Le Monde.

Փարիզը դաւաճանեց հայերին


«Սարկոզին երաշխաւորում է, որ Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանող օրինագիծը կհանգի Ֆրանսիայի Սենատում»


«Թուրքերը պայքարում են Գազայի հատւածի շրջափակման դէմ, սակայն արդէն 16 տարի շրջափակւած են պահում Հայաստանը: Թուրքերը Իսրայէլից թուրքական նաւատորմի ինը զոհերի համար ներողութիւն են պահանջում, սակայն երբէք մի խօսք չեն ասել 1915-ին զոհւած 1,5 միլիոն հայերի մասին»


Յունւար 02, 2011 08:54
NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական Le Monde-ում հրապարակւած Արա Թորանեանի յօդւածը:
Wikileaks-ի գաղտնազերծած դիւանագիտական թղթակցութիւնը բացայայտում է Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանելու Ֆրանսիայի Հայ համայնքի առջեւ ստանձնած պարտաւորութիւններն արդէն երկու ամիս անց խախտելու Նիկոլա Սարկոզիի քայլը: 2007թ. ապրիլի 24-ին Ժողովրդական շարժման միութեան թեկնածուն խոստացավ նպաստել Սենատում փաստատթղթի ընդունմանը: Ազգային ժողովն արդէն ընդունել էր օրէնքը:
Սակայն Wikileaks-ի հրապարակած փաստաթուղթը վկայում է, որ Ֆրանսիայի նախագահական պալատի դիւանագիտական խորհրդական Ժան Դաւիդ Լեւիտը 2007թ. մայիսի 29-ին Անկարայում թուրք զրուցակցին ասել է. «Սարկոզին երաշխաւորում է, որ Հայոց Ցեղասպանութեան հերքման համար քրէական պատասխանատւութիւն սահմանող օրինագիծը կհանգի Ֆրանսիայի Սենատում»:
Մենք այժմ աւելի լաւ ենք հասկանում այդ մերժման քաղաքականութեան ամբարտաւանութիւնը, որն Անկարայի աջակցութեամբ տարածւում է ֆրանսիական կայքերում: Դա ցեղասպանութեան քաղաքական կողմն է, որը նոյն ցեղասպանութեան շարունակութիւնն է այլ միջոցներով: Դրա դէմ չեն պայքարի հասարակական կարգի համար պատասխանատուները, դա կարժանանայ Ֆրանսիայի նախագահի բարեացակամ չեզոքութեանը:
Ի՞նչ գին ունեն Ֆրանսիայի Հայ համայնքին Նիկոլա Սարկոզիի ասած գեղեցիկ խօսքերը, պատմութիւնից դաս քաղելու մասին հռետորութիւնը: Թուրքիայի ներսում ձեւաւորւում է հայերին ներողութիւն յայտնելու շարժում, իսկ Ֆրանսիան նման նւէր է անում Անկարային: Յետոյ պէտք չէ զարմանալ, որ թուրքական իշխանութիւնները, ժպտալով Արեւմուտքին, Իրանին ուրան առաքելու պայմանագիր են կնքում: Թուրքերը պայքարում են Գազայի հատւածի շրջափակման դէմ, սակայն արդէն 16 տարի շրջափակւած են պահում Հայաստանը: Թուրքերը Իսրայէլից թուրքական նաւատորմի ինը զոհերի համար ներողութիւն են պահանջում, սակայն երբէք մի խօսք չեն ասել 1915-ին զոհւած 1,5 միլիոն հայերի մասին:
Wikileaks-ում յայտնւել է նաեւ մէկ այլ դիւանագիտական ճեպագիր, որի համաձայն Ֆրանսիայի արտգործնախարարութեան բարձրաստիճան պաշտօնեայ Ռոլան Գալարագը պաշտպանութեան հարցերով ամերիկացի քարտուղար Վիլիամ Բերնսին ասել է, որ Ֆրանսիայում ուժեղ Հայ համայնքի առկայութիւնը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում խաղաղութիւն հաստատելու առաջարկներին:
Հարց է ծագում, թէ այդ ի՞նչ գեղեցիկ առաջարկներ ունի Ֆրանսիայի արտգործնախարարութիւնը, որ կարող է առաջացնել հայկական արմատներով ֆրանսիացիների դժգոհութիւնը: Ցաւօք, պանթուրքիզմի շահերի համար հայերին դաւաճանելու Ֆրանսիական Հանրապետութեան վաղեմի աւանդոյթը շարունակւում է: Մենք այստեղ չենք յիշատակի այդ վերաբերմունքի պատճառով զոհւածներին: Բայց ինչպէ՞ս մենք չզայրանանք, որ այսքան դժբախտութիւններից յետոյ այդ պրակտիկան դեռ ուժի մէջ է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: