Հայրասպան որդու նկատմամբ

քրէական գործ է յարուցւել



Յունւար 15, 2011 14:42
Այօր՝ յունւարի 15-ին Հայաստանի ոստիկանութեան Մասիսի բաժնի աշխատակիցները՝ Մասիսի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Սամւէլ Մկրտչեանի գլխաւորութեամբ, Արարատի մարզի ձերբակալւածների պահման վայր են տեղափոխել հօր սպանութեան մէջ կասկածւող երիտասարդին:
Ինչպէս NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, քիչ առաջ ոստիկանութեան Մասիսի բաժնի քրէական հետախուզութեան եւ քննչական բաժանմունքի աշխատակիցները փորձարարութիւն եւ տեղազննութիւն էին կատարում Այնթափ գիւղի 5-րդ փողոցի 68 տանը:
Յունւարի 13-ին, ժամը 16:50-ի սահմաններում Մասիսի քաղաքային հիւանդանոցից ահազանգել էին ոստիկանութեանը, որ նշւած տան ննջարանում բռնութեան հետքերով տղամարդու դիակ կայ: Դէպքի վայր մեկնած օպերատիւ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Գուրգէն Բեգլարեանի գլխաւորութեամբ, յայտնաբերել էր 58-ամեայ Սուրէն Սմբատի Խեչոյեանի դիակը:
Նոյն օրը Հայաստանի ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Արարատի մարզային քննչական վարչութեան Մասիսի քննչական բաժանմունքում յարուցւել է քրէական գործ ՀՀ քր.օր.-ի 104 յօդւածի (Սպանութիւն) յատկանիշներով:
Ոստիկանութեան Արարատի մարզային վարչութեան, Մասիսի ոստիկանութեան աշխատակիցների ձեռնարկած օպերատիւ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիւ պարզւում է, որ նշւած տանը կենցաղային հողի վրայ տեղի է ունեցել վիճաբանութիւն, որի արդիւնքում 33-ամեայ Ստեփան Խեչոյեանը ծեծի է ենթարկել հօրը եւ անօգնական թողել տանը: Ստացած վնասւածքներից Սուրէն Խեչոյեանը մինչ շտապօգնութեան ժամանումը մահացել է:
Հարեւանները յայտնում էին, որ հօր եւ որդու միջեւ յաճախ են տեղի ունեցել վիճաբանութիւններ եւ այդ օրն էլ հերթական վէճն է եղել:
Քննչական մարմինը պատրաստւում է դիմել Արարատի մարզի ընդհանուր իրաւասութեան դատարան, հայրասպան որդու նկատմամբ երկամսեայ կալանք կիրառելու միջնորդութեամբ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: