Հայ Դատին նւիրւած ձեռնարկ՝ Թաւրիզում
Նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տէր Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանի, հովանաւորութեամբ թեմի Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան Թաւրիզի մասնաճիւղը նախաձեռնեց Հայ Դատին նւիրւած ձեռնարկ, որը տեղի ունեցաւ թւականիս նոյ. 26-ին՝ Թաւրիզի «Հ. Ոսկանեան» ազգային սրահում:
Սոյն ծրագիրը, որին ներկայ էին՝ Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանը, Պատգ. ժողովի, Թեմական խորհրդի անդամներ, Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, օրւայ բանախօս Սուրիկ Աբնուսեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հանդիսականներ, սկիզբ առաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմներգի յոտնկայս ունկնդրութեամբ, որից յետոյ յանուն «Ալիք» հաստատութեան Թաւրիզի մասնաճիւղի՝ ներկաներին ողջունեց Արմոնդ Բադալեանը՝ իր խօսքում բարի գալուստ եւ շնորհակալութիւն ուղղելով օրւայ բանախօս Սուրիկ Աբնուսեանին եւ ծրագրի միւս մասնակիցներին, որոնք ընդառաջելով «Ալիք» հաստատութեան Թաւրիզի մասնաճիւղի հրաւէրին՝ մասնակցում են Հայ Դատին նւիրւած միջոցառմանը:
Արմոնդ Բադալեանը իր խօսքում անդրադարձաւ նաեւ Հայ Դատի պահանջատիրական պայքարի ընթացքում աւելի քան մէկ դար ու քսան տարի մղւող աննահանջ պայքարին, որի ընթացքում հայ ժողովուրդը իր ազնիւ զաւակների քաջագործութիւններն ու հայրենիքի եւ ազգի ազատութեան սիրոյն կատարած զոհաբերութիւնները յաւերժացնելու համար՝ յօրինել է երգեր, որոնք մէկ դար ու երկու տասնամեակ է, ինչ ապրում են հայ ժողովրդի հոգում ու սրտում:
Բացման խօսքից յետոյ՝ առաջինը բեմ բարձրացաւ ծրագրի ասմունքող Արտոյտ Զոհրաբեանը եւ իր հիանալի ասմունքով ներկաների ուշադրութեանը յանձնեց Աւետիս Ահարոնեանի «Փառք քեզ» եւ Դանիէլ Վարուժանի «Ձօն» ստեղծագործութիւնները, իսկ հանդիսատեսները այդ ոգեշունչ ասմունքները խորապէս ապրելով՝ իրենց բուռն ծափերով գնահատեցին ասմունքող Արտոյտ Զոհրաբեանին:
Այնուհետեւ բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս Սուրիկ Աբնուսեանը: Նա իր խօսքի սկզբում նախեւառաջ իր ցաւակցական խօսքն ուղղեց բոլորին՝ Ատրպատականի հայոց թեմի լուսահոգի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանի վախճանման առիթով, իսկ ողջունելով Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանին՝ Ատրպատականի պատմական թեմ գործուղւելու կապակցութեամբ, Հայր Սուրբին յաջողութիւններ մաղթեց:
Սուրիկ Աբնուսեանը իր խօսքում անդրադարձաւ հայ ժողովրդի ծոցից ծնունդ առած հայկական ազատագրական շարժմանը, նրա մղած վճռական եւ հետեւողական ու աննահանջ պայքարին, պայքար, որ մղւեց ու դեռ շարունակում է մղւել յանուն հայ ժողովրդի բարօր կեանքի, նրա արդար իրաւունքների ու նրա հայրենիքի ազատագրման: Պրն. Աբնուսեանը իր խօսքում նշեց, որ բոլոր կազմակերպութիւնները աշխարհում ստեղծւում են նախապէս կազմելով ու հրատարակելով իրենց ծրագիրը, սակայն Հայ Դատի պահանջատիրութեան երթի վրայ հայ ժողովրդի ծոցից ծնւած Հ. Յ. Դաշնակցութիւնը նախապէս չունեցաւ իր ծրագիրն ու կանոնագիրը:
Այն ծնւեց գործից եւ հայ ժողովրդի ժամանակի պահանջներից եւ ընթացաւ ու գործում է 120 տարի՝ յանուն իր ժողովրդի: Կազմեց իր ծրագիրն ու կանոնագիրը՝ հէնց այդ գործի մէջ, եւ իր նպատակը ամփոփւեց հայութեան պահպանման, Հայաստանը՝ յանուն հայութեան եւ հայ ժողովրդի համար, ուժ եւ կազմակերպութիւն եւ արդար աշխատանք հիմքերի վրայ, որոնք անփոփոխելի արժէքներ են: Պրն. Աբնուսեանը նշեց, որ ՀՅԴ-ն ազգային, յեղափոխական, ժողովրդավարական եւ ընկերվարական կազմակերպութիւն է:
Նշելով, որ այն ազգային կազմակերպութիւն է, բայց ոչ-ազգայնամոլ, բացատրեց, որ մենք սիրում ենք մեր ժողովրդին, սակայն մեր ազգը միւսներից բարձր չենք դասում կամ միւս ազգերին էլ մեր ժողովրդից գերադաս չենք համարում, իսկ անդրադառնալով յեղափոխական կազմակերպութիւն լինելուն՝ Սուրիկ Աբնուսեանն ասաց. «Յեղափոխական մարդը միայն նա չէ, որ ատրճանակը ձեռքին, տեղին թէ անտեղի, մտածւած թէ չմտածւած, կրակի: Յեղափոխութիւնը նախեւառաջ առաջանում է մարդու մտքում: Յեղափոխական է եղել Մոցարտը: Ո՞վ կարող է ասել, որ նա երաժշտութեան մէջ յեղափոխութիւն չի առաջացրել:
Յեղափոխական է եղել Դաւինչին... Յեղափոխական է եղել Վիկտոր Համբարձումեանը, սրանք յեղափոխութիւն են առաջացրել նոյնիսկ մարդկութեան պատմութեան մէջ: Սուրիկ Աբնուսեանն իր ելոյթը աւարտեց՝ ամփոփելով. «... Հայ Դատի պահանջատիրական երթում Դաշնակցութիւնը այն ասպետութիւնն է, որի տարբերութիւնը շատ ուրիշ կազմակերպութիւնների հետ նրանում է կայանում, որ ՀՅԴ-ն յաւակնում է, որ բովանդակ հայ ժողովրդի բովանդակ իղձերի ու ցանկութիւնների իրական պաշտպանն ու պահապանն է՝ առանց որեւէ խտրականութիւն դնելու նոյնիսկ տարբեր դաւանանքներ ունեցող ու տարբեր լեզուներով խօսող հայ ժողովրդի մէջ»:
Բանախօսի ելոյթից յետոյ՝ օրւայ ծրագիրը շարունակւեց ազգային-յեղափոխական երգերով:Հայրենասիրական ոգի ներշնչող երգերը հնչեցին Նարինէ Սայեադեանի եւ Արթին Քեշիշեանի հիանալի եւ ոգեշունչ կատարումներով, որոնց երգեհոնով նւագակցում էր հմուտ երաժիշտ Կարէն Սարգսեանը: Այդ երեկոյ երգերի միջից կարծես «Հ. Ոսկանեան» ազգային սրահ էին իջել հայ ժողովրդի անյաղթահարելի կամքի ու պայքարունակ ոգու անմահ ներկայացուցիչները՝ Անդրանիկը, Դրօն, Գէորգ Չաւուշը, Սերոբ Աղբիւրը, Նժդեհը, Պետօն, Սարգիս Կուկունեանը, Լիսբոնի տղաները, Շահէն Մեղրեանը, Մովսէս Գորգիսեանը եւ անմահների մի ամբողջ բոյլ, որոնք իրենց ամենաթանկագինը՝ կեանքը, զոհաբերելով՝ ծառայեցին հայ ժողովրդի ու նրա հայրենիքի ազատագրման մեծ գործին:
Իսկ հանդիսատեսը իր բուռն ծափերով, որոնք երբեմն նոյնիսկ չէին ընդհատւում, մէկ անգամ եւս արտայայտեց իր հոգու խոր ապրումները, որ այդ գաղափարի հերոսները իրաւամբ ծնւեցին հայ ժողովրդի ծոցից եւ յաւերժօրէն կապրեն իւրաքանչիւր հայի հոգում ու սրտում այժմ ու մինչեւ յաւիտեան: Ծրագրի գեղարւեստական բաժնի կատարումից յետոյ՝ բեմ հրաւիրւեցին՝ Նարինէ Սայեադեանը, Արթին Քեշիշեանը եւ Կարէն Սարգսեանը, որոնց հանդիսատեսը գնահատեց իր բուռն ու երկար ձգւող ծափերով, իսկ օրւայ միջոցառման փակման խօսքը յանձնւեց Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանին:
Հայր Սուրբը նախեւառաջ իր գնահատանքի եւ շնորհակալութեան խօսքն ուղղեց օրւայ միջոցառման մասնակիցներին՝ նշելով, որ շնորհակալութիւն յայտնելը իր համար փառք չէ, այլ՝ ապրում: Հայր Սուրբն ասաց, որ երեկոն առաջացրեց ապրումներ, յուշեր, որոնք մէկը միւսին էին փոխարինում մարդու հոգու մէջ, նշելով, որ ամէն մի երգ, ամէն մի արտասանութիւն եւ ամէն մի արտայայտութիւն երբեմն ստեղծեցին յուզմունք, երբեմն ուրախութիւն եւ ինչու չէ նաեւ՝ հպարտութիւն: Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանը իր խօսքի շարունակութեամբ ասաց. «Ես միայն չլսեցի, այլեւ ամբողջովին հաղորդւեցի այդ երգերի միջից խօսող հերոսների հետ»:
Հայր Սուրբը անդրադառնալով Լիսբոնի հինգ նահատակների երգին՝ նշեց, որ եթէ դուք, սիրելիներ, Լիսբոնի տղաներին ճանաչեցիք, որ երիտասարդներ էին, որոնք գնացին եւ զոհւեցին, ապա ես Լիբանանում ճանաչում եմ նրանց հարազատներին, ծանօթ եմ նրանց յուզմունքին ու ապրումներին, ճանաչում եմ նաեւ Գառնիկ Սարգսեանին, որի երգերը հնչեցին այստեղ: Ահա թէ ինչու այդ երգերի միջից ապրումներ են լինում: Ապրումը մարդուն տեղափոխում է իր անձից դուրս, ապրելու այն հերոսների հետ, որոնք այսօր էլ կան, ապրում են մեր յուշերում, այն մարտիկների հետ, որոնք այսօր դեռ ապրում են...
Հայր Սուրբն իր խօսքում մատնանշեց պայքարի ելած հերոսների չընկճւող հոգին եւ որ նրանք երբեք չկտրեցին իրենց յոյսը՝ մինչեւ անգամ մահին ընդառաջ գնալիս՝ հաւատալով, որ իրենց պայքարով նրանք ապահովելու են հայ ժողովրդի գոյութիւնը:Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանը անդրադառնալով Հայ Դատին՝ շեշտեց, որ Հայ Դատը միայն հայրենիքը փրկել չի նշանակում, Հայ Դատը հայ ժողովուրդն է՝ իր հայրենիքով: Ի՞նչ արժէ հայրենիքը՝ առանց հայ ժողովրդի: Հայ Դատը նշանակում է, որ պէտք է պաշտպանել հայոց գրականութիւնը, երաժշտութիւնը, մի խօսքով՝ հայոց մշակոյթը, հայ մարդուն ապահովել տնտեսապէս, պէտք է պայքարել յանուն հայ ժողովրդի բարօր կեանքի եւ այն բոլորի, որ հայ ժողովրդին կեանք են տալիս, ապրեցնում են, ուրեմն՝ պէտք է միշտ հաւատարիմ մնանք մեր պապերի ոգուն:
Հայր Սուրբը նշեց, որ հայ ժողովուրդը երկար ու ձիգ դա-րեր, հակառակ պետականութիւն չունենալուն, ապրել ու գոյատեւել է, իսկ այսօր, երբ կերտել է իր անկախ հայրենիքը, պարտաւոր է իր պայքարը մինչեւ վերջակէտը տանել, որն է Միացեալ եւ Անկախ Հայրենիքի կերտումը, վերջակէտ, որ հային կը բերի խաղաղութիւն եւ հոգեկան գոհունակութիւն, ուրեմն՝ այդ բոլորին հասնելու համար՝ պէտք է լինենք ու գործենք որպէս մէկ ամբողջութիւն:
ԹՂԹԱԿԻՑ
(ԹԱՒՐԻԶ)
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment