայ ռազմագերիներին


Յունւար 26, 2011 11:31
Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչները յունւարի 25-ին հանդիպել են Ադրբեջանում պահւող Հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հետ: Այդ մասին NEWS.am-ին յայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշօտ Աստաբացեանը:
Նա նշել է, թէ ըստ աշխատանքային գաղտնապահութեան սկզբունքների, չի կարող որեւէ տեղեկութիւն յայտնել Ադրբեջանում գտնւող հայերի առողջական վիճակի վերաբերեալ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպութիւնը պատրաստ է կրկին իր միջնորդական առաքելութիւնն առաջարկել Հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման գործում:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատւամիջոցների՝ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այդ անձանց առողջութեան մոնիտորինգ են անցկացրել, իսկ նրանցից մէկին նամակ են յանձնել՝ իր ընտանիքից:
Ներկայումս Ադրբեջանում են գտնւում 7 Հայ ռազմագերիներ եւ մէկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Ադրբեջանի տարածքում են գտնւում Եղիշէ, Ռուզաննա, Ալֆրէդ, Գայեանէ եւ Պետրոս Գէորգեանները, որոնք ադրբեջանական սահմանն անցել են անցած տարւայ յունւարին:
Ադրբեջանական գերութեան մէջ են գտնւում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսեանը, Ալիկ Թեւոսեանը, Արթուր Սարգսեանը, Օհան Յարութիւնեանը, Գէորգ Թովմասեանն ու Կարէն Յարութիւնեանը:
Ադրբեջանական լրատւամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնւում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հոսէյնովը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: