Հայաստանում հաւերն աւելի շատակեր են,

քան արտասահմանում



Յունւար 22, 2011 00:28
2010 թ. 9 ամսում Հայաստան է ներկրւել 26 հազար տոննայ թռչնի միս։ Նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ թռչնի մսի ներկրումն աւելացել է մօտ 24 տոկոսով։
Սակայն այստեղ կարեւոր է ուրիշ հանգամանք։ Թէեւ Հայաստանում խոշոր թռչնաբուծական տնտեսութիւններ կան, սակայն թռչնի մսի պահանջարկի երկու երրորդը բաւարարւում է ներմուծման հաշւին։ Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրութեան կազմած պարէնային հաշւեկշռի՝ տարեկան մեր երկրում սպառւում է մօտ 40 հազար տոննայ թռչնի միս։
Սա հէնց այն բնագաւառներից մէկն է, որտեղ տեղական արտադրութեան հաշւին կարելի է փոխարինել ներմուծումը։ Ի՞նչն է ուրեմն խանգարում մեր արտադրողներին՝ բաւարարել թռչնի մսի նկատմամբ տեղական պահանջարկը։
Հիմնական խոչընդոտներից մէկը ներմուծւող թռչնամսի ցածր ինքնարժէքն է։ Ըստ հայրենական արտադրողների միութեան նախագահ Վազգէն Սաֆարեանի ներկայացրած տւեալների՝ ներմուծւող հաւի մսի ինքնարժէքը 400 դրամ է՝ 1 կիլոգրամի համար, այնինչ տեղական արտադրութեան հաւի մսի ինքնարժէքը 1000 դրամից աւելի է։
Սաֆարեանն իր այդ տեղեկութիւնները ստացել է անմիջապէս արտադրողներից։ Թէ որքանո՞վ դրանք օբյէկտիւ են՝ դժւար է ասել։ Թռչնաբուծական տնտեսութիւնները մսի ինքնարժէքի թանկութիւնը բացատրում են կերի թանկացմամբ, որը նոյնպէս ներմուծւում է։ Բայց դա այնքան էլ համոզիչ բացատրութիւն չէ, քանի որ բրազիլիական թռչնաֆաբրիկաներում հաւերին հաստատ սոված չեն թողնում, իսկ բրազիլական հաւի միսը 2 անգամ էժան է հայկականի համեմատ։
Հնարաւոր է՝ հայկական թռչնաֆաբրիկաները տուժում են այն պատճառով, որ կերային յաւելումներ չեն օգտագործում։ Սա կարեւոր հանգամանք է, քանի որ Հայաստանն այն փոքրաթիւ երկրներից է, որտեղ դեռ կարելի է հանդիպել «բնական» կէրով սնւած հաւերի։ Սա ինչ որ չափով արդարացնում է այն գնային տարբերութիւնը, որն առկայ է ներմուծւած եւ տեղական թռչնամսի միջեւ։
Հնարաւոր է՝ հայկական արտադրութեան թռչնամիսն աւելի էժանանայ, եթէ թռչնակերի արտադրութիւնը կազմակերպւի անմիջապէս Հայաստանում։ Դա միանգամայն հնարաւոր է, պարզապէս գիւղացիները շահագրգռւած չեն կերաբոյսերի մշակմամբ՝ ցածր արժէքի պատճառով։ Թէեւ նշենք, որ թռչնակերը հանդիսանում է մի շարք կերային բաղադրիչների խառնուրդ։
Աշխարհում թռչնակերի արտադրութեան բիզնեսը շատ զարգացած է։ Միայն զարմանալ կարելի է, որ Հայաստանում, որտեղ 5 խոշոր թռչնաֆաբրիկաներ կան, թռչնակերի արտադրութեան ոչ մի գործարան գոյութիւն չունի։ Դրա առկայութիւնը մեզ նաեւ կապահովագրի անորակ ու գենետիկօրէն մոդիֆիկացւած թռչնակերի օգտագործումից։

Սամւէլ Աւագեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: