Ադրբեջանի նախագահի պաշտոնական

կայքն ապատեղեկատւութիւն

է տարածել



Յունւար 17, 2011 18:03
Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում Եւրոպական յանձնաժողովի նախագահ Խոզէ մանուել Բարոզուի յայտարարութիւնը խիստ հաւասարակշռւած է եղել եւ համահունչ միջազգային հանրութեան կարծիքին: Այս մասին «Արմէնպրէս» գործակալութեանը յայտնել է Եւրոպական յանձնաժողովի նախագահի մամուլի խօսնակ Մայքլ Կատնիչնիկը:
Յիշեցնենք, որ 2011-ի յունւարի 13-14-ը Եւրոպական յանձնաժողովի նախագահ Բարոզուն պաշտօնական այցով գտնւել է Բաքւում, որտեղ իր անհանգստութիւնն է կիսել Ադրբեջանի նախագահի հետ` կապւած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում առաջընթացի պակասի հետ: Ադրբեջանի նախագահի պաշտօնական կայքում նշւած է, թէ իբր Խ. Բարոզուն ասել է, որ ԼՂ հակամարտութեան կարգաւորումը պէտք է ընթանայ տարածքային ամբողջականութեան սկզբունքի համաձայն, եւ թէ իբր իրենք ցանկանում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը վերականգնւի: Հետաքրքրական է, որ Եւրոպական յանձնաժողովի պաշտօնական կայքում նման յայտարարութեան մասին խօսք անգամ չկայ:
Այս հակասութեան առնչութեամբ, Մայքլ Կատնիչնիկը նշել է. «Ես չեմ տեսել այն տեքստը, որը դրւել է Ադրբեջանի նախագահի կայքում, սակայն պէտք է հաշւի առնել այն, ինչ մեր կայքում է տեղադրւած, այլ ոչ թէ ուրիշների ասածները»: Նա յաւելել է, որ, իհարկէ, Խ.Բարոզուն տարբեր առիթներով նշել է տարածքային ամբողջականութիւնը` որպէս հակամարտութիւնների կարգաւորման սկզբունքներից մէկը, որը պէտք է յարգւի բանակցային գործընթացում:
«Ինչպէս գիտէք, դա այն կարեւորագոյն սկզբունքներից մէկն է, որի շուրջ համաձայնութեան է եկել համաշխարհային հանրութիւնը. միւս երկու սկզբունքները ազգերի ինքնորոշումն ու հակամարտութիւնների խաղաղ կարգաւորումն են»,- ընդգծել է Մ.Կատնիչնկիը` շեշտելով, որ նախկինում եւս Եւրոպական յանձնաժողովի նախագահը մի քանի անգամ շեշտել է հակամարտութիւնների դիւանագիտական կարգաւորման կարիքը, եւ այն, որ ռազմատենչ հռետորաբանութիւնը կողմերին էլ օգտակար չի լինի:
«Բացի այդ, մենք ամբողջովին աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին, որը գործում է ԵԱՀԿ հովանու ներքոյ, եւ Եւրոպական Միութիւնը աւելի օգտակար գտնւել գործընթացում, եթէ նման դիմում լինի կողմերից»,- ասել է Մ.Կատնիչնիկը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: