Աշխարհի ամենահին գինէգործարանը

յայտնաբերւել է Հայաստանի

քարանձաւներից մէկում



Յունւար 11, 2011 12:38
Աշխարհի ամենահին գինէգործարանը յայտնաբերւել է Հայաստանի քարանձաւներից մէկում, յայտնում է Associated Press-ը։ Միջազգային հետազոտողների կողմից քարանձաւային համալիրում յայտնաբերւել են 6000 տարւայ հնութեան խաղող ճզմելու տարայ, թթւեցման կուժեր եւ անգամ գաւաթներ եւ փիալաներ։
Պեղումների ղեկավարներից մէկի՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Գրէգորի Արեշեանի խօսքով, չնայած, որ արդէն յայտնաբերւել էին գինէգործութեան հնագոյն վկայութիւններ, սակայն այս գտածոները լիարժէք գինէգործութեան ամենավաղ նմուշներն են։ Գտածոները, որոնց մասին Յունւարի 11-ին յայտարարել է Ազգային աշխարհագրական հանրութիւնը, ներկայացւած են Journal of Archaeological Science օնլայն պարբերականում։
«Ապացոյցները համոզիչ կերպով խօսում են այն մասին, որ սա գինէգործական յարմարանք է»,- ասել է Փենսիլվանիայի համալսարանի թանգարանի բիոմոլեկուլեար հնագիտութեան լաբորատորիայի ղեկավար Պատրիկ Մաքհովերը, ով, սակայն, հետազոտող խմբի մէջ չի եղել։
Ի դէպ, Հայաստանի միեւնոյն տեղանքում յայտնաբերւել էր աշխարհի ամենահին՝ 5500-ամեայ կօշիկը։ Այդ մասին յայտարարւել էր անցած տարւայ ամռանը։
Հնաբանների խօսքով, քարանձաւում յայտնաբերւել են նաեւ խաղողի կորիզներ, ճզմւած խաղողի մնացորդներ, չորացած ողկոյզներ։
Ամենահին՝ 5100 տարեկան նմուշները գտնւել էին հին եգիպտական թագաւոր Սկորպիոն Առաջինի դամբարանում։
Իր գրքերում Մաքհովերը ենթադրում է, որ «գինու մշակոյթը», այդ թւում՝ եւ եւրասիական խաղողի «իւրացումը» սկիզբ են առել Հայաստանի շուրջ եղած լեռնային շրջաներում։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: