Դինքի այրին երբեմնի մեծ Հայկական

տոհմի միակ անդամն է Թուրքիայում




13:58 • 15.01.11
Hurriyet Daily News հանդէսն իր յօդւածներից մէկում անդրադարձ է կատարում Թուրքիայում երբեմնի ամենախոշոր հայկական տոհմերից մէկի՝ Վարդանների տոհմի պատմութեանը։
Պարզւում է, որ Արևմտեան Հայաստանի երբեմնի ամենախոշոր այդ տոհմը Թուրքիայում այժմ ընդամէնը մէկ անդամ ունի՝ Ռաքելը, յայտնի լրագրող և «Ակօս» թերթի սպանւած խմբագրապետ Հրանտ Դինքի կինը։
Վարդանների տոհմի ներկայացուցիչները, այդ թւում Ռաքելի հայրը՝ Սիամանթօ աղան, ապրել են Թուրքիայի այժմեան Շըրնաք նահանգում, որտեղից էլ այնուհետ գաղթել են Մարսել։
1960-ական թւականների Հայոց Պատրիարք Շնորհք Գալստեանի նախաձեռնութեամբ Վարդանների տոհմի անդամները խումբ առ խումբ Ստամբուլ են տեղափոխւել, սակայն 1980-ականներին նրանցից շատերը շարունակել են իրենց «ճամփորդութիւնը» դէպի Ֆրանսիա և Բելգիա։
Տոհմի ներկայացուցիչների տեղեկութիւնների համաձայն՝ Բելգիայում և Մարսելում այժմ ապրում է տոհմի 1200 ներկայցուցիչ։Տոհմի աւագ անդամներից մէկը՝ 63-ամեայ Ֆիդել Պարգև Եալըչը, որը Ռաքել Դինքի հօրեղբորորդին է, Hurriyet Daily News & Economic Review–ին վերջերս պատմել է, որ իրենց տոհմը 100 տարի ապրել է Շըրնաքում, սակայն 1915թ. ցեղասպանութիւնից յետոյ նրանք կորցրել են կապը աշխարհի հետ։
«Մենք կարծում էինք, թէ մենք աշխարհում մնացած միակ հայերն ենք,– ասում է Պարգև Եալըչը,– մենք մի քանի հարիւր հոգի էինք, այդ իսկ պատճառով, չնայած քրիստոնէութիւնը թոյլ չի տալիս, մենք իրար մէջ էինք ամուսնանում, որ պահպանենք մեր ինքնութիւնը»։
Սակայն Ռաքելն ամուսնացել է տոհմից դուրս՝ ընտրելով Հրանտ Դինքին։
Տոհմի անդամները մինչև այժմ կարող էին ամուսնանալ միայն այլ առաքելական հայերի հետ։
1915–1968թթ. նրանք ապրել են արտաքին աշխարհից մէկուսացած, իսկ երբ իմացել են, որ Թուրքիայում ցեղասպանութիւնից յետոյ այլ հայեր էլ են ապրում, սկսել են արտասւել։
«Օրհան Բաքիրը, որը հայի և սիրիացու զաւակ էր, բայց ոչ տոհմի անդամ, մեկնեց Ստամբուլ զինւորական ծառայութեան։ Այնտեղ նա գտաւ այլ հայերի և կապ հաստատեց Հայոց Պատրիարքարանի հետ»,- պատմում է Պարգևը։
Ռաքելի մէկ այլ ազգական՝ Սամւէլ Եագիրը, պատմում է, թէ ինչպէս տոհմը սկսեց տեղափոխւել։
«Հէնց որ մենք կապ հաստատեցինք պատրիարքարանի հետ, նրանք ցանկացան, որ երեխաները տեղափոխւեն Ստամբուլ՝ կրթութիւն ստանալու համար։ Ես Ստամբուլ գնացի առաջին խմբի կազմում, Ռաքելը՝ երկրոդ խմբի հետ»,– ասում է Սամւէլը։ Այնուհետև, մինչև 1977թ., ամբողջ տոհմը տեղափոխւեց Ստամբուլ և հաստատւեց Շիշլի թաղամասում, որտեղ գոյութիւն ունէր ստւար Հայ բնակչութիւն։
Հետագայում տոհմի երիտասարդ անդամներից մէկը, որը մասնակցել էր Թուրքիայում 1980թ. յեղափոխութեան յանգեցրած բախումներին, փախաւ Ֆրանսիա։ Դրանից յետոյ տոհմի միւս անդամները նոյնպէս որոշում կայացրին հետևել նրան։Այժմ տոհմի երիտասարդ անդամները Ֆրանսիայում ակտիւ գործունէութիւն են ծաւալում տարբեր ոլորտներում՝ քաղականութիւնից մինչ առևտուր։
Եագիրի խօսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ իրենք տարբեր դժւարութիւնների են հանդիպել Ֆրանսիայում և Բելգիայում, այդուհանդերձ իրենց սրտերը միշտ Հայաստանի հետ են եղել։
«Հնարաւոր է, որ մի օր մենք որոշենք տեղափոխւել Հայաստան, ով գիտի...»,– նշել է Եագիրը։
Ռաքելի 37-ամեայ հօրեղբորորդին՝ Կարօ Եալըչը, տոհմի միակ անդամն է, որ ակտիւ ներգրաււած է Ֆրանսիայի քաղականութեան մէջ և այժմ Ֆրանսիայում քաղաքային խորհրդի անդամ է։
Կարօն 2007թ. Հրանտ Դինքի մահից յետոյ Ֆրանսիայում նախաձեռնել է մի շարք միջոցառումներ՝ նւիրւած Դինքի յիշատակին Այդ թւում՝ նրա ջանքերի շնորհիւ Մարսելի փողոցներից մէկը վերանւանւել է Դինքի անունով։


Tert.am

0 Պատգամ: