Թուրքիայի ընդիմադիրները հայ-թուրքական «ճանապարհային քարտեզ»-ի շուրջ շահարկումներ են նախաձեռնել


12:47 / 29.08.2009

Քրդական հարցի կարգաւորման նպատակով 2007 եւ 2009 թւակականներին գրւած զեկոյցների հիման վրայ կազմւած «Ճանապարհային քարտեզի» հեղինակը, ըստ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան նախագահի տեղակալ Օնուր Օյմէնի, Atlantic Council-ի փորձագէտ Դեւիդ Ֆիլիպսն է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։
Ըստ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան նախագահի տեղակալ Օնուր Օյմէնի, Atlantic Council-ի փորձագէտ Դեւիդ Ֆիլիպսը ամերիկեան կառավարութեան աջակցութեամբ եղել է հայ-թուրքական յարաբերութիւնների հաշտեցման յանձնաժողովի նախագահը։
Օյմէնը նշել է, որ ճիշտ են այն հետեւութիւնները, թէ քրդական հարցի, թէ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման խնդրում Թուրքիան ենթարկւում է արտաքին ազդեցութիւններին եւ իշխանութիւնը՝ ի դէմս «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան, պարտւողական քաղաքականութիւն է վարում։
Օյմէնը յայտնել է, որ մինչ Թուրքիայի համար քրդական հարցի կարգաւորման նպատակով 2007 եւ 2009 թւականներին գրւած զեկոյցների հիման վրայ «Ճանապարհային քարտեզի» պատրաստմանը մասնակցելը եւ դրա համար Նորվեգիայի կառավարութիւնից աջակցութիւն ստանալը, American Atlantic Council-ի փորձագէտ Դեւիդ Ֆիլիպսը եղել է ամերիկեան աջակցութեամբ ու հայ եւ թուրք մասնագէտների մասնակցութեամբ կազմւած հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովի նախագահը։
Հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովի աշխատանքներից անհանգստացած՝այդ յանձնաժողովի երեք թուրք անդամները 2003 թւականին լքեցին յանձնաժողովը։ Մնացած անդամների մասնակցութեամբ կազմւեց «Ճանապարհային քարտեզ» եւ յանձնւեց հայկական եւ թուրքական իշխանութիւններին, որոնք դրա մանրամասները ժողովրդին չյայտնեցին։
Որոշ հայկական աղբիւրների համաձայն, կառավարութիւններին յղւած ճանապարհային քարտեզում խորհուրդ է տրւել բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց նախապայմանների։
Օյմէնը ասել է, որ ԱՄՆ նախագահ Օբամայի Թուրքիա այցելութեան ժամանակ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան որոշ պատգամաւորներ եւ իշխանամետ լրատւամիջոցները կողմ են եղել հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացմանը, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կոշտ արձագանքի պատճառով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան այցելեց եւ յայտարարեց, որ առանց ղարաբաղեան հարցը կարգաւորւելու հայ-թուրքական սահմանը չի բացւելու, եւ դրանից յետոյ կրկին որոշ արտաքին ուժեր ճնշում են գործադրում Թուրքիայի վրայ՝ բացելու հայ-թուրքական սահմանը։
NEWS.am-ը նշում է, որ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան նախագահի տեղակալ Օնուր Օյմէնը փորձում է այս տարի ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների յայտարարած ճանապարհային քարտեզը վերագրել դեռեւս 2001 թւականին ստեղծւած Հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովին։
Այդ յանձնաժողովի կազմում հայկական կողմից եղել են Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանեանը, արտակարգ եւ լիազօր դեսպան Դաւիթ Յովհաննիսեանը, քաղաքագէտ Անդրանիկ Միհրանեանը եւ այլն։ Դեւիդ Ֆիլիպսը 2001-2004թթ. եղել է Հայ-թուրքական հաշտեցման յանձնաժողովի նախագահը։

0 Պատգամ: