Մեզ յաջողւեց Ցեղասպանութեան խնդրի

շուրջ բանավէճը տեղափոխել Թուրքիա


«Թուրքիայի նախագահի շեշտադրումը ևս մէկ անգամ վկայեց, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմաններ է առաջ քաշում»


14:43 • 27.01.11
ՀՀԿ–ական պատգամաւոր Գագիկ Մինասեանը երէկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայ–թուրքական յարաբերութիւններին, կարծիք յայտնեց, որ գործընթացը գտնւում է պասիւ փուլում, սակայն այն դեռ ամբողջութեամբ իրեն չի սպառել։ Պատգամաւորի խօսքով՝ Հայ–թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը թէև պասիւ փուլում է, սակայն արդէն այսօր այդ գործընթացին կարելի է երկու գնահատական տալ։
«Նախ մեզ յաջողւեց այս գործընթացի արդիւնքում ցեղասպանութեան խնդրի վերաբերեալ բանավէճը տեղափոխել Թուրքիա։ Հարց, որը տասնամեակներ մեզ չէր յաջողւում իրականացնել»,– ասաց Գագիկ Մինասեանը՝ աւելացնելով, որ այսօր արդէն թրքական իշխանութեան ամէնաբարձր օղակներում, մշակութային, կրթական համակարգերում բանավէճ է ծաւալւում ոչ միայն ցեղասպանութեան փաստի, այլև դրա դատապարտման վերաբերեալ։
Պատգամաւորը համոզւած է, որ այդ յաղթարշաւը հնարաւոր չի լինելու կասեցնել։ «Դա մակընթացութիւններով կամ տեղատւութիւններով, արագ կամ դանդաղ տարածւելու է թրքական ողջ հասարակութեան մէջ։ Դա ցեղասպանութեան փաստի բանավէճի տեղափոխումն է թրքական հասարակութեան մէջ»,– ասաց նա։
Հայ–թրքական չարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մասին պատգամաւորի երկրորդ գնահատականն այն է, որ նշւած գործընթացի արդիւնքում Հայաստանը կարողացաւ միջազգային հանրութեանը պատշաճօրէն ներկայացնել, որ ինքը բաց է քննարկումների համար, ունի ընկալելի մօտեցումներ և պատրաստ է առանց նախապայմանների յարաբերութիւններ ստեղծել Թուրքիայի հետ: Միաժամանակ, ըստ ՀՀԿ–ական պատգամաւորի, ժամանակը ցույց տւեց, որ Հայաստանի այս մօտեցումը, որն ընկալելի է բոլոր քաղաքակիրթ երկրների, այդ թւում՝ ԱՄՆ–ի և Եւրամիութեան համար, ընկալելի չէ Թուրքիայի համար, ինչը Թուրքիային դնում է մի իրավիճակում, որում ոչ մի երկիր երբէք չի յաղթել։
«Եթէ որևէ երկիր գնում է միջազգային զարգացումների ընդահանուր տրամաբանութեանը հակառակ, ապա վաղ թէ ուշ այդ երկրում առաջանում են ուժեր, որոնք փորձում են երկրին բերել միջազգային զարգացումների ընդհանուր տրամաբանութեան հունի մէջ։ Շատ երկրներ այս պարագայում ուղղակի տրոհւում են։ Ես չեմ ցանկանում ասել, որ այդ ամէնը սպառնում է նաև Թուրքիային սակայն ընդհանուր տրամաբանութիւնը հէնց դրա մասին է խօսում»,– յայտարարեց Մինասեանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ–ում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գիւլի ելոյթին՝ Գագիկ Մինասեանը նշեց, որ «ադրբեջանական տարածքներն» ազատելու մասին Թուրքիայի նախագահի շեշտադրումը ևս մէկ անգամ վկայեց, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմաններ է առաջ քաշում։



Tert.am

0 Պատգամ: