Նախագահ Սերժ Սարգսեանի

Ամանորի ուղերձը


01.01.2011
Սիրելի´ հայրենակիցներ,Մօտենում է 2011 թւականը, երբ մենք արժանի շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման քսաներորդ տարեդարձը: Ափսոսանքով, բայց նաեւ ներկայ անկախութիւնը կերտած սերունդների հպարտութեամբ պիտի արձանագրենք, որ նման յոբելեան Հայոց հողի վրայ վաղուց չի նշւել: Շա՛տ վաղուց:
Մենք 2011 թւական ենք մտնում վստահութեամբ եւ լաւ գիտենք, որ մեր խնդիրները մե´նք ենք լուծելու: 2011 թւականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու յամառ ջանքերի, կարծրացած արատների դէմ հետեւողական պայքարի ու պակասը լրացնելու տարի: Եւ պիտի խոստովանենք, որ իսկապէս պակաս շատ բան կայ: 2011 թւականը լինելու է նաեւ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան հետագայ ամրապնդման եւ հայոց իղձերի իրականացման ուղղութեամբ նոր քայլերի տարի:
Չեմ կասկածում` այն, ինչ այսօր պակաս է, վաղն անկասկած լրացւելու է: Անցնող տարում հսկայական գործ են արել ե´ւ գիւղացին, ե´ւ դիւանագէտը, ե´ւ զինւորականը, ե´ւ պետական ծառայողը, ե´ւ գործարարը, ե´ւ ուսուցիչը ե՛ւ շատ-շատերը: Ինչ-որ բան չի յաջողւել գիւղացուն, ինչ-որ բան` գործարարին կամ կառավարութեանը, բայց շատ բան, երբեմն բազմապատիկ աւելի, յաջողւել է: Սա փաստ է: Մենք կատարելագործում ենք պետական համակարգը, եւ նոր տարում այն աշխատելու է առաւել արդիւնաւէտ: Փոփոխութիւնները շարունակւելու են, եւ դրանց արդիւնքերն աւելի տեսանելի են լինելու:
Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ ձեզ Նոր Տարւայ եւ գալիք Սուրբ Ծննդեան տօների առթիւ: Սրանք տօներ են, որոնք խորհրդանշում են նոր սկիզբ: Ամանորը դիմաւորենք նորացւած յոյսերով ու նորոգ հաւատով, քանի որ լաւ սկիզբը գործի կէսն է:
Ցանկանում եմ, որ մենք այսօր չխախտենք աւանդոյթը եւ բաժակ բարձրացնենք մեր զինւորների համար, ովքեր խրամատներում հսկում են մեր տօնական գիշերը: Առաջին հերթին նրանց շնորհիւ է, որ մենք այս տարի նշելու ենք վաղուց չնշւած, բայց ազգային արժանապատւութիւնը մարմնաւորող յոբելեանը: Թող գալիք տարում նրանց մատը փուշ չմտնի: Խոստովանեմ, որ ոչ մի լուր ինձ այնպէս չի խոցում, ինչպէս լուրերը բանակում արտակարգ պատահարների մասին:
Նոր Տարին առաջին հերթին երեխաների եւ ընտանեկան տօն է, որ առանձնայատուկ է յատկապէս այն օջախներում, որտեղ փոքրիկներ կան: Մաղթում եմ մեր երեխաներին, որ նրանք լինեն առողջ եւ ուրախ, վայելեն ընտանեկան ջերմութիւնն ու սէրը: Եթէ այդպէս լինի, վաղը մենք կունենանք բիւրեղացած նկարագրով նոր որակի հասարակութիւն, որտեղ կշիռ չեն ունենայ չարացած մարդիկ:
Մեր տարէցներին մաղթում եմ առողջութիւն եւ ջերմութիւն: Թող նրանք միշտ հնարաւորութիւն ունենան իմաստուն խորհուրդներ տալու իրենց զաւակներին ու թոռներին, ուրախանալու ու հպարտանալու նրանց յաջողութիւններով։
Սիրելի´ հայրենակիցներ, քոյրե´ր եւ եղբայրնե´ր,
Բոլորիդ յաջողութիւն, խաղաղութիւն եւ սեփական քրտինքով սեփական ընտանիքն ու երկիրը շէնացնելու հնարաւորութիւն եմ ցանկանում գալիք տարում: Մաղթում եմ, որ 2011 թւականը դառնայ նոր յաղթանակների եւ սեփական ուժերի հանդէպ վստահութեան աւելացման տարի, եւ բոլորս հզօր թիկունք, լաւ օրինակ լինենք միմեանց համար։ Այս դէպքում իւրաքանչիւր նոր տարի հաստատապէս մերը կլինի:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

0 Պատգամ: