Մօրն ու դստերը մահացու ելքով վրաերթի

ենթարկած հարբած ոստիկանը

կալանաւորւել է



Յունւար 11, 2011 17:31
Հայաստանի յատուկ քննչական ծառայութեան (ՅՔԾ) վարոյթում քննւող քրէական գործով կալանաւորւել է ՀՀ ոստիկանութեան Մալաթիայի բաժնին կից պահպանութեան բաժնի ոստիկան, ոստիկանութեան աւագ Ա. Յովհաննիսեանը: Նա մեղադրւում է ճանապարհային երթեւեկութեան եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշութեամբ առաջացրել է երկու մարդու մահ:
Աւելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը NEWS.am-ը յայտնել էր, որ 2010թ. դեկտեմբերի 22-ի լոյս 23-ի գիշերը, ժամը 00:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանութեան Մալաթիայի բաժնին կից պահպանութեան բաժնի ոստիկան, ոստիկանութեան աւագ Ա. Յովհաննիսեանն իր վարած ՎԱԶ 2106» մակնիշի E-109 PH-26 ռուսական համարանիշով աւտոմեքենայով Կոմիտաս-Փափազեան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել մայր եւ դուստր Կարինէ եւ Անահիտ Գասպարեաններին։ Արդիւնքում նրանցից մէկը տեղում մահացել էր, միւսը շտապօգնութեան մեքենայով տեղափոխւել է «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն եւ մահացել հիւանդանոցում:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի ենթարկւածներին թողել էր անօգնական ու դիմել փախուստի, այդ ընթացքում բախւելով մէկ այլ՝ «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 համարանիշի տաքսի աւտոմեքենայի: Աւտոմեքենայի մէջ յայտնաբերւել էր ոստիկանութեան աշխատողի «կամուֆլեաժը»:
Ոստիկանութեան աշխատակցին ՃՈ աշխատակիցները տեղափոխել էին ոստիկանութեան Արաբկիրի բաժին: Բժշկական ստուգմամբ պարզւել էր, որ Ա. Յովհաննիսեանը դէպքի պահին եղել է ալկոհոլային երկրորդ աստիճանի հարբածութեան վիճակում:
Ձեռք բերւած ապացոյցների հիման վրայ Ա. Յովհաննիսեանին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 242-րդ յօդւածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկութեան եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշութեամբ առաջացրել է երկու կամ աւելի մարդու մահ) եւ 244-րդ յօդւածով (ճանապարհատրասպորտային պատահարի վայրը թողնելը): Նրա նկատմամբ որպէս խափանման միջոց կիրառւել է կալանաւորում։ Նախաքննութիւնը շարունակւում է:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: