Հայ–թրքական գործընթացը կօգտագործւի

որպէս խաղաքարտ Թուրքիայի

ընտրութիւններում


17:05 • 12.01.11
SETimes կայքը մեծ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերաբերեալ, որի շրջանակում զրուցել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի, մի քանի թուրք փորձագէտների, Բրիւսելում գործող Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հիւ Փոփի, ինչպէս նաև Միշիգանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագէտ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տէր–Պետրոսեանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտեանի հետ։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից Գեյբուլլա Ռամազանօղլուն, ընդգծելով, որ Հայ–թրքական գործընթացը երբէք էլ կանգ չի առել, յայտարարել է, որ պէտք է ճիշտ հասկանալ «Անկարայի միջնորդական դերակատարութիւնը»։«Թուրքիան ցանկանում է զարգացնել յարաբերութիւնները, սակայն դա բաւական չէ։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը կարգաւորի իր խնդիրները Ադրբեջանի հետ և դադարի մեղադրանքներ հնչեցնել Թուրքիայի հասցէին։ Մենք լաւատես ենք և ցանկանում են 2011թ. լուծում տեսնել»,– ասել է Էրդողանի խորհրդականը։
SETimes-ի հետ զրոյցում Անկարայում գործող Եւրասիական ռազմավարական հետազոտութիւնների կենտրոնի հայկական հետազոտութիւնների բաժնի ղեկավար, թուրք պաշտօնաթող դիւանագէտ Օմեր Էնգին Լիւթեմը նշել է, որ Թուրքիայի իշխանութիւնները շարունակում են ջանքեր գործադրել Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ։«Թուրքիան որոշ քայլեր է իրականացնում, մի շարք նախաձեռնութիւններ են ձեռնարկւում, օրինակ, Թուրքիայում հայկական եկեղեցիների վերաբացումը»,– ասել է Լիւթեմը։
Իսկ Միջազգային յարաբերութիւնների և ռազմավարական հետազոտութիւնների թուրքական կենտրոնի ղեկավար (TURKSAM) Սինան Օղանն ու Միշիգանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագէտ Ժիրայր Լիպարիտեանն այնքան էլ լաւատես չեն Հայ–թրքական յարաբերութիւնների գործընթացի առնչութեամբ։
Ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնները գնալով աւելի են վատթարանում՝ Սինան Օղանն ասել է. «Դա կապւած է ոչ թէ արձանագրութիւնների, այլ տւած խոստումների չիրականացման հետ»։
Թուրք փորձագէտը նշել է նաև, որ 2011թ. Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ այդ հարցը կուսակցութիւնների ձեռքին դառնալու է գլխաւոր խաղաքարտերից մէկը։
Թեմայի առնչութեամբ SETimes–ին հարցազրոյց տւած Ժիրայր Լիպարիտեանը նշել է, որ ինքը որևէ պատճառ չունի յոյսեր փայփայելու այս տարի Հայ–թրքական գործընթացում դրական զարգացումների առնչութեամբ։
«Յոյսով եմ՝ սխալւում եմ։ Ցաւոք, այն դէպքում, երբ անհրաժեշտ էր պարզ տեքստ պատրաստել երկու պետութիւնների միջև յարաբերութիւնների վերականգնման և սահմանների բացման մասին, Հայաստանն ու Թուրքիան ցանկացան արձանագրութեան փաստաթղթով բոլոր խնդիրները միանգամից լուծել»,– ասել է Լիպարիտեանը։
Բոլորովին այլ կարծիք է յայտնել Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հիւ Փոփը։ Ըստ փորձագէտի՝ Հայ և թուրք պաշտօնեաների միջև առկայ են համեմատաբար լաւ յարաբերութիւններ, և շփումներ են սկսւել երկու երկրների քաղաքացիական հասարակութիւնների միջև։


Tert.am


0 Պատգամ: