Հայազգի Անդի Սարկիսը կնկարահանւի

ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիտը» ֆիլմում



Յունւար 12, 2011 19:14
Հայազգի Անդի Սարկիսը (Էնդի Սարգսեան) կնկարահանւի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիտը» ֆիլմում։ Այս մասին տեղեկացնում է Collider ամսագիրը, նշելով, որ Անդի Սարկիսի եւ Իեն ՄակՔելենի դերերն արդէն հաստատւած են։ Յիշեցնենք, որ Անդի Սարկիսը մինչեւ այս, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վէպի հիման վրայ նկարւած համանուն ֆիլմում մարմնաւորել է Գոլումի կերպարը։ Իեն ՄակՔալենը նոյն ֆիլմում կերպարանաւորել է կախարդ Գորշ Հենդալֆին։ Նշենք, որ յայտնի եռագրութեան նկարահանման համար ծախսւել է 281 միլիոն դոլար, սակայն ապահովել է 2,915,155,189 դոլար եկամուտ։
Ինչպէս նշւած է Wikipedia-ում, հայազգի Անդի Սարկիսը (Էնդի Սարգսեան) նկարահանւել է աւելի քան 30 ֆիլմում, իսկ նրա մարմնաւորած հոբիտ Սմեագորլի (որն իր ագահութեան եւ չարութեան համար դարձաւ հրէշ Գոլում) կերպարի համար ամերիկեան կինո–ակադեմիային կոչ էին անում Սարկիսին «Օսկարի» արժանացնել։ Ակադեմիան մերժել է միայն մէկ պատճառով. Սարկիսը ֆիլմում շատ քիչ է երեւացել, քանի որ նրա կերպարանաւորած Գոլումը համակարգչային գրաֆիկայի արդիւնք է։ Նրա խաղից յետոյ, նոյնիսկ բուռն բանավէճեր են ծաւալւել իրական եւ գրաֆիկական հերոսների կերպարանաւորման դերասանական խաղի միջեւ գոյութիւն ունեցող տարբերութեան մասին։
Տեղեկացնենք, որ Անդի Սարկիսի յայտնի միւս գրաֆիկական հերոսը 2005 թւականին նկարահանւած «Քինգ Կոնգ» ֆիլմի համանուն հսկայ գորիլան է։ Սարկիսը նոյն ֆիլմում խաղացել է նաեւ նաւի խոհարար Լամփիի դերը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: