«Աննա 3» չի նկարահանւի.

Հանրայինն ամփոփեց անցած տարին


15:53 • 15.01.11
Հայաստանի Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութեան խորհրդի (ՀՀՌԸԽ) նախագահ Ալեքսան Յարութիւնեանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ամփոփեց Հանրային հեռուստաընկերութեան 2010թ. աշխատանքներն ու անդրադարձաւ մի շարք հարցերի։
Հանրայինի եթերում ցուցադրւող գովազդների որակի և բովանդակութեան մասին դժգոհութիւններին անդրադառնալիս Ալեքսան Յարութիւնեանն ասաց, որ Հանրային հեռուստատեսութիւնը գովազդ չի պատրաստում և անգամ չի տեղադրում ու այդ ամէնի իրաւունքը վաճառւած է մասնաւոր ընկերութեան։ Այդուհանդերձ, Յարութիւնեանի խօսքով, «իր եթերում հեռարձակւող գովազդի բովանդակութեան համար, իհարկէ, Հանրայինը պատասխանատւութիւն կրում է»։ ՀՀՌԸԽ նախագահը համոզւած է, որ ՀՌԱՀ–ի կամ Էկոնոմիկայի նախարարութեան կազմում պէտք է ստեղծւի որևէ մարմին, որը յատուկ կզբաղւի գովազդի լեզւի, բովանդակութեան և չափորոշիչների ուսումնասիրութեամբ, ինչի հնարաւորութիւնը չունեն հեռուստաընկերութիւնները։
Հեռուստասերիալների առնչութեամբ եղած դժգոհութիւնների մասին խօսելիս Ալեքսան Յարութիւնեանը նախ նշեց, որ «Հրեշտակների դպրոցը» սերիալն արդէն ցուցադրւում է, իսկ «Աննա 3»–ի նկարահանում չի սպասւում։ Նշւած սերիալների շուրջ առկայ դժգոհութիւնների մասին Յարութիւնեանն ասաց. «Եթէ դրանք երկուսն էլ ապահովում են 60–70 տոկոս հեռուստալսարան, նշանակում է՝ իմ խնդիրն այն է, որ չթողնեմ այնտեղ հակադաստիարակչական և չափորոշիչները խախտող բաներ լինեն, իսկ մնացածը, կարծում են, հեռուստադիտողի իրաւունքն է՝ դիտել այն, ինչն ինքը ցանկանում է»։
Վերոյիշեալ սերիալներում, ըստ նրա, չափորոշիչները չեն խախտւում և բնական է, որ կարող են ցուցադրւել համբոյրի կամ ծեծի տեսարաններ։ «Չի կարող ֆիլմում ամբողջ օրը միասին վալս պարեն և նայեն երկնքին, ֆիլմը կեանքի մասին է, ինչ–որ գործողութիւններ են կատարւում»,– ասաց խորհրդի նախագահը՝ յաւելելով, որ տւեալ սերիալներում որևէ չափորոշիչի խախտում չկայ, և դրանք կարող էին հեռարձակւել ցանկացած երկրի հեռուստաընկերութեամբ։
Ալեքսան Յարութիւնեանը չկիսեց խորհրդարանական ընդդիմութեանը Հանրայինի եթերում քիչ ժամանակ յատկացնելու վերաբերեալ դժգոհութիւնները՝ նշելով, որ և «Հայլուր»–ով, և Հանրայինի միւս ծրագրերով թէ իշխանութեանը, թէ ընդդիմութեանը հաւասար ժամանակ է յատկացւում։ Դեռ աւելին, Ալեքսան Յարութիւնեանի խօսքով՝ թէ իրենց, թէ միջազգային կազմակերպութիւնների կատարած մոնիտորինգի արդիւնքները խօսում են բաւականին հաւասարակշիռ լինելու մասին։
Ինչ վերաբերում է առաջիկայ անելիքներին, Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահը նշեց, որ իրենք այս տարի նախատեսում են մի շարք նորութիւններ՝ թէ լրատւական բլոկում, թէ քաղաքական հաղորդումներում։ «Մարտի սկզբից կտեսնեք բաւական փոփոխւած «Հայլուր»՝ նաև արտաքին տեսքով»,– ասաց նա։
Եռաչափ ձևաչափով հեռարձակում իրականացնելու հարցին անդրադառնալով՝ Ալեքսան Յարութիւնեանը նշեց, որ մասնաւոր հեռուստաընկերութիւնները ճիշտ են անում, որ փորձարկում են նման համակարգը ներդնելու հարցը, սակայն Հանրայինը եռաչափ ցուցադրութիւն կարող է իրականացնել միայն այն դէպքում, երբ նման փորձեր անեն ռուսական կամ եւրոպական խոշոր, պետական հեռուստաալիքները։
Ալեքսան Յարութիւնեանը նաև տեղեկացրեց, որ «Եւրատեսիլ» մրցոյթի համար երգերի ներկայացման ժամկէտը, որը լրանում է այսօր, իրենք ևս տասն օրով կերկարացնեն։ Չնայած արդէն 20-30–ից աւելի երգեր են ներկայացւել, որոնց մէջ կան նաև մէկ–երկու հետաքրքիր երգեր, սակայն Յարութիւնեանի խօսքով՝ «մի շարք շատ յայտնի կոմպոզիտորներ չեն ներկայացրել իրենց երգերը»։


Tert.am

0 Պատգամ: