Թուրքիայում տարւայ մարդ է ճանաչւել

Հայոց Ցեղասպանութեան մասին

գրած խմբագիրը



Յունւար 01, 2011 17:35
Թրքական Today’s Zaman պարբերականի խմբագիրները Taraf-ի գլխաւոր խմբագիր Ահմեթ Ալթանին ընտրել են Today’s Zaman-ի տարւայ մարդ: Թերթը գրում է, որ Ալթանը կենտրոնական դեր է խաղացել Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումից ի վեր ամենախոշոր բարեփոխման մէջ:
Ալթանը, որը մի քանի բեսթսելլերների հեղինակ է իր սիւնեակում ընթերցողներին հիացնում է` օրւայ քաղաքական հիմնախնդիրների մեկնաբանութիւնները ներկայացնելով գեղարւեստական արձակի ձեւով: Սակայն սրութիւնն ու հիմնաւորւածութիւնն ունեն նաեւ հետեւանքներ, իսկ ոմանք այն աստիճան են ատում Ալթանին, որ նոյնիսկ մահւան սպառնալիքներով եւ ատելութեան արտայայտութեամբ նամակներ են ուղարկում: Ալթանն ու իր թերթն անվախ են ոչ միայն զինւորականների, այլեւ` երկրի կառավարութեան մասին գրելիս:
Ալթանը յայտնի գրող եւ նախկին պատգամավոր Չեթին Ալթանի որդին է: Չեթինը ժամանակին քաղաքական հայեացքների համար նոյնիսկ բանտում է նստել: Ալթանը մի անգամ պատմել է, որ մանկութիւնից յիշում է, թէ ինչպէս էր հայրն ամէն առաւօտ աշխատանքի գնալուց առաջ գնում դատարան: Հայրը սովորեցրել է երեխաներին չդավաճանել ստեղծագործելուն եւ գրածի մէջ լինել ազնիւ ու անկեղծ:
2008-ին, երբ Ահմեթ Ալթանը հրապարակեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած «Օ՜, իմ եղբայր» յօդւածը նրան Թուրքիայի քրէական օրէնսգրքի 301 յօդւածով ներկայացւեց «թուրքական ինքնութիւնը վիրաւորելու» մեղադրանք:
Ալթանի նման մարդիկ, որպէս կանոն, հայրենիքում չեն պարգեւատրւում կեանքի ընթացքում: Սակայն, երբեմն, ճանաչումը գալիս է անհաւանական տեղերից:
«Պէտք է խելագար լինել, նման բան անելու համար»,- իր աշխատանքի մասին ասել է Ալթանը, երբ 2009-ին ստացաւ «Շպարկասսէ Լէյպցիգ» մեդիա–հիմնադրամի ԶԼՄ-ների ազատութեան եւ ապագայի մրցանակը:
«Մենք ցանկանում ենք խախտել աւանդոյթը, որի համաձայն կեանքի օրօք չեն մեծարում Ալթանի նման մարդկանց: Մենք ընտրել ենք նրան Today’s Zaman-ի 2010 թւականի Տարւայ մարդ` տաբուների յաղթահարման եւ նւաճումների համար»,- գրում է Today’s Zaman-ը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: