ԼՂՀ ԱԳՆ.–

«Տարօրինակ է Լեհաստանի

իշխանութիւնների դիրքորոշումը»



Յունւար 13, 2011թ. 12:28
Վերջին ժամանակներս Բաքւի քարոզչամեքենայի շահարկումների առարկայ է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանութեան կայքէջում տեղադրւած` Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրութիւնը, որի առիթը 2010 թւականի դեկտեմբերին Եւրախորհրդարանի պատգամաւոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն:
Անտարակոյս, ԼՂՀ այցելութիւնների անցանկալիութեան վերաբերեալ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան հաղորդագրութիւնը երաշխաւորական-տեղեկատւական բնոյթ է կրում, ինչի մասին, մասնաւորապես վկայում է այն, որ Լեհաստանի ԱԳՆ պաշտօնական կայքէջում նշւած տեղեկատւութիւնը բացակայում է: Սակայն հաւատարիմ մնալով իրեն` պաշտօնական Բաքուն ուռճացնում է յիշեալ թեման:
Այդուհանդերձ, տարօրինակ է մնում Լեհաստանի իշխանութիւնների դիրքորոշումը, քանի որ նաև այդ երկիրն է նախաձեռնել ԵՄ <Արևելեան գործընկերութիւն> ծրագիրը, որը հիմնւած է ժողովրդավարութեան և միջազգային իրաւունքի սկզբունքների վրայ: Արդեօ՞ք լեհական իշխանութիւնները դրանով իսկ չեն ոտնահարում իրենց քաղաքացիների իրաւունքներն ու ազատութիւնները: Չէ որ դեռ ոչ մէկի կողմից չի բեկանւել ազատ տեղաշարժւելու և ճշմարտացի տեղեկատւութիւն ստանալու մասին իրաւունքի միջազգային համաձայնագիրը: Միանգամայն տեղին կլինի հարց ուղղել Լեհաստանի արտաքին գործերի նախարար պան Ռադոսլավ Սիկորսկուն, թէ արդեօք տւեալ սահմանափակումը տարածւում է նաև լեհ քաղաքացի Անջէյ Կասպշիկի վրայ:
Ի դէպ, ամէն ինչից դատելով, Բաքւի չինովնիկների սպառնալիքները հազիւ թէ տպաւորութիւն թողնեն որևէ մէկի մօտ: Չնայած նրան, որ արտասահմանցիների այցերը Արցախ` Բաքւում համարում են քրէօրէն պատժելի յանցանք, անկախութեան հռչակումից ի վեր ԼՂՀ են այցելել տասնեակ հազարաւոր օտարերկրացիներ` զբօսաշրջիկներ, քաղաքագէտներ, գործարարներ, դերասաններ, լրագրողներ, այդ թւում` Ադրբեջանի ամենաբարեկամ երկրների, օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչներ:
Աւելին, Արցախ այցելող արտասահմանցի զբօսաշրջիկների թիւը, այդ թւում` ԵՄ երկրներից, տարէցտարի կայուն կերպով աւելանում է: Բազմաթիւ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Ընդլայնւում է այն երկրների աշխարհագրութիւնը, որտեղից զբօսաշրջիկներ են ժամանում: 2010 թւականին առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի և Կոտ դ’Իվուարի քաղաքացիներ:
Այդ ամէնը վկայում է այն մասին, որ աշխարհում տարէցտարի աճում է հետաքրքրութիւնը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիւ հակազդեցութեանը և այն բանին, որ ԼՂՀ այցելող օտարերկրեայ քաղաքացիները յայտարարւում են <նօն գրատա> անձինք: Զբօսաշրջիկներին հրապուրում են հինաւուրց պատմական յուշարձանները, շքեղ բնութիւնը, առողջ բնապահպանական միջավայրը և այլն: Սակայն, նրանց խօսքերով, երկրի հիմնական հարստութիւնը կազմում են նրա բարեացակամ և հիւրասէր մարդիկ:
Անկասկած, այսուհետև ԼՂՀ-ում առանձնայատուկ ուշադրութեամբ կվերաբերւեն Լեհաստանի քաղաքացիներին, ովքեր անտեսելով արհեստական արգելքները, կայցելեն ԼՂՀ:


ArmAr.am

0 Պատգամ: