ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԻ ՏԱՆՆ

ԿԻԼԻԿԻՈՅ

2011 ՀԱՅ ՄԱՆՈՒԿԻ ՏԱՐԻ

ՊԱՏԳԱՄ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ


ԱՆԹԻԼԻԱՍ - Կիրակի, յունւարի 9-ին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարում, յընթացս ս. պատարագի, մայր խորանից ընթերցւած հայրապետական հռչակագրով 2011 թւականը յայտարարւեց Հայ մանուկների տարի՝ հայ ժողովրդի զաւակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հայրապետական գիրն ընթերցեց Տ. Կոմիտաս արք. Օհանեանը՝ մայր տաճարում ներկայ հոծ բազմութեանը հաղորդակից դարձնելով Վեհափառ Հայրապետի մտածումներին՝ սոյն թւականը Հայ մանուկների տարի հռչակելու մասին: Առաջիկայ շաբաթներում բոլոր թեմերի եկեղեցիներում կընթերցւի Վեհափառ Հայրապետի հռչակագիրը, եւ ամբողջ տարւայ վրայ երկարող տարբեր նախաձեռնութիւններով կարժեւորւի 2011 թւականը՝ որպէս Հայ մանուկների տարի:Վեհափառ Հայրապետի երկարաշունչ պատգամը ստորեւ կցում ենք՝ որպէս ուղեցոյց հայ ժողովրդի բոլոր զաւակներին՝ այս տարւայ ընթացքում լուսարձակի տակ բերելու հայ մանկանը՝ որպէս հայ ազգի պայծառ ապագայի երաշխիքը:
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանթեմակալ առաջնորդներին,հոգեւոր դասին,ագգային իշխանութեանցեւ մեր ժողովրդի զաւակներինՀայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով ողջունում ենք ձեզ: Բացւող Նոր տարւայ սեմին ձեզ մաղթում ենք երջանկութեամբ, առողջութեամբ, յաջողութեամբ եւ աստւածային բարիքներով լեցուն տարի:
Ինչպէս յայտնի է ձեզ, ինը տարի առաջ մեր սկսած գեղեցիկ աւանդութեան համաձայն՝ իւրաքանչիւր տարւայ սկզբում մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք՝ իրենց մտածողութեան առանցքն ու իրենց գործի սեւեռակէտը դարձնելու մի սրբազան արժէք, մի կենսական խնդիր կամ մի կարեւոր դէպք՝ մեր հաւաքական կեանքում ու մտահոգութիւնների հետ անմիջական աղերս ունեցող:
Անցնող տարիներում, երբ ընտանիքը, հայ դպրոցը, կրօնական ու հայեցի դաստիարակութիւնը հաւաքական խորհրդածութեան նիւթ դարձրեցինք՝ շեշտելով դրանց ունեցած առանցքային տեղը մեր քրիստոնէական ու ազգային կեանքում, բնականաբար, նա՛եւ հպանցիկ անդրադարձանք հայ մանկանը, նրա նկատմամբ մեր ունեցած մտահոգութեանն ու նախանձախնդրութեանը: Արդարեւ, մի անհատի կեանքում մանկութիւնը նկարագիր կերտող ու ապագայ կեանքի ընթացքը ճշտող մի ճակատագրական փուլ է:
Արդ, մանկան ու մանկութեան ունեցած կենսական կարեւորութիւնը նկատի ունենալով՝ ներկայ հայրապետական գրով 2011 տարին հռչակում ենք ՀԱՅ ՄԱՆԿԱՆ ՏԱՐԻ Հայ մանկան նկատմամբ մեր անհատական թէ հաւաքական պատասխանատւութեան մասին մեր հայրական թելադրանքները կատարելուց առաջ՝ եկէք, սիրելի հայորդիներ, նախ մի ընդհանուր ակնարկով տեսնենք մանկան ներկայութիւնը Աստւածաշնչում, եւ յետոյ ամփոփ գծերով պարզենք նրա նկատմամբ ներկայ հասարակութեան մօտեցումը:
Ա.– Մանուկը՝ Աստւածաշնչում ու եկեղեցու կեանքումԱստւածաշունչը աստւածային յայտնութեան աղբիւր է: Հետեւաբար՝ այն քրիստոնէական հաւատքի հիմքն է եւ եկեղեցու կեանքի ու առաքելութեան սիրտը: Քրիստոնէական կեանքին առնչւող որեւէ արժէք կամ մտածողութիւն, դէպք կամ երեւոյթ պէտք է արժեւորւի Աստւածաշնչի լոյսի տակ: Արդ, երբ խօսում ենք մանկան մասին, անհրաժեշտ է, որ նախ դառնանք Աստւածաշնչին, ուր յաճախակի առիթներով յիշւած է մանուկը: Երբ Աստւած ստեղծեց Ադամին ու Եւային, նրանց պարտաւորութիւն տւեց՝ բազմանալու: Այս ձեւով առաջացաւ ընտանիք եւ զաւակ-ծնող փոխյարաբերութիւն:
Այս մասին Հին կտակարանում հանդիպում ենք բազմաթիւ ակնարկների. այսպէս՝ «Թոռները ծերերի պսակն են. եւ որդիների պարծանքը իրենց հայրերն են» (Առակ. 17.6): Մի այլ տեղ կարդում ենք, թէ Աստւած «հայրերի սիրտը պէտք է վերադարձնի դէպի որդիները, եւ որդիների սիրտը՝ դէպի հայրերը» (Մաղ. 4.6): Հին կտակարանում մանուկների դաստիարակութիւնը համարւում է կարեւոր. «Կրթի՛՛ր մանկանը իր ճանապարհը սկսած ժամանակ, որպէսզի իր ծերութեան ժամանակ դրանցից չխոտորւի» (Առակ. 22.6): Որբերի հոգածութիւնը եւս յատուկ կարեւորութեամբ է յիշւում Հին կտակարանում. «Ո՛չ մի այրիի կամ որբի տառապանք մի պատճառէք» (Ելից 22.22):
Նոր կտակարանում մանուկների նկատմամբ ցուցաբերւած ուշադրութիւնը նոր շեշտ է ստանում: Աստծու Որդին, որպէս մանուկ, ծնւում է Բեթղեհէմի մսուրում: Մանուկ Յիսուսին ուղղւած խոր յարգանքն ու երկիւղածութիւնը, մոգերից սկսած մինչեւ Սիմէոն ծերունին, մի յատկանշական երեւոյթ է: Քրիստոսը, իր երկրաւոր առաքելութեան ընթացքում, ո՛չ միայն բազմաթիւ անգամներ մօտեցաւ մանուկներին եւ իր առակներում յաճախ յիշեց նրանց, այլ կարեւորութեամբ շեշտեց Աստծու ունեցած յատուկ սէրը՝ մանուկների նկատմամբ:
Աստծու Որդին մանուկներին համարեց պարզութեան ու խոնարհութեան խորհրդանիշ. «Ով որ իր անձը այս մանկան պէս է խոնարհեցնում, նա է մեծը Երկնքի Արքայութեան մէջ» (Մատթ. 18.4): Քրիստոսը նաեւ մանուկների ունեցած անմեղութիւնը համարեց Երկնքի Արքայութիւն մուտքի նախապայման. «Թողէք, որ մանուկները ինձ մօտ գան. մի արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Երկնքի Արքայութիւնը» (Մատթ. 19.14): Այլ առիթով նա յիշեցրեց. «Եթէ դարձի չգաք եւ մանուկների պէս չլինէք, Երկնքի Թագաւորութիւնը բնաւ չէք մտնի» (Մատթ. 18.3):
Քրիստոսը այնքան կարեւորեց մանկան տեղը՝ հասարակական կեանքում, որ նոյնիսկ ժողովրդի դիմաց մի մանկան գրկելով՝ ասաց. «Ով որ այսպիսի մի փոքրիկի իմ անունով ընդունի, ինձ ընդունած կը լինի...» (Մարկ. 9.36-37):Քրիստոսի առաքեալները շարունակեցին նո՛յն հոգածութիւնը ցուցաբերել մանկան նկատմամբ՝ միշտ յիշեցնելով ծնողներին. «Մի՛ զայրացրէք ձեր զաւակներին, որպէսզի չյուսալքւեն» (Կողոս. 3.21): Քրիստոսի առաքելութիւնը շարունակելու կոչւած եկեղեցին իր հայրապետների թէ տիեզերական ժողովների, ուսուցումների թէ հաստատւած կանոնների ճանապարհով առանցքային կարեւորութիւն տւեց մանկանը եւ յատկապէս՝ նրա կրօնա-բարոյական դաստիարակութեանը:
Պատմութեան ընթացքում բոլոր եկեղեցիները իրենց մտածողութեան ու մտահոգութեան, դաստիարակութեան ու աւետարանչութեան մէջ առաջնահերթ տեղ վերապահեցին մանկանը՝ նրան համարելով եկեղեցու հիմքը եւ հասարակութեան շարունակականութիւնն ապահովող ու ապագան երաշխաւորող հիմնական տարր:Հայ Եկեղեցու կեանքում եւս հայ մանուկը միշտ կարեւոր տեղ գրաւեց: Մեր եկեղեցու ցուցաբերած բարձրագոյն աստիճանի հոգածութիւնը՝ մանուկների նկատմամբ, իր գործնական արտայայտութիւնն ունեցաւ յատկապէս հասարակական ծառայութեան եւ դաստիարակութեան ճանապարհով:
Բ.– Մանուկը՝ ներկայ հասարակութեան կեանքումՆերկայ աշխարհի ամենահրատապ խնդիրներից մէկը մանո՛ւկն է: Աստծու ստեղծագործութեան ամենափխրուն արարածը՝ մանուկը, անմիջականօրէն ենթակայ է պատերազմների առաջացրած վնասներին, կենսոլորտային ու բնական չարիքներին, հասարակական ու ֆիզիկական ախտերին եւ հասարակական կեանքում առաջացող բարոյական մոլութիւններին ու դրանց հետեւանքներին: Կատարւած հարցախոյզների համաձայն՝ մահացող մանուկների թիւը սկսել է զգալի աճ արձանագրել՝ հակառակ հասարակական, բժշկական ու տնտեսական մարզերում կատարւած հսկայ առաջադիմութեանը:
Արդարեւ, աշխարհի բոլոր կողմերում աղքատութեան եւ հիւանդութիւնների հետեւանքով՝ միլիոնաւոր մանուկներ են տառապում. համաճարակների պատճառով՝ միլիոնաւոր մանուկներ են մահանում, հասարակա-բարոյական չարիքների հետեւանքով՝ միլիոնաւոր մանուկներ են որբանում ու դառնում են փողոցների բնակիչ: Միւս կողմից՝ կազմակերպւած կերպով ու համաշխարհային մասշտաբով տեղի ունեցող մանուկների շահագործումը՝ գիշերային զբօսավայրերում եւ կամ պատերազմի դաշտում, մանուկների առեւանգումը եւ կամ վնասաբեր նպատակների օգտագործումը, փաստօրէն, մանկանը վերածել են ապօրէն ու ապաբարոյ առեւտրի առարկայի: Եւ, դժբախտաբար, նման երեւոյթներ շարունակւում ու աւելի՛ են տարածւում՝ հակառակ պետութիւնների խիստ հետապնդումներին:
Արդարեւ, մանուկների դէմ կատարւող բռնարարքները եւ նրանց նկատմամբ բարոյական իմաստով անվայել մօտեցման փորձերը լայն տեղ են գտել միջազգային մամուլի գլխաւոր լուրերի շարքում: Իսկ նման արարքների մէջ յերիւրածոյ հնարքներով անհատներ ու կառոյցներ ներառելու եւ իրաւական միջոցների դիմելով հսկայ գումարներ ապահովելու կամ հանգամանքներ վարկաբեկելու ճիգերը սկսել են դառնալ սովորական: Այսպէս՝ անզէն, անգիտակից ու անմեղ մանուկը այսօր դարձել է իր նկատմամբ հոգածութիւն ու պաշտպանութիւն ցոյց տալու կոչւած իր շրջապատի գերին ու շահագործման թիրախը: Արդ, կարող էք երեւակայել խեղճ մանուկների ահաւոր տառապանքն ու անձկութիւնը: Ահա թէ ինչու կրօնները, պետութիւններն ու կազմակերպութիւնները սկսել են առաջնահերթ կարեւորութիւն տալ մանկանը՝ իրենց բիւջէների կարեւոր բաժինը տրամադրելով մանուկներին առնչւող ծրագրերին:Այս շրջագծում արժէ յիշել Միացեալ ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) հաստատած մանուկների յատուկ բաժանմունքը՝ ծանօթ ԻՒՆԻՍԵՖ անւամբ:
Արդարեւ, Միացեալ ազգերի կազմակերպութեան այս կառոյցի նպատակն է օգտակար հանդիսանալ մանուկներին՝ գործնական նախաձեռնութիւնների դիմելով, ինչպէս նաեւ մանուկների հետ աղերս ունեցող ծրագրերին ու աշխատանքներին նիւթապէս օժանդակելով: Եւ որպէսզի յիշեալ կառոյցի աշխատանքը դառնայ աւելի կազմակերպ ու հետեւողական, ինչպէս նաեւ պետութիւնների մասնակցութիւնը աւելի գործօն ու մանուկների նկատմամբ նրանց ունեցած յանձնառութիւնը աւելի հաստատ, 1989 թւականին, ՄԱԿ-ը միջազգային մի համագումար կազմակերպեց, որտեղ միաձայնութեամբ հռչակւեց Մանուկների իրաւունքների ուխտ-ը:Յիշեալ ուխտի նկատակն է՝
ա)– մանուկների իրաւունքը պաշտպանել,
բ)– մանուկների կարիքները հոգալ,
գ)– մանուկների աճման ու զարգացման համար լայն հնարաւորութիւններ ստեղծել: Այս հիմնական նպատակների լոյսի տակ, նոյն ուխտի մէջ նաեւ յիշւում է, թէ անհրաժեշտ է ամէն ճիգ ի գործ դնել, որպէսզի մանուկները առողջ ապրեն, վնասաբեր երեւոյթների ենթակայ չդառնան, շահագործումներից հեռու մնան, խտրականութեան զոհ չդառնան, նրանց արժանապատւութիւնը մնայ բարձր եւ առաւելագոյն չափով մասնակից դառնան հասարակա-մշակութային կեանքին:
ԻՒՆԻՍԵՖ-ի կենտրոնը գտնւում է Նիւ Եօրքում՝ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում: Նրա լայնածաւալ գործունէութեան տարբեր երեսներին առնչւող մասնագիտական կենտրոններ են գործում՝ Շւէյցարիայում, Դանիայում, Բելգիայում, Իտալիայում, Ճապոնիայում եւ բազմաթիւ գրասենեակներ՝ 190 երկրներում:Ներկայ հասարակութեան մէջ մանկանը յատուկ կարեւորութիւն տալու եւ այդ ուղղութեամբ կատարւող բազմատեսակ աշխատանքներում պակասողը կրօնա-բարոյական դաստիարակութիւնն է, որը Մենք համարում են հիմնական՝ մանկան առողջ կազմաւորման ու նրա նկարագրի կերտման համար:
Գ–. Հայ մանկան կրօնա-բարոյական դաստիարակութեան հրամայական անհրաժեշտութիւնըԱնցնող տարիներում, երբ մեր պատգամներում ու հրատարակութիւններում անդրադարձանք հայ ընտանիքին, հայ դպրոցին ու Հայ Եկեղեցու կեանքին ու առաքելութեանը, ընդգծեցինք հայ մանկան քրիստոնէական ու հայեցի դաստիարակութեան հրամայականը: Արդարեւ, մեր համայնական կեանքի այս երեք նւիրական միջավայրերում է, որ տեղի է ունենում վաղւայ քրիստոնեայի ու հայ մարդու կրօնական ու հայեցի կազմաւորումը: Այլ խօսքով՝ այս երեք հոգե-մտաւոր քուրաներում է, որ հայ մանուկը թրծւում է մեր հոգեւոր, բարոյական ու ազգային արժէքներով ու աւանդութիւններով:
Այստեղ արժէ առանձնաբար անդրադառնալ ընտանիքի, դպրոցի ու եկեղեցու ճշտորոշիչ դերին.
1)– Անցեալում, երբ քննարկման եւ արժեւորման նիւթ դարձրեցինք ընտանիքը, ասացինք թէ՝ հայ մանուկը իր աչքերը աշխարհին բացում է հայ ընտանիքում, ուր իր ֆիզիկական աճմանն ընկերանում է նաեւ իր հոգե-բարոյական աճումը: Ասենք նաեւ, թէ հայ ծնողը հայ մանկան հոգեկերտման ու հայակերտման առաջին ու մնայուն դաստիարակն է: Այսպէ՛ս է միշտ մեզ համար հայ ընտանիքը՝ իր կեանքով, միջավայրով ու կոչումով:
Ահա թէ ինչու հայ ընտանիքը մեր ժողովրդի համար որոշ իմաստով՝ եկեղեցի է, դպրոց է ու նաեւ հայրենիք: Գիտակից հայի հիմքը հայ ընտանիքում է դրւում, արմատները հայ ընտանիքում են նետւում: Հետեւաբար՝ կարող ենք երեւակայել, թէ որքա՜ն ճակատագրական է ընտանիքի դերը՝ մանկան կրթութեան մէջ: Արդ, ինչպիսի՞ նկարագիր կարող է ունենալ վաղւայ հայը, երբ հայ ընտանիքում օտար ու օտարացնող ներկայութիւն գոյութիւն ունի, երբ հայ ընտանիքը հեռու է հայ ընտանիք կոչւելու հոգեւոր թէ ազգային սրբութիւններից ու արժէքներից, երբ հասարակա-բարոյական ախտերը սկսել են թափանցել հայ ընտանիքից ներս, երբ հայ ընտանիքը անտարբեր է մեր ըմբռնումների ու աւանդութիւնների նկատմամբ: Արդարեւ, հայ ծնողը իր զաւակին դասագրքով չէ, որ պէտք է դաստիարակի, այլ՝ ընտանիքի նւիրական միջավայրից ճառագայթող արժէքներով ու առաքինութիւններով: Հայ ծնողն իր զաւակին ծեծով ու պատժով չէ, որ պէտք է կրթի, այլ՝ նրան տւած ծնողական սիրով ու հոգածութեամբ: Հայ ծնողը սոսկ ֆիզիկական սնունդի հայթայթումով չէ, որ պէտք է կազմաւորի իր զաւակին, այլ՝ հոգեւոր ու բարոյական ճշմարտութիւններից ու արժէքներից եկող կենսատու սնունդով:
Այսպէ՛ս են եղել մեր ծնողներն ու դարձել մեր բարձր յարգանքի ու խոր երկիւղածութեան առարկան: Կեանքի ամենադժւար պայմաններում իսկ, զաւակների դաստիարակութիւնը իրենց համար եղել է ամէն բանից առաջ ու վեր: Սպասում ենք, որ նո՛յնը լինեն նաեւ մեր ներկայ ծնողները: Մեզ համար ընդունելի չէ նիւթական հնարաւորութիւններից շփացած ու աշխարհիկ հաճոյքներից յղփացած ծնողների անտարբեր ու անհոգ վերաբերմունքը՝ իրենց զաւակների նկատմամբ: Արդարեւ, խորապէս ընդվզում ենք, երբ տեսնում ու լսում ենք, որ իր մօր գիրկը սնւելու կոչւած մանուկը օտար սպասուհիների խնամքի ենթակայ է դարձել. երբ տեսնում ու լսում ենք, որ իր կեանքի ամենազգայուն տարիներում գտնւող մանուկը մանուկների խնամակալ տիկիններին է յանձնւում, որպէսզի մայրերը չզրկւեն իրենց զւարթ պահերից: Այսօր, փաստօրէն, մանկան հետ աւելի ժամանակ է անցկացնում սպասուհին, քան՝ մայրը:
Ու դեռեւս, ընդունելի չէ, որ հայ ժողովրդի հարազատ ծնունդ մանուկը օտար անունով հայ եկեղեցու մկրտութեան աւազանը մտնի, օտար դպրոց յաճախի՝ ենթակայ դառնալով իր ճշմարիտ արմատներից ու հարազատ միջավայրից իրեն հեռացնող քայլերի: Մեր ընտանիքների մէջ հետզհետէ թափանցող այս կենցաղակերպը սկսել է ապականել հայ ընտանիքի կրօնաբոյր ու հայադրոշմ մթնոլորտը եւ խաթարել մանկան կազմաւորման ընթացքը
Հնարաւոր չէ անտարբեր մնալ մեր ազգային ըմբռնումներին չհամապատասխանող եւ հետզհետէ տարածւող այս յոռի երեւոյթների դիմաց: Նման միջավայրում իր մանկութիւնն ապրած հայը իր չափահասութեամբ, վստահաբար, կընդվզի՝ նման պայմաններում իր կազմաւորումը ստացած լինելու համար:
Եւ ո՞վ է յանցաւորը. միայն ու միայն ծնողը: Արդարեւ, մեր ազգի ապագայի կերտման մէջ ծնողը առանցքային դեր ունի: Նա կարող է վերոնշեալ միջոցներին դիմելով՝ իր զաւակին հեռացնել իր ազգից. եւ, դժբախտաբար, կան նման ծնողներ: Ծնողը նաեւ կարող է մեծ ծառայութիւն մատուցել հայ ժողովրդին՝ բազմաթիւ զաւակների ծնունդ տալով ու նրանց հայօրէն կրթելով: Մեր խոր ցանկութիւնն է, որ նման ծնողների թիւը բազմանայ:
2)– Երբ դպրոցի մասին յաճախակի առիթներով ենք անդրադառնում, միշտ յիշեցնում ենք մեր կրթական պատասխանատուներին թէ՝ հայ դպրոցի կոչումը սոսկ ծանօթութիւն փոխանցել չէ, գիտութիւն ջամբել չէ, այլ հայ մանկան հոգեւոր ու բարոյական կրթութիւնն է: Այստե՛ղ է հայ դպրոցի գոյութեան պատճառը, նրա նպատակը: Մեր ժողովրդի համար հայ դպրոցը է՛ եւ մնո՛ւմ է, ընտանիքի ու եկեղեցու կողքին, վաղւայ հայ մարդուն քրիստոնէական ու հայեցի դաստիարակութեամբ շաղախելու կոչւած սրբազան առաքելութիւն:
Արդ, ընդունելի չէ, բոլոր պայմաններում, որե՛ւէ նահանջ կամ զիջում՝ այս ուղղութեամբ: Հայ ուսուցչի առաջնահերթ պարտաւորութիւնն է հայ մանկան դաստիարակութիւնը: Ուսուցիչը հայ մանկան երկրորդ ծնողն է: Մանկապարտէզի փոքր դասարաններից սկսած՝ մանուկը իր ծնողների կողքին՝ իր դիմաց տեսնում է իր ուսուցչհուն ու հետեւում է նրան՝ եւ նո՛յնիսկ նրա խօսելակերպին ու շարժումներին: Արդ, ուսուցչուհին մանկան տիպարն է: Նրա դերը մանկան դաստիարակութեան մէջ այնքան ազդեցիկ է, որ երբ մանուկը մեծանայ, նոյնիսկ իր առաջացած տարիքում չի մոռանայ իր դպրոցի ուսուցիչներին:
Մենք բարձր ենք գնահատում հայ դպրոցի ցուցաբերած հոգածու խնամքը՝ հայ մանկան նկատմամբ: Սակայն, սպասում ենք աւելի՛ն: Քաջ գիտենք, որ ներկայ պայմաններում մանկան կրթելը հեշտ չէ. սա լուրջ մարտահրաւէր է: Հայ մանկան անմիջական միջավայրը այնքա՜ն լեցուն է ախտավարակ երեւոյթներով. երբեմն նրա աչքերի դիմաց պարզւում են այնպիսի տեսարաններ ու ականջներին հասնում այնպիսի արտայայտութիւններ, որոնք մանկան կողմից սպունգի նման ծծւելով՝ իրենց ժխտական հետեւանքներն են ունենում նրա նկարագրի կազմաւորման մէջ: Հետեւաբար՝ բաւական չէ՛ միայն մանկավարժական նոր մեթոդների դիմել կամ միայն ծնողական ժողովների ճանապարհով յիշեցումներ կատարել: Անհրաժեշտ է մեր ճիգը կրկնապատկել հայ մանկան կրթութեան աշխատանքներում:
3)– Հայ Եկեղեցու համար հայ մանկան դաստիարակութիւնը՝ իր կրօնական թէ ազգային տարածքներով, շարունակում է մնալ առաջնահերթութիւն: Այս ծիրում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր հիմնած Կիրակնօրեայ դպրոցների ճանապարհով անցեալում բարերար դեր է կատարել ու շարունակում է կատարել վերանորոգ թափով: Անցեալ տարի Կիրակնօրեայ դպրոցների հիմնադրութեան ու գործունէութեան 80-ամեակն էր:
Այս առիթով մեր հրապարակած հայրապետական սրբատառ կոնդակում ասացինք հետեւեալը.«Կիրակնօրեայ դպրոցներն անցնող տարիներում կրօնական դաստիարակութեան մարզում հսկայ գործ կատարեցին ընդհանրապէս Սփիւռքի գաղթօջախներում ու մասնաւորաբար՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերում: Կիրակնօրեայ դպրոցները սովորական ու պատահական նախաձեռնութիւններ չեղան, այլ դարձան թեմերի վարչա-կազմակերպչական դրութեան մէջ կարեւոր կառոյցներ՝ իրենց յատուկ կանոնադրութեամբ, ուսուցչական կազմով ու կրթական-դաստիարակչական ծրագրով:
Մեր Սուրբ Աթոռի հայրապետները ո՛չ միայն քաջալերեցին Կիրակնօրեայ դպրոցների գործունէութիւնը, այլ նաեւ Կիրակնօրեայ դպրոցների ընդհանուր վարիչ տնօրէնութիւն հաստատեցին Անթիլիասի մայրավանքում, որպէսզի մօտկից հետեւեն նրանց աշխատանքին: Արդ, 80 տարիների ընթացքում կատարւած նւիրւած ծառայութեան ու ձեռք բերւած իրագործումների դիմաց այսօր կոչւել ենք ո՛չ միայն արդարօրէն ուրախանալու, այլ նաեւ վերանորոգ յանձնառութեամբ շարունակելու նոր սերունդի կրօնա-բարոյական դաստիարակչութեան այնքան հրամայական առաքելութիւնը:
Այսօր շրջապատւած ենք համաշխարհայնացած աշխարհից եկող այնպիսի հոսանքներով, որոնք ամէն օր խաթարում են մեր քրիստոնէական դիմագիծը, ապականում են մեր ազգային ինքնութիւնը եւ մոլորեցնում են մեր զաւակներին: Հետեւաբար՝ որեւէ ժամանակից աւելի այսօ՛ր մենք սուր կարիքն ենք տեսնում հոգեւոր ու բարոյական արժէքներով թրծելու մեր նոր սերունդի կեանքը: Ահա այս սրբազան առաքելութեան է լծւած Կիրակնօրեայ դպրոցը»:
Մանկան դաստիարակութեան նկատմամբ մեր մօտեցումը անհրաժեշտ է, որ դառնայ համապարփակ: Նեղ հայեցակէտով, դոգմատիկ ոգով եւ ժամանակավրէպ մեթոդներով կատարւող դաստիարակութիւնը կարող է հակառակ արդիւնքը տալ: Պէտք է իմանանք, որ հանգրւանային մօտեցումով ու առաջատւական ընթացքով ի՛նչ պէտք է փոխանցենք մանկանը եւ ի՞նչ բանից հեռու պահենք նրան՝ թէ՛ ընտանիքում, թէ՛ դպրոցում, եւ թէ՛ Կիրակնօրեայ դպրոցներում: Պէտք է նաեւ իմանանք, որ ինչպէ՛ս պէտք է դաստիարակենք մանկանը՝ դիմելով այնպիսի միջոցների, որոնք համահունչ են կեանքի ներկայ պայմաններին եւ մտահոգութիւններին ու նաեւ՝ գրաւիչ եւ ազդու: Այս ծիրում արդի չափանիշերին ու մերօրեայ կարիքներին համապատասխանող մանկական գրականութեան մշակումը, լսողա-տեսողական հնարաւորութիւնների ճիշտ օգտագործումը, մանուկներին հետաքրքրող հրապուրիչ ծրագրերի պատրաստութիւնը, մանուկներին յատուկ հաւաքների կազմակերպումը եւ այլ գրաւիչ նախաձեռնութիւնները կարող են մեծապէս օգտակար հանդիսանալ մանուկների դաստիարակութեան աշխատանքներում:
Դ)– Մանուկների դաստիարակութեան ընդհանուր ուղեգիծՄանուկը մեզ ապագային բացող ու առաջնորդող մեր յոյսն ու ապաւէնն է: Եթէ ցանկանում ենք պայծառացնել մեր եկեղեցին, հզօրացնել մեր հայրենիքը եւ երաշխաւորել մեր ազգի ապագան, պէտք է դառնանք մանկանն ու Քրիստոսի պատգամին հետեւելով՝ բարձրագոյն աստիճանի կարեւորութիւն ընծայենք նրան՝ ընտանիքում, դպրոցում ու եկեղեցում եւ ընդհանրապէս մեր հաւաքական կեանքում:Մանուկը չի կարող ճիշտ ու ամբողջական կերպով արտայայտել իր սպասումները, մտահոգութիւնները, կարիքները, նախասիրութիւնները, իր ցաւն ու ուրախութիւնը: Հարկ է մօտենալ նրան եւ գործնապէս ցոյց տալ, թէ նա շրջապատւած է իրեն սիրող ու հոգացող անձերով: Հարկ է գտնել մանկան հետ խօսելու, յարաբերւելու եւ գործակցելու ճի՛շտ եղանակները:
Մանկան ապագայ կեանքի առջեւ ճանապարհ բացողն իր ծնողն է եւ ապա՝ դպրոցն ու եկեղեցին: Այդ ճանապարհին մանուկը կարիք ունի խնամքի. հարկ է խնամել իրեն, մանուկը կարիք ունի դաստիարակութեան. հարկ է դաստիարակել նրան, մանուկը կարիք ունի պաշտպանութեան. հարկ է պաշտպանել իրեն. մանուկը կարիք ունի գուրգուրանքի, հարկ է գուրգուրալ նրա վրայ:
Բազմազան ու այլազան չարիքներով լեցուն ներկայ աշխարհում՝Անհրաժեշտ է մանկանը դաստիարակել՝ նրան հեռու պահելով վնասաբեր միջավայրերից, շռայլ կենցաղակերպերից, շփացած վարւելակերպերից, այլասերիչ յարաբերութիւններից, տհաճ խօսակցութիւններից ու քանդիչ բռնարարքներից:Անհրաժեշտ է մանկանը դաստիարակել՝ իր մէջ սիրոյ ու յարգանքի յարաբերութիւն ստեղծելով՝ ծնողների, ընկերների, հակառակ սեռի, անծանօթի ու կենսոլորտի նկատմամբ: Անհրաժեշտ է մանկանը դաստիարակել՝ իր մէջ սէր ու նախանձախնդրութիւն առաջացնելով մեր հոգեւոր, բարոյական, մշակութային ու ազգային արժէքների եւ աւանդութիւնների, մեր եկեղեցու ու հայրենիքի, մեր համահայկական ձգտումների ու երազների նկատմամբ:
Ա՛յս մօտեցումով ու հեռանկարով միայն կը կարողանանք մանկան մէջ կերտել վաղւայ՝Գիտակի՛ց մարդը,Ճշմարի՛տ քրիստոնեան,Յանձնառո՛ւ հայը:
ԵԵկէք միա՛սնաբար տէր կանգնենք հայ մանկանը2011 տարին հռչակելով Մանուկների տարի՝ մեր սպասումն է, որ մանուկներին առնչւող յիշեալ մտածումները, մտահոգութիւններն ու սպասումները լուրջ ու համապարփակ քննարկման նիւթ դառնան մեր կառոյցների ու ժողովրդի զաւակների կողմից: Տարբեր միջավայրերում ապրելով, բնականաբար, հայ մանուկը տարբեր ազդեցութիւնների ենթակայ է: Արդ, մեր քննարկումների ընթացքում միասնական մտահոգութիւնների ու մօտեցումների կողքին՝ անհրաժեշտ է տարբերութիւնները մատնանշել եւ համապատասխան մօտեցումներ ճշտել ու գործընթացներ որդեգրել՝ ի խնդիր հայ մանկան հոգեւոր, բարոյական ու ազգային առողջ կազմաւորման:
Արդ, կոչ ենք ուղղում մեր առաջնորդ Սրբազաններին ու ազգային իշխանութիւններին, մեր ընտանիքներին ու կրթական պատասխանատուներին եւ ընդհանրապէս մեր ժողովրդի կեանքում գործող կառոյցներին, բարձրագոյն աստիճանի հոգածութիւն ու նախանձնախնդրութիւն ցուցաբերելու մեր մանուկների նկատմամբ: Մեր հոգածու վերաբերմունքը՝ հայ մանկան նկատմամբ, պէտք է գործնապէս արտայայտւի մասնաւորաբար հետեւեալ միջոցների դիմելով.
ա).– Մեր մատնանշած մտահոգութիւնների լոյսի տակ, ծնողները պէտք է պարտաւորութիւն համարեն առաջնահերթութիւն տալ իրենց զաւակների ֆիզիկական աճման կողքին՝ նաե՛ւ նրանց քրիստոնէական ու հայեցի կրթութեանը՝ ընտանեկան յարկի տակ:
բ).– Մեր դպրոցները, յատկապէս մանկապարտէզի ու նախակրթարանի բաժիններում, պէտք է վերանայման ենթարկեն իրենց ջամբած դաստիարակութիւնը՝ կրօնա-բարոյական ու հայեցի երեսներով, դիմելով այնպիսի միջոցների ու մեթոդների, որոնք գրաւիչ լինեն՝ մեր մանուկների համար:
գ).– Ծնողներն ու կրթական պատասխանատուները պէտք է հետեւողական ճիգ թափեն, որ մեր մանուկները արտաընտանեկան ու արտադասարանային ծրագրերին բերեն իրենց հետեւողական ու գործօն մասնակցութիւնը: Այս ծիրում յատուկ կարեւորութիւն պէտք է տրւի Կիրակնօրեայ դպրոցին:
դ).– Մեր ազգային առաջնորդարանները պէտք է նոր մղում տան թեմերում կատարւող քրիստոնէական դաստիարակութեանը՝ յատկապէս մանուկներին առնչւող ծրագրերի մշակման ծխային մակարդակում:
ե).– Վերջապէս, սրտագին կոչ ենք ուղղում մեր բարերարներին եւ ունեւոր ազգայիններին՝ իրենց լաւագոյնն ու գերագոյնը տալու հայ մանկանը՝- Մանուկներին յատուկ արդիական սարքաւորումներով օժտւած մանկամսուրներ եւ մանկապարտէզներ հաստատելով:
- Մանկական գրականութիւն մշակել ու հրատարակութիւններ կատարելու կոչւած հիմնադրամներ հաստատելով:
- Հիւանդ, աղքատ ու որբ մանուկներին յատուկ օգնութեան հիմնադրամներ հաստատելով:Հայ մանուկը ազգի ու եկեղեցու զաւակն է: Եկէք, միա՛սնաբար տէր դառնանք հայ մանկանը, սրբենք հայ մանկան արցունքը, ամոքենք իր ցաւը, նւազեցնենք իր տառապանքը եւ գործնապէս նպաստենք նրա ֆիզիկական թէ բարոյական, հոգեւոր թէ ազգային առողջ կազմաւորմանն ու դաստիարակութեանը: Երբեք չմոռանանք Քրիստոսի պատւէրը՝ «Ով որ մի մանուկ է իմ անունով ընդունում՝ ինձ ընդունած է լինում» (Մատթ. 18.5):
Աղօթում ենք առ Բարձրեալն Աստւած, որ Իր օրհնութեամբ խնամի ու աճեցնի մեր ազգի մանուկներին:

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

1 ՅՈՒՆՒԱՐԻ 2011 Թ.ԱՆԹԻԼԻԱՍ, ԼԻԲԱՆԱՆ

(ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆԻ ՎԵՐԱԾՒԱԾ)

«ԱԼԻՔ»
***– Լուսանկարում՝ Վեհափառը Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցում։ Վ.

0 Պատգամ: