Ուրմիայի հայոց ազգ. «Նայիրի»

մանկապարտէզի ամանորեայ հանդէսը

ՀՕՄ-ի հովանաւորութեան տակ գտնւող Ուրմիայի հայոց ազգ. «Նայիրի» մանկապարտէզի սաները, 2010 թ. չորեքշաբթի, դեկտ. 29-ի երեկոյեան ժամը 4։30-ին, Ուրմիայի հայոց ազգ. «Արամ Մանուկեան» սրահում, շրջանում ուրախ մթնոլորտի բացումը կատարեցին ամանորեայ հանդէսով եւ Ձմեռ պապիկի դիմաւորման ծրագրով՝ նախագահութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ Տ. Ստեփանոս վրդ. Փաշայեանի, ներկայութեամբ Ուրմիայի Պատգամաւորական կազմի, Գործակալական խորհրդի, ինչպէս նաեւ Հայ օգնութեան միութեան վարչութեան անդամ-անդամուհիների, ծնողների, սաների եւ հոծ բազմութեան։
Ելոյթը, որ պատրաստւել էր մանկապարտէզի ուսուցչուհի Օֆելիա Սայեադեանի ջանքերով, պաշտօնապէս սկսւեց բացման խօսքի փոխանցմամբ՝ յիշեալի միջոցով։ Ծրագրի անդրանիկ բաժնում նորածաղիկների միջոցով տեղի ունեցաւ աղօթք։ Ծրագիրը բաղկացած էր արջի ու եղեւնիների մասին բեմադրութիւնից, մեներգից, խմբերգերից ու պարերից։
Ծրագրի շարունակութեամբ հանդէսին ներկայ գտնւելով՝ Ձմեռ պապիկը առաւել ճոխացրեց ու զարդարեց բեմը։ Ծրագրի աւարտին բեմ հրաւիրւեց ՀՕՄ-ի նախագահուհի Սեդա Մեջլումեանը, որը ներկաներին ուղղեց օրւայ խօսքը եւ ջերմ շնորհաւորանքները, ապա իր հերթին բեմ հրաւիրւեց Ուրմիայի հոգեւոր հովիւ Տ. Ստեփանոս վրդ. Փաշայեանը։
Հայր Սուրբը շնորհաւորելով ու բարձր գնահատելով սաների կատարած իւրաքանչիւր արարքը՝ բոլորին նախապէս շնորհաւորեց եւ մաղթեց, որ առաջիկայ տարին լինի առաւել բարգաւաճ տարի, յատկապէս՝ շրջանում, եւ իր հետ աշխարհին բերի խաղաղութիւն, արեւշատ ու բախտաւոր օրեր եւ բոլորին իղձերի իրականացում պարգեւի։ Հայր Սուրբը ծնողներին յիշեցրեց, որ առաջիկայ տարին իւրաքանչիւր ծնող պարտականութիւն ու պարտաւորութիւն ունի իր զաւակին առաւել եւս ուշադրութիւն դարձնել՝ հայկական օջախներում դաստիարակելով, մանաւանդ երբ յիշեցրեց Կիլիկիոյ Ս. Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրապետական պատգամը՝ 2011 տարին հռչակելով որպէս ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻ ՏԱՐԻ։
Աւարտին «Պահպանիչ»-ով փակւեց միջոցառումը։Վերջում երեխաները Ձմեռ պապիկից ստացան իրենց նւէրները եւ բոլոր հիւրերը շատ ուրախ ու բարձր տրամադրութեամբ թողեցին սրահը։
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: