Ռուսական ֆաշիզմի հերթական զոհը.

* Սամարայում Յունւարի 15-ին սպանւել

է Հայ ուսանող Արմէն Սահակեանը



Յունւար 19, 2011 10:28
Յունւարի 15-ին, երբ ամբողջ Ռուսաստանում ակցիաներ էին ընթանում ի յիշատակ հիւսիսկովկասցիների կողմից սպանւած «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի, Սամարայում մէկ այլ սպանութիւն է կատարւել։
Անյայտ յանցագործի զոհ է դարձել Սամարայի պետական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի 19-ամեայ ուսանող Արմէն Սահակեանը։ Չարագործը դանակով հարւածել է Արմէնի կրծքավանդակին, ինչից յետոյ փախուստի է դիմել։ Արմէնն ինքն է կանգնեցրել պատահական մի աւտոմեքենայ, որպէսզի հասնի հիւանդանոց, սակայն հիւանդանոցի ճանապարհին մահացել է։
Ինչպէս յայտնում է «Կոմսոմոլսկայա պրաւդան», քննարկւում են բոլոր տարբերակները՝ ամենապարզունակից մինչեւ մահացածի անձնական կոնֆլիկտները։ «Առայժմ յանցագործութիւնը բացայայտւած չէ»,- ասել են թերթին։
Պարբերականը ներկայացնում է կատարւածի մանրամասները։ Յունւարի 15-ի երեկոյեան Արմէն Սահակեանը գնում է ընկերոջ մօտ։ Արմէնը նստում է տրամւայ։ Երիտասարդը չի նկատում, թէ ինչպէս են վագոնում մի քանի հետաքրքրասէր աչքեր հետեւում իրեն։ Երբ նա կանգառում իջնում է, հինգ տականքներ սկսում են հետեւել նրան։ Նրանցից մէկը դանակը խրում է ուղիղ նրա սիրտը։
«Եւ ինչպէ՞ս պէտք է տղաս պաշտպանէր իրեն։ Փոքր տարիքում նա կարատէի էր գնում, շատ մեդալներ ուներ»,- արտասւելով պատմել է Արմէնի հայրը՝ Անդրանիկ Սահակեանը։
Արմէնն ուղղակի չի հասցրել խուսափել իր վրայ յարձակւողներից: Անյայտ անձինք յարձակւել են յետեւից եւ տապալել գետնին: Փողերին ձեռք չեն տւել, հեռախօսը չեն վերցրել: Արիւնաքամ լինող Արմէնն մի կերպ ոտքի է կանգնել եւ վազել դէպի փողոց՝ տաքսի կանգնեցնելու համար, սակայն ոչ մի վարորդ չի ցանկացել իր մեքենան նստեցնել վիրաւոր տղային, այն էլ ոչ ռուսի: Ամէն դէպքում մի տաքսիստ խղճացել է արնաքամ լինող հային եւ տեղափոխել հիւանդանոց, սակայն արդէն ուշ է եղել: Արմէնը մահացել է հէնց մեքենայի մէջ, գրում է «Կոմսոմոլսկայա պրաւդան»:
Ինչպէս հաղորդում է «Նովոստի Տոլյատիի»-ն, Վլադիսլավ Վոլկովի բլոգում տեղադրւած է Սամարայի պետական համալսարանի դասախօս Վիկտոր Պոլեանսկիի հետ հարցազրոյցի ամբողջական տարբերակը: Նրա հետ զրուցել է տեղի հեռուստաալիքներից մէկի թղթակիցը, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ տեսանիւթը թոյլ չեն տւել եթեր հեռարձակել: Ինչպէս գրել է մեկնաբաններից մէկը, «վերեւից թոյլ չեն տւել»: Հարցազրոյցի տեսանիւթը տեղադրւել է YouTube-ում:
«Հիմնականում նրանք հանգիստ, բարեկիրթ եւ աշխատասէր ուսանողներ են: Նրանք բացասական զգացումներ չեն առաջացնում, քանի որ պարտաճանաչ եւ դաստիարակւած տղաներ են: Նման ուսանողների թւին էր պատկանում նաեւ Արմէնը: Ինձ դժւար է պատկերացնել, որ այդ յանցագործութիւնը տեղի է ունեցել ազգային հողի վրայ: Ինքը՝ Արմէնը, տարբերւում էր հանգիստ վարքով, քանի որ դաստիարակւած երիտասարդ էր: Նա երբէք ագրեսիւ չի եղել եւ իր կարգավիճակի հետ կապւած անհանգստանալու տեղիք երբէք չի տւել: Անհասկանալի է, թէ ինչ կարող էր տեղի ունեցած լինել: Դեռ բաւարար տւեալներ չկան: Ինչպէս ես եմ հասկանում, գործի հետաքննութիւնը նոր է սկսւում:
Արմէնը խաղաղասէր ընկեր էր, ինտերնետում կան նրա լուսանկարները, որոնք վկայում են, որ նա ընկերութիւն էր անում ռուս տղաների հետ: Ֆակուլտետում ոչ Արմէնի, ոչ էլ այլ «ոչ տեղացու» հանդէպ ոչ մի խնդիր չի եղել:
Արմէն Սահակեանի յուղարկավորութիւնը կկայանայ Յունւարի 19-ին ժամը 12:00-ին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: