Սերժ Սարգսեան.-
Ադրբեջանի հայատեաց եւ ագրէսիւ վարքը

հաստատում է համոզմունքը, որ ԼՂ-ն

ոչ մի կերպ ապագայ չունի

Ադրբեջանի կազմում


«Ադրբեջանը փորձեց բացայայտ էթնիկական զտումների եւ զինւած
ագրէսիայի միջոցով խեղդել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը»


«Եթէ Ադրբեջանը դիմի արկածախնդրութեան,
ապա մեր պատասխանը վճռական է լինելու»



Յունւար 17, 2011 20:31
«Ադրբեջանի հայատեաց եւ ագրեսիւ վարքագիծը հաստատում է մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագայ չունի Ադրբեջանի կազմում»,- այսօր՝ Յունւարի 17-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատում իր ելոյթի ժամանակ յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը:
Նրա խօսքով, տոտալիտար ռեժիմի կողմից Ադրբեջանին բռնակցւած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբէք չի հաշտւել իրեն պարտադրւած կարգավիճակի հետ:
«Նրա աչքի առաջ են եղել մեկ այլ բռնակցւած տարածքի՝ Նախիջեւանի հայերի ճակատագիրը, որոնք չդիմանալով Ադրբեջանի իշխանութիւնների բռնաճնշումներին, ստիպւած էին լքել այն հողը, որի վրայ ապրել էին հազարամեակներ: Ուստի պատահական չէր, որ խորհրդային շրջանի ողջ ընթացքում, եւ յատկապէս` ազատականացման գործընթացներին զուգընթաց Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը պարբերաբար բարձրացնում էր իր անկախութեան հարցը: Իսկ 1991թ. հաստատեց այն հանրաքւէի միջոցով, որը լիովին համապատասխանում էր Խորհրդային Միութեան գործող օրէնսդրութեանը»,- նշել է ՀՀ նախագահը:
Նրա ներկայացմամբ, Ադրբեջանը փորձեց բացայայտ էթնիկական զտումների եւ զինւած ագրէսիայի միջոցով խեղդել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: «Չկարողանալով յաղթել իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ստիպւած եղաւ 1994 թւականին ստորագրել հրադադարի եռակողմ համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Ցաւօք, տեւական խաղաղութիւն հաստատելու այդ բացառիկ հնարաւորութիւնը, որը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանային ժողովուրդների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման համար, Ադրբեջանի կողմից մինչեւ այսօր օգտագործւում է նոր ռազմական ագրէսիայ նախապատրաստելու նպատակով:
Ակտիւ պետական հովանաւորչութեամբ Ադրբեջանում մոլեգնող` Հայաստանի եւ հայերի դէմ ուղղւած թշնամական քարոզչութիւնը եւ պատմութեան ակնյայտ կեղծարարութիւնը, այդ երկրի սպառազինումն ու սպառազինութիւնների մրցավազքի հրահրումն ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղութեան: Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանի իմ գործընկերը յայտարարում է, թէ իբր մեր երկրի մեծ մասը նւիրաբերւել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, իսկ մայրաքաղաք Երեւանը ադրբեջանական քաղաք է: Համոզւած եմ, որ պատմութեան խեղաթիւրման այսօրինակ զաւեշտի հետ առնչւել է նաեւ Կիպրոսը»,- ընդգծել է Սերժ Սարգսեանը:
«Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հաւակնութիւնների ո՛չ իրաւական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր: Ճիշտ է, մենք վճռական ենք խնդիրը լուծել բացառապէս խաղաղ եւ բանակցային ճանապարհով, բայց եթէ Ադրբեջանը դիմի արկածախնդրութեան, ապա մեր պատասխանը վճռական է լինելու»,- ասել է Հայաստանի ղեկավարն ու յաւելել. «Ցաւալին այն է, որ մեր առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղւելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրւայ շահից բխող քաղաքականութիւն: Դա ամենեւին չի նպաստում տարածաշրջանային կայունութեանը: Աւելին, պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ տարածաշրջանային կայունութեան խախտման դէպքում առաջին հերթին վնասւելու են հէնց այդ նոյն տնտեսական շահերը»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: