Ջիւան Գասպարեան.-

Ինչպէ՞ս կարող են մի քանի ժամ

շարունակ հեռարձակել մի անտաղանդ

երգչի համերգը



14:32 • 17.01.11
«Պէտք է ռեստորանը տարբերել իրական արւեստից»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասաց դուդուկահար Ջիւան Գասպարեանը՝ դժգոհութիւնը յայտնելով մերօրեայ «արւեստագէտներից» ու նրանց եթեր տրամադրող հեռուստաընկերութիւններից ։
«Հեռուստատեսութիւնը ամենամեծ պրոպագանդիստն է: Ինչպէ՞ս կարող են մի քանի ժամ շարունակ եթեր տալ մի անտաղանդ երգչի համերգը: Դա սարսափելի մասշտաբներ է կրում յատկապէս տօնական օրերին: Բանական մարդը անգամ Շառլ Ազնաւուրին կամ Մայքլ Ջեքսոնին այդքան երկար չի կարող լսել: Հեռուստաընկերութիւնները այդքանով փչացնում են մեր ճաշակը: Թող հասկանան` ում և ինչու են ցոյց տալիս»,- ասաց վարպետը:
Լրագրողներին պատմելով իր երազանքի մասին՝ Ջիւան Գասպարեանն ասաց. «Ես որբ եմ մեծացել և գիտեմ, թէ ինչ է նշանակում լինել ծնողազուրկ: Այդ է պատճառը, որ ուզում եմ բարեգործական երաժշտական դպրոց բացել, որտեղ անվճար հիմունքներով կսովորեն մանկատներում ապրող տաղանդաւոր երեխաները»:
Վարպետը պատրաստւում է անձամբ պարապել երեխաների հետ, որոնք կուսանեն երգ, պար, դաշնամուր, բայց շեշտը, իհարկէ, կդրւի դուդուկի վրայ: «Դպրոցի շէնքը արդէն կայ: Դա իմ սեփական եռայարկ շինութիւնն է: Մնում է գտնել հուանաւորներ: Նաև կազմակերպում ենք բարեգործական համերգներ, որոնց հասոյթը տրամադրւելու է դպրոցին: Պլանաւորում ենք, որ դպրոցը կսկսի գործել 2012 թւականից: Իսկ ինձանից յետոյ այդ գործը կշարունակի թոռս` Ջիւան Գասպարեանը»:
Վարպետը նշեց, որ շուրջ 12 տարի է՝ պարապում է թոռան հետ, նրա համար բացել է դուդուկի գաղտնիքներն ու նրբութիւնները, և նա է իր գործի իրական կրողը, իրական աշակերտն ու ժառանգողը:

Tert.am

0 Պատգամ: