ՆՈՐ ՋՈՒՂԱ

Անզուգական կատարմամբ հայ երգը հնչեց Ս.

Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի

35-ամեակին նւիրւած ձեռնարկում


2010 թ. ուրբաթ, դեկտեմբերի 17-ի երեկոյեան Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կազմակերպւել էր ձեռնարկ՝ նւիրւած Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի 35-ամեակին:
Հանդիսութեանը հրաւիրւած եւ ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Եղիշէ ծ. վրդ. Մանճիկեանը, Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները, դպրոցների տեսչութիւնը, ուսուցչական կազմերը եւ մի շարք հրաւիրեալներ: Սրահում ներկայ էին նաեւ՝ «Կոմիտաս» երգչախմբի անցեալի եւ ներկայի անդամ-անդամուհիները եւ նրանց ընտանիքները:
Բացման խօսքով եւ համերգավարութեամբ հանդէս եկաւ «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամ Կարին Տէր- Մարտիրոսեանը՝ բացման խօսքում յատկապէս նշելով, որ «Կոմիտաս» երգչախմբի պատմութիւնը սկիզբ է առել մի խումբ արւեստասէր ու խիզախ մարդկանց համարձակ քայլերից։ Մեսրոպ ծ. վրդ. Աշճեան առաջնորդի եւ Մովսէս Փանոսեան խմբավարի ջանքերով կազմաւորւած երգչախումբը ճակատագրօրէն յայտնւեց այնպիսի հմուտ խմբավարների ձեռքերում, որպիսիք էին՝ լուսահոգի Պարթեւ Շահվալադեանը, Վրէժ Մելիքեանը, Համիկ Ալեքսանդրեանը, Ռադիկ Մելիքեանը եւ խմբի այժմեան ղեկավար մայեստրօ Արմէն Ամիրխանեանը:
Կոմիտասցիները առաջնորդւելով Մեծն Կոմիտասի օրինակով եւ Աստծոյ զօրութեամբ՝ 35 տարիներ անընդմէջ հնչեցրել են հայ երգը՝ եկեղեցիներից, հայկական ու պարսկական տարբեր բեմերից եւ այս վերջին շրջանում արտերկրի բեմերից:Համերգավարի ջերմ խօսքերին յաջորդեց տեսաժապաւէնի վերածւած երգչախմբի տարբեր տարիների լուսանկարների ցուցադրումը, որի շնորհիւ՝ ներկաները վերապրեցին «Կոմիտաս»-ի անցած 35 տարիները: Թէեւ ցուցադրւող լուսանկարներին զուգահեռ չէր հնչում որեւէ բացատրական խօսք, արդարեւ դրանք անխօս բացատրեցին հիմնադրման օրւանից մինչ այսօր կատարած ելոյթների եւ աշխատանքների մասին:
Ցուցադրւեցին նաեւ 2008 թւականին Հայաստանում Երգչախմբային ընկերութեան հիմնադրման 50-ամեակին նւիրւած համերգին եւ 2010 թւականին Գերմանիայում կայացած Միջազգային երաժշտական փառատօնում ունեցած ելոյթներից հատւածներ:Գեղարւեստական ելոյթների բաժնում նախ բեմ ներկայացաւ «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախումբը, որը ազգագրական պարերի կատարմամբ՝ հաճելի պահեր նւիրեց բոլոր ներկաներին: Պարախմբի ելոյթին յաջորդեց նոյն միաւորի «Լեւոն Շանթ» թատերախմբի կողմից վերջերս բեմադրւած «Քաջ Նազար» կատակերգութիւնից մի հատւածի ներկայացումը՝ բեմադրութեամբ Վիգէն Մովսիսեանի:
Սոյն ներկայացումը եւս մի գեղեցիկ նւէր էր, որը մատուցւեց կոմիտասցիներին եւ բոլոր ներկաներին:Ծրագրի շարունակութեան մէջ բեմ ներկայացաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը: Նախ խմբի ներկայացուցիչ Վեհանուշ Խուդաբախշեանը յանուն երգչախմբի վարչութեան, ղեկավարի եւ անդամ-անդամուհիների՝ շնորհաւորանքի խօսք ուղղեց «Կոմիտաս» երգչախմբին, ապա ղեկավարութեամբ Համիկ Ալեքսանդրեանի խումբը «Սարերի հովին մեռնեմ» եւ «Հոյ նազան իմ եարը» երգերի կատարմամբ առանձնայատուկ շուք պարգեւեց հանդիսութեանը:
Ծրագրի շարունակութեան մէջ հերթը հասաւ Լեհաստանի Հոգեւոր միջազգային երաժշտական մրցոյթ-փառատօնի մրցանակակիր «Կոմիտաս» մանկա-պատանեկան երգչախմբին: Խումբը ղեկավարութեամբ Արմէն Ամիրխանեանի կատարեց Ռոբերտ Պետրոսեանի մշակած «Երազ իմ երկիր» եւ Բախ-Գունօ «Աւէ Մարիա» երգերը, որոնց փոխադրումը մանկական երգչախմբի համար կատարւել է Արմէն Ամիրխանեանի միջոցով։ Յիշեալ կատարումներից յետոյ՝ «Կոմիտաս» մանկա-պատանեկան երգչախմբի անունից նոյն երգչախմբի անդամ Լալագէ Իսաղուլեանն ընթերցեց շնորհաւորական մի խօսք:
Այնուհետեւ պարային գեղեցիկ շարժումների ներքոյ երգչախումբը կատարեց նաեւ Ստեփան Շաքարեանի մշակմամբ հայրենասիրական եւ ժողովրդական երգերի շարանը: Սոյն պարային շարժումների համադրումը կատարել էր Վանէ Շահիջանեանը: Արդարեւ, մանկա-պատանեկան այս երգչախմբի իւրաքանչիւր կատարումն ունէր իր իսկ հետաքրքրութիւնը: Յատկանշական է, որ համերգավարի միջոցով ծրագիրը գեղեցկօրէն ընդմիջւում էր «Կոմիտաս» երգչախմբի ծաւալած գործունէութեան մասին տեղեկութիւններով, հայ մեծերի խօսքերից մէջբերումներով եւ սրամիտ արտայայտութիւններով։
Ծրագրի ընթացքում ընթերցւեցին նաեւ այս յիշարժան առիթով ստացւած ուղերձներից հատւածներ: Ուղերձները ստացւել էին՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութիւնից, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղից, Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութիւնից, Շահինշահրի «Նարեկ» երգչախմբից, «Կոմիտաս» երգչախմբի նախկին խմբավարներ՝ Վրէժ Մելիքեանից եւ Ռադիկ Մելիքեանից, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ կոմպոզիտոր Արամ Սաթեանից, ՀՀ վաստակաւոր արտիստ երգչուհի Աննա Մայիլեանից, Հրազդանի Առնօ Բաբաջանեանի անւան թիւ երկու երաժշտական դպրոցի տնօրէնութիւնից, ԱՄՆ-ում բնակւող՝ Անժէլ Քոչարեանից, Սիրան Կարապետեանից, Կարինէ Ղարախանեանից եւ Ռուբինա Շահիջանեանից։
Վերջապէս, հասաւ սպասւած պահը, երբ համերգավարը բեմ հրաւիրեց 35-ամեայ երգչախմբին՝ իր գեղեցիկ կատարումներով զարդարելու ծրագիրը: Երգչախումբը կատարեց՝ Կոմիտասի «Գութան երգ»-ը, Ալբինիոնիի «Ադաջիօ»-ն եւ Ռոբերտ Պետրոսեանի մշակմամբ՝ «Ֆանտազիա՝ Սայեաթ Նովայի երգերի թեմաներով» կատարումը: Ապա երգչախմբի ձայնակցութեամբ նոյն երգչախմբի անդամ Մհեր Պօղոսեանը մենակատարեց Արթուր Մեսչեանի «Ո՞ւր էիր Աստւած» երգը, որի փոխադրութիւնը կատարւել էր Աշոտ Ղազարեանի միջոցով:
Խմբի եւ մեներգչի կատարումների համադրութիւնը այնքան հմտօրէն էր կատարւած, որը հիացմունքից բացի՝ ուրիշ զգացում չէր առաջացնում ներկաների մօտ: Որպէս գեղարւեստական ելոյթների վերջաբան՝ երգչախումբը կատարեց Մելիք Մաւիսակալեանի մշակմամբ «Հայրենասիրական երգերի շարան»-ը, ինչը վաստակեց ներկաների յոտնկայս ծափահարութիւնները: Յատկանշական է, որ վերոնշեալ երգերի գործիքաւորումը կատարւել էր Րաֆֆի Շահբազեանի միջոցով:
Որպէս փակման արտայայտութիւն՝ օրհնանքի եւ մաղթանքների խօսքով արտայայտւեց թեմի առաջնորդը: Նա փակման ելոյթի ընթացքում ասաց. «35 տարիներ առաջ մի խումբ հիմնադիրներ մտայղացում ունեցան՝ ստեղծելու Կոմիտասի անւամբ Ս. Ամենափրկիչ վանքի երգչախումբը։ Ահաւասիկ, 35 տարիներ անց «Կոմիտաս» երգչախումբը շարունակում է իր սրբազան առաքելութիւնը։ Երգչախումբը երգել ու շարունակ երգում է մեր եկեղեցիներում՝ մեր սրբազան պատարագի երգեցողութիւնը պայծառացնելու, մեր հաւատացեալին հաւատք, յոյս եւ սէր փոխանցելու։
Նրանք զարդարեցին նաեւ մեր բեմերը եւ Հայաստանում ու Արտերկրում ունեցած համերգներով մեր մշակութային գանձերը հրամցրեցին բոլորին։ Ես խոնարհւում եմ հիմնադիրների եւ անդամ-անդամուհիների յիշատակի առջեւ, ովքեր այսօր մեզ հետ չեն, թող նրանց հոգիները երկնային խաղաղութեամբ հանգչեն: Գնահատում եմ բոլոր ղեկավարներին ու մանաւանդ այսօրւայ ղեկավարին, որը վեց տարի շարունակ սքանչելի կերպով առաւել շունչ, ոգի եւ կորով փոխանցեց մեր «Կոմիտաս» երգչախմբին»: Սրբազան Հօր արտայայտութիւններից յետոյ՝ «Կոմիտաս» երգչախմբի անունից, խմբավար Արմէն Ամիրխանեանի ձեռամբ, յուշանւէրներ յանձնւեցին՝ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանին՝ տարիներ շարունակ կատարած բարոյական հովանաւորութեան եւ Համիկ Ալեքսանդրեանին՝ ի երախտագիտութիւն իր մատուցած աշխատանքների:
Կոմիտասի հետքերով քայլող 35-ամեայ երգչախմբին մաղթում ենք կանաչ ճանապարհ եւ նորանոր բարձունքների նւաճում:Թող խմբի իւրաքանչիւր անդամի շուրթերից հնչող երգերով համայն աշխարհը ճանաչի երգչախմբին եւ նրան ծնունդ տւող Նոր Ջուղան:
ԹՂԹԱԿԻՑ
(ՆՈՐ ՋՈՒՂԱ)
«ԱԼԻՔ»

0 Պատգամ: